«Դուրս ենք եկել, որ մարդկանց մեջ չոչնչանա հույսը». Երթ Արաբկիրում

Այսօր Արաբկիր համայնքում «Նախախորհրդարանի» անդամները տեղեկատվական երթ անցկացրին՝ անցորդներին հրավիրելով վաղը Արաբկիրում իրենց նախատեսած հանդիպմանը:

«Մենք շարունակում ենք պայքարը, մենք ներկայացնում ենք գործողությունների ծրագիր…հասել է ազգային ազատագրական պայքարի ժամը»,- հայտարարում էին անդամները ու տեղեկատվական թռուցիկներ բաժանում անցորդներին:

«Սկսել ենք գործել ամենածանր պահին, երբ երկրում վստահություն ընդհանրապես չկա: Վերջին կեղծված ընտրություններն ու դրա տրագիկոմիկ վախճանը մարդկանց շատ ծանր հարված հասցրեց: Դուրս ենք եկել, որ մարդկանց մեջ չոչնչանա հույսը սեփական ուժերի նկատմամբ: Մեր ռեսուրսը քաղաքացիներն են: Մենք կուսակցություն չենք եւ պաշտպանում ենք մեր երեխաներին, մեր տունը: Քաղաքական կարիերայի խնդիր չունենք: Բոլորովին այլ նպատակներ ունենք, ոչ թե  հույսեր՝ մտնել հերթական մի կուսակցություն, ատյան, կերակրատաշտի մոտ լինել: Եթե կարողանանք ժողովրդին համոզել, ուրեմն կհաղթենք: Վախենում եմ, որ վերջին խրամատն ենք, որովհետեւ մեզնից հետո գալիս է սերունդ, որը չունի հաղթելու փորձը»,- Aravot.am-ին ասաց  «Նախախորհրդարանի» անդամ Տիգրան Խզմալյանը:

Նրա խոսքերով՝ արդեն քսան տարի շարունակ կուսակցությունները հանցավոր համակարգի մասն են, անգամ ընդդիմադիրները օրինականացնում են հանցավոր ռեժիմը. «Օկուպացված երկրում, ինչպիսին մերն է,  ընդդիմություն չի կարող լինել, կարող է լինել միայն դիմադրություն: Ժողովուրդը դիմակայում է, մենք փորձում ենք  համոզել, որ դիմակայությունից պետք է անցնեն դիմադրության»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Աղբյուրը՝ www.aravot.am

Share Button