Շահումյանի բաց հանքը սյունեցիների գլխին պատուհաս է դառնալու. Եղիա Ներսեսյան

««Ավելի դժվար է հերոսավայել ապրել, քան զոհվել», Գ. Նժդեհի այս խոսքերը 2011 թ-ին, երբ ես ասացի Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին Քաջարան գյուղում, նա ինձ ասաց՝ շատ ես խոսում: Այսօր Սյունիքի մարզպետը ՆԱԽԿԻՆ մարզպետ է: Սյունաց հերոսներ, վստահեցնում եմ ձեզ, ովքեր կփորձեն Գ. Նժդեհի կամ մեր մյուս մեծերի անունը կեղծել և անտեսել նրանց պատգամը, նրանք դառնալու են նախկին, և ոչմիայն նախկին, այլև՝ թանգարանի արժեքներ, որպեսզի սերունդներին ցույց տանք, որ մեր ազգը նման տականքներ է ծնել»,- այսօր Կապանում կայացած Նախախորհրդարանի հանրահավաքի ժամանակ ասաց լուսանկարիչ Եղիա Ներսեսյանը:

Եղիա Ներսեսյանը նաև ասաց, որ հանրահավաքի է եկել հենց Արծվանիկի պոչամբարի մոտից. <<Երբեք չէի եղել պոչամբարի այն հատվածում, որտեղ 27 հաստ խողովակներով 24 ժամ անընդմեջ լցվում են այդ թունավոր թափոնները: Ես 20 րոպե կանգնել եմ այնտեղ, աչքերս մրմռում են, կոկորդս խզված է և գլուխս ցավում է>>,- ասաց Եղիան և իր զարմանքն արտահայտեց, թե ինչպես է դիմանում սյունաց ժողովուրդն այսքան տարիներ. <<… Որովհետև Լիսկանե՞ր կան, երբեք, ժողովուրդ»,-ասաց նա:

Եղիա Ներսեսյանը խոսեց նաև Շահումյանի բազմամետաղային հանքի բաց եղանակով շահագործման մասին: <<Ղափանցու առջև ծանրացած է մի մեծ խնդիր՝ Շահումյանը բաց հանքն են ուզում դարձնել: Դա ձեր գլխին ամենամեծ պատուհասն է լինելու, եթե ժողովուրդը ինքնակազմակերված չպայքարի Շահումյանի բաց հանքի դեմ: Գյուղացին դարձել է հանքափոր, քանի որ այլընտրանք չունի, քանի որ գիշատիչ պետությունը դա նրան ստիպեց, սակայն հայ ժողովուրդը և պատվավոր սյունեցին չի ծնվել, որ հանքափոր դառնա: Երբեք հանքափոր լինելը հպարտություն չի կարող լինել, քանի որ դուք վտանգում եք ձեր սերունդների ապագան և առողջությունը>>- ասաց Նախախորհրդարանի անդամը:

Եղիա Ներսեսյանը նաև հիշեցրեց, որ 33 մետաղական հանքի լիցենզիա ունի Սյունիքը: <<Յուրաքանչյուրդ եթե գծեք Սյունիքի քարտեզը և վրան նշեք գործող հանքերը և պոչամբարները, դրանց էլ փորձեք ավելացնել ևս 33 ծանր մետաղական հանքեր, հարց եք տալու՝ իսկ ես որտե՞ղ եմ ապրելու>>,- եզրափակեց բանախոսը և հորդորեց բաց չլինել օտարերկրյա <<բարերարների>> առաջ:

Ս. Աբրահամյան

Նյութի աղբյուրը՝ econews.am