«Գազպրոմի» առաջարկած գազի գինը վաղուց շուկայական չէ, քաղաքական է»

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն օրերս հաստատեց բնակչության համար գազի նոր սակագինը` 156 դրամ յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց` ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցողների համար: Սահմանին գազի սակագինը, համաձայն «Հայռուսգազարդի» ներկայացրած հայտի, լինելու է 270 դոլար, որի 30 %-ը սուբսիդավորելու է կառավարությունը: Այսինքն` հուլիսի 1-ից բնակչության համար գազը կթանկանա մոտ 18 %-ով: Գազի թանկացումից հետո գազի սպառման ծավալների հնարավոր նվազեցման շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց կառավարման փորձագետ, տնտեսական գիտությունների թեկնածու Հարություն Մեսրոբյանի հետ:

– Պարոն Մեսրոբյան, ընդունված է համարել, որ գազի սպառման ծավալների վրա ազդող առաջին գործոնը գազի գնի բարձրացումն է: Սա փաստորեն բազմաթիվ գործոններից ամենանշանակալին է: Մոտավոր հաշվարկներով` գազի նման թանկացումը որքանո՞վ կազդի գազի սպառման ծավալների վրա:

– Ես այն համոզմանն եմ, որ գազի սպառումը սկսեց նշանակալիորեն նվազել այն ժամանակ, երբ դադարեց գործել «Նաիրիտ» գործարանը, որովհետև գործարանը շատ բնական գազ էր օգտագործում, բայց ոչ թե որպես վառելիք, այլ որպես հումք: Գործարանի աշխատանքի դադարեցումը բավականին զգալի` տասը տոկոսանոց անկում էր՝ գազի ծավալների տեսանկյունից: Այլ գործոնների մասին ևս կցանկանայի խոսել: Շատ կարևոր ցուցանիշն արտագաղթն է, բնականաբար՝ արտագաղթն ավելանում է, դա բերում է նրան, որ սպառողների թիվը պակասում է, և երրորդ գործոնը՝ գների թակացումն է: Այսինքն` սրանք են այն մի քանի կարևոր գործոնները, որոնց արդյունքում սպառումը նվազում է: Ես ճշգրիտ հաշվարկներ չեմ իրականացրել, դա շատ բարդ է հաշվել արտագաղթի պայմաններում: Էլ չեմ ասում, որ որպես գործոն՝ կարող է դիտարկվել գազի որակի վատթարացումը, էներգոտարողության պակասը ևս:

– Իսկ դա՞ ինչի է հանգեցնում:

– Այս ամենը հանգեցնում է նրան, որ Հայաստանի գոնե մի շարք գյուղերում նորից անցել են դասական վառելանյութի` փայտի:

– Գազի գնի թանկացման դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնության անդամներից ոմանք գտնում են, որ այս թանկացման գլխավոր շահագրգիռ կողմը հայկականն է, մյուս մասը գտնում է, որ՝ ռուսականը: Դուք ինչպե՞ս եք հակված մտածել:

– Ես շատ զարմացա, որ քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչներին չեն տրամադրում գործարքի փաստաթղթերը: Չէ՞ որ գազը զանգվածային սպառման ապրանք է: Ի՞նչ է նշանակում առտևտրական գաղտնիք է: Մենաշնորհի կարգավիճակով բիզնես են անում ողջ բնակչության հաշվին: Ի՞նչ գնով է այն հասնում մատակարարներին: «Հայռուսգազարդի» մեկ կողմն էլ հայկական կողմն է, հետևապես՝ օրինակ ինձ հետաքրքրում է գազի գնի բարձրացման մասին քննարկումների ժամանակ հայկական կողմն ինչպես է քվեարկել: Այդպես կողմ քաշված ասում են, թե ՌԴ-ն այս է անում, այն է անում, բայց եթե դու մասնաբաժին ունես, ապա մասնակցում ես քվեարկությանը, կարևոր չէ, թե այդ մասնաբաժինն ազդեցիկ է, թե ոչ: Ինչպե՞ս ես դու քվեարկել՝ այս հարցն է ամենահետաքրքիրը:

– Այսինքն` ամեն դեպքում կասկածնե՞ր ունեք հայկական կողմի վերաբերյալ:

– Ես տրամաբանում եմ, որ եթե մեր պետությունը մտածում է մեր մասին, ուրեմն դեմ պետք է քվեարկեին: Ինչո՞ւ նման ինֆորմացիա չկա: Սա է գլխավորն այսօր: «Գազպրոմի» մոնոպոլ դիրքերն աշխարհում թուլանում են, առավել ևս, որ վերջին երկու տարվա ընթացքում «Գազպրոմն» էժանացնում է կամաց-կամաց վաճառվող գինը, իսկ Եվրոպական երկրների համար առավել ևս, որ շերտավոր գազն է շրջանառության մեջ մտել: Դա է խփում բնական գազի սպառման քանակին, և «Գազպրոմն» ունենում է լուրջ խնդիրներ: Հետևապես, միակ բանը, որ փրկեց «Գազպրոմին» Եվրոպայում ցուրտ գարունն էր, և Եվրոպան ավելցուկային գազ սպառեց։ Մնացած բևեռներում «Գազպրոմն» ունի լուրջ խնդիրներ, և արդեն սա ոչ միայն Հայաստանի, այլ գազի քաղաքականության հետ կապված խնդիր է: Եթե իշխանություններին հայտնի չէ, ես եմ իրենց հայտնում, որ գազի գինն աշխարհում ընդհանուր առմամբ ընկնում է, որ «Գազպրոմն» ունի լուրջ խնդիրներ սպառման իմաստով և այլն: Ցանկացած լուրջ պետության լուրջ իշխանությունը պարտավոր է պետականամետ, հայամետ և հայակենտրոն քաղաքականություն վարել: Ոչ մեկն եմ տեսնում, ոչ էլ` մյուսը:

– Պարոն Մեսրոբյան, շատ վարկածներ կան: Իսկ ըստ Ձեզ՝ «Գազպրոմն» ինչո՞ւ է Հայաստանի համար գազի գինը բարձրացնում:

– Պետական պաշտոնյաները երկու ամիս է ռուսական կողմի փաստաբան են աշխատում: Բացատրում են,թե խեղճ ռուսներն ինչու են գները բարձրացնում: Իսկ իրականում, «Գազպրոմը» ռուսների կողմից օգտագործվում է, որպես մահակ, որի միջոցով Ռուսաստանը լուծում է տարբեր արտաքին քաղաքական հարցեր: Ուստի «Գազպրոմի» հետ կապված շուկայական գին փնտրել պետք չէ: «Գազպրոմի» առաջարկած գազի գինը վաղուց շուկայական չէ: Դա մահակ է այս կամ այն պետության նկատմամբ ճնշումներ իրականացնելու համար:

Նյութի աղբյուրը՝ www.1in.am

Share Button