Ժիրայր Սեֆիլյանին հրավիրել են ոստիկանություն

ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ հետաքննիչ Լ. Կարապետյանը 2013 թ. հունիսի 8-ի ելից համարով ծանուցում է ուղարկել Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ժ. Սէֆիլյանին: Ավագ հետաքննիչ Լ. Կարապետյանը ծանուցման մեջ նշել է, որ Ժիրայր Սէֆիլյանին սպանելու սպառնալիքի վերաբերյալ լրատվամիջոցներով տարածված հաղորդումների կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր և իր ձևակերպմամբ`«անհրաժեշտությունից ելնելով` բացատրություն տալու համար» Ժիրայր Սէֆիլյանին 2013 թ. հունիսի 11-ին, ժամը 11-ին հրավիրել է Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունք: Հրավերի մասին նշելուց հետո ավագ հետաքննիչ Լ. Կարապետյանը ծանուցումը եզրափակում է հետևյալ կերպ. «Հայտնում եմ, որ նշանակված ժամկետին ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների առկայության մասին, Դուք պարտավոր եք նախապես տեղեկացնել»:

Ավագ հետաքննիչ Լ. Կարապետյանի` բացատրություն տալու համար ոստիկանություն հրավիրելու վերաբերյալ ծանուցում ուղարկելը և ոստիկանություն ներկայանալուն խոչընդոտող հարգելի պահանջների մասին նախապես տեղեկացնելը որպես անձի պարտականություն ներկայացնելու պահանջն օրենքով սահմանված գործողություններ չեն: Բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի իմպերատիվ նորմի պահանջի համաձայն` «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով», իսկ 83.5-րդ հոդվածի իմպերատիվ նորմերի պահանջների համաձայն` «Բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում`… 2) ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները …»:

Այսպիսով` ավագ հետաքննիչ Լ. Կարապետյանը դիտավորությամբ կատարելով այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից, անցել է իր պաշտոնեական լիազորությունները: Միևնույն ժամանակ` ավագ հետաքննիչ Լ. Կարապետյանի արարքը որպես ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի նորմով նախատեսված հանցագործություն որակելու համար առկա չէ նույն նորմով սահմանված մյուս պարտադիր պայմանը` այդ գործողությունների հետևանքով էական վնասի պատճառումը: Ուստի ավագ հետաքննիչ Լ. Կարապետյանը սահմանված կարգով ենթակա է կարգապահական պատասխանատվության:

Նախախորհրդարանի քարտուղարություն

Share Button