«Կարծում եմ` կառավարությանը ձեռք չի տալիս կիրթ սերունդ ունենալը»

Այն, ինչ կատարվեց եւ կատարվում է Հայաստանի Հանրապետությունում վերջին ամիսներին, իսկապես մտահոգիչ է: Արտագաղթի ծավալների մեծացմանը եւ գազի թանկացմանը գումարվում է նաեւ էլեկտրաէներգիայի գնի թանկացումը, ջրի թանկացումն էլ չի ուշանա, իսկ բուհերում ուսման վճարներները բարձրանալու էն: Այս վիճակի մեջ միակ «լուսավոր» կետը համարվում է նվազագույն աշխատավարձի բարձրացումը: Այս թեմայով զրուցեցինք Վանաձորի «Ոսկե Միջին-հասարակական նախաձեռնությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Հովհաննես Ղազարյանի հետ:

-Պարոն Ղազարյան, ինչպե՞ս կգնահատեք իշխանությունների այս քայլը, դրական փոփոխություններ կլինե՞ն:

-Վերջին շրջանում պարբերաբար թմբկահարվում է նվազագույն աշխատավարձի բարձրացումը: Իշխանական մամուլի կողմից այն ներկայացվում է արդեն սկսված ու սպասվող գնաճի հետեւանքները իբրեւ մեղմացնող միջոցներից մեկը: Երկրում, իհարկե, կան նվազագույն աշխատավարձով աշխատող մարդիկ, բայց բնակչության քանի՞ տոկոսն են կազմում նրանք: Պարզ դիտարկումն անգամ փաստում է, որ այս միջոցը մեծ հաշվով բնակչության համար եղանակ չի փոխելու: Պաշտոնական թվերով 30, իսկ ոչ պաշտոնականով 50-60% գործազրկության պարագայում, մեղմ ասած, ծիծաղելի է դա դիտարկել որպես գնաճի դեմ կատարվող քայլ, իսկ եթե գործազուրկների թվին գումարենք աշխատանքային տարիքի չհասած անչափահասներին ու թոշակառուներին, ավելացնենք նաեւ այն աշխատողներին, որոնց աշխատավարձը ներկա պահին կազմում է 45-50.000 եւ ավելի դրամ, որոնց փաստորեն չի վերաբերվելու սպասվող բարձրացումը, արդյունքում կունենանք իրական գաղջ պատկեր: Ի՞նչ եւ ինչո՞վ է մտածում իրեն իշխանություն համարող զանգվածը, մնում է անհասկանալի:

-Պարոն Ղազարյան, իսկ հնարավո՞ր է, որ աշխատավարձերի բարձրացնելու այս ներկայացումը ինչ-որ կապ ունենա գազի գնի թանկացման հետ:

-Ամենաուղղակի կապ ունի հենց գազի ու դրա հետեւանքով սկսված մյուս ապրանքատեսակների թանկացման հետ: Իրեն իշխանություն երեւակայող զանգվածը իբրեւ թե փորձում է մեղմացնել գնաճի հետեւանքները, սակայն դա նույնն է, եթե փոքրիկ առուն համեմատենք ջրառատ գետի հետ: Իրականությունն այն է, որ եթե նույնիսկ սրտանց ցանկանան, իշխանությունները այլեւս չեն կարող շտկել իրավիճակը: Սա նման է սարի լանջով գլորվող գնդակի՝ այն իջնելու է մինչեւ ստորոտ: Գնդակը գլորողը այլեւս չի կարող այն կանգնեցնել, քանի որ ինքը գտնվում է գագաթին: Շարունակության մեջ ականատեսն ենք լինելու հանրության անընդհատ ահագնացող ընդվզումներին:

-Ի՞նչ կասեք ուսման վճարների բարձրացման մասին:

-Ուսման վճարների ավելացումը` մասնավորի դեպքում, կարող ենք կապել ընդհանուր թանկացումների հետ, ինչքան շատ` այնքան լավ տրամաբանությամբ, այսինքն` ագահության դրսեւորում է: Խելամիտ բացատրություն չեմ կարող գտնել, առանց այդ էլ առկա սոցիալ-տնտեսական պայմաններում բարձրագույն կրթությունն արդեն իսկ թանկ հաճույք էր շարքային քաղաքացու երեխայի համար: Հիմա այն ավելի անհասանելի կդառնա:

-Բայց այդ դեպքում կունենանք ցավալի պատկեր, կստացվի այնպես, որ ցանկացած բնագավառում մասնագետների քաղց կառաջանա:

-Կարծում եմ կառավարությանը ձեռք չի տալիս կիրթ սերունդ ունենալը, չէ՞ որ ինտելեկտուալ զարգացած ու կիրթ անհատը չի հանդուրժում իր արժանապատվության նկատմամբ ոտնձգությունը:

Տիգրան Սիմոնյան

Աղբյուրը՝ www.asparez.am

 

Share Button