«Թողեք մեռելը բնականոն ձեւով մահանա»

Հունիսի 15-ին Վանաձորում նախախորհրդարանի ներկայացուցիչները հանդիպում էին կազմակերպել համախոհների հետ, որի ընթացքում տեղի ունեցավ հարց ու պատասխան: Հանդիպման սկզբում ներկաներին ողջունեց Ժիրայր Սեֆիլյանը, եւս մեկ անգամ հիշեցնելով, որ նմանատիպ հանդիպումներ լինում են նաեւ սփյուռքում: «Ուրախ եմ, որ միասին ենք, հետաքրքրված էք այս ընթացքով, ես չեմ կասկածում՝ իրար ոգեւորելով, գնալու ենք առաջ».- նշեց Ժիրայր Սեֆիլյանը:

Նախախորհրդարանի անդամ Հարություն Մեսրոբյանը խոսեց հայաստանյան ներկա քաղաքական վիճակի մասին, ներկայացրեց կազմակերպության առաջիկա մի քանի քայլերի մասին. «Այս կուսակցապետական շղարշը արդեն գնում է: Այս կուսակցապետական համակարգը ցույց էր տալիս, որ առճակատում է լինում պետական կառավարման համակարգի հետ, նրանք ցույց էին տալիս, որ պայքարում էին սիստեմի դեմ, սիստեմի օրենքներով: Ընտրությունները կազմակերպում է իշխանությունը, հաշվում է իշխանությունը, հայտարարում է իշխանությունը: Նախախորհրդարանը առաջարկում է այլ բան, եւ առաջարկոիմ է հետեւյալ թեզը. «Թողեք մեռելը բնականոն ձեւով մահանա»: Մեր պետական համակարգը մահանում է, ինչու՞ է մահանում, որովհետեւ ինքը արդեն ի վիճակի չէ որեւէ մեծ թե փոքր մարտահրավեր առաջարկի, լուծում տա որեւէ խնդրի: Նախախորհրդարանը ասում է` թողնում ենք այս համակարգը եւ սկսում ենք ստեղծել այլ համակարգ, որը ինչ-որ պահից հետո կգա կփոխարինի հնին»:

Նշվեց, որ շարժման համար պետք է լինի երեք կարեւոր հատկություններ՝ ունակ եմ, կարող եմ, ուզում եմ:

Հանդիպման ընթացքում խոսվեց հետագա ծրագրերի մասին, որոնք ի վերջո կբերեն նոր պետության ստեղծման առաջին էտապին: Ըստ նախախորհրդարանի, գործող իշխանությունն այս ընթացքում կարող է դե յուրե մնա, իսկ իրենք դե ֆակտո կսկսեն իրենցը: Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ իրենք այս ռեժիմին չեն ասում «հեռացիր», որովհետեւ եթե այսօր նրանք հեռանան, Հայաստանը չունի փոխարինող: «Այդ պատճառով կարեւորվում է ստեղծել բջիջ, որի ընթացքում հայ ժողովրդի ներուժի հնարավոր մեկտեղում պետք է լինի, այնուհետեւ` ինչպիսի Հայաստան ենք մենք ուզում, մեր տեսլականը, որից հետո սերնդափոխություն պետք է տեղի ունենա քաղաքական դաշտում, խոսքը որակական սերնդափոխության մասին է»: Հանդիպման վերջում Ժիրայր Սեֆիրյանը նկատեց, որ այս ամենը կմնա օդի մեջ, եթե չունենանք նույն գաղափարը կրող մարդկանց հավաքական ամբողջություն:

Լուսինե Ավագյան

Աղբյուրը՝ www.asparez.am