Անձնական հակառակորդ չունի

Մայիսի 17-ին Ազատության հրապարակում սպառնալիքների մասին հանրությանն իրազեկելուց հետո մինչ օրս Ժիրայր Սեֆիլյանին ուղղված նոր սպառնալիք չի եղել: Այս մասին մեզ հայտնեց Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Ժիրայր Սեֆիլյանը, ում հանդեպ, հիշեցնենք, վերջերս կյանքի դեմ անուղղակի սպառնալիքներ են հնչել: Նրա խոսքերով, սպառնալիքները համընկան Նախախորհրդարանի գործունեության ակտիվացման, մասնավորապես` նրա հրապարակ իջնելու ժամանակահատվածի հետ եւ ամենայն հավանականությամբ պատճառն իրենց ակտիվանալն էր: «Ես անձնական գործերով չեմ զբաղվում եւ, առավել եւս անձնական հակառակորդներ չունեմ, ուստի վարչախմբի հետ կապված վարկածը մնում է որպես միակ հնարավոր տարբերակ»,-ասաց նա: Իսկ ինչ վերաբերում է նախօրեին իրեն ոստիկանություն հրավիրելուն, նա նշեց, որ բնականաբար չի գնացել եւ չգնալու պատճառն այն է, որ հրավերը եղել է անօրինական: «Առհասարակ մենք ձգտում ենք հնարավորինս նվազագույնի հասցնել հանցավոր համակարգի հետ առնչությունները: Իսկ եթե դա անհնար է, նրան վերաբերում ենք որպես Հայաստանում օտարի դրածո ներքին կառավարման գործիքի»,-ասաց Ժիրար Սեֆիլյանը: Նշենք, որ Նախախորհրդարանը հաղորդագրություն է տարածել, որ հունիսի 14-ին, ժամը 19:00-ին հրավիրում է Երեւանի Ազատության հրապարակ՝ հերթական երկշաբաթյա քննարկման, որի ընթացքում Նախախորհրդարանի անդամները ներկայացնելու են ժողովրդի կազմակերպման միջոցով Հայաստանի ազատագրման եւ նոր որակի պետության ձեւավորման համազգային պայքարի գործընթացը, ինչպես նաև մասնակիցների հետ քննարկելու են օրվա հրատապ թեմաները եւ առաջիկա անելիքները:

Աղբյուրը՝ www.armtimes.com