Նախախորհրդարանն այցելել է Բուդաղյան ընտանիքին եւ զրուցել է կրտսեր եղբոր հետ

Նախախորհրդարանի անդամները այսօր եղել են Գորիսում, նրանք այցելել են նաեւ Սյունիքի նախկին մարզպետՍուրեն Խաչատրյանի տան դիմաց օրեր առաջ տեղի ունեցած կրակոցների հետեւանքով տուժած Բուդաղյան եղբայրների հարազատներին: Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցեց Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի և Նախախորհրդարանի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Տիգրան Խզմալյանը պատմեց, որ Նախախորհրդարանը ավելի վաղ էր պլանավորել այցելել Կապան, սակայն դեպքերը այնպես դասավորվեցին, որ նրանք պարզապես իրենց պարտքը համարեցին անցնել Գորիսով եւ անպայման այցելել Բուդաղյան ընտանիքին: Տիգրան Խզմալյանն ասաց, որ հանդիպել ու զրուցել են Բուդաղյանների կրտսեր եղբոր հետ, ով Ռուսաստանում հայտնի գործարար է եւ ողբերգական դեպքերից հետո վերադարձել է Գորիս՝ ընտանիքի եւ հարազատների կողքին գտնվելու համար: Նշենք, որ մի քանի լրատվամիջոցներ հրապարակել էին, որ Բուդաղյանների կրտսեր եղբայրը վերադարձել է` վրեժխնդիր լինելու Ավետիք Բուդաղյանին սպանելու համար, եւ որ նրան օդանավակայանում դիմավորել է անձամբ ՀՀ ոստիկանապետը եւ հորդորել հեռու կանգնել վրեժի մտադրությունից: Տիգրան Խզմալյանին հարցրեցինք, թե ինչ էր խոսում ու մտածում Բուդաղյանների կրտսեր եղբայրը: Կինոռեժիսորը ասաց, որ հարկ չի համարում եւ կոռեկտ չէ, որ այդ մասին ինքը բարձրաձայնի: «Մենք ուղղակի նրան զորակցություն հայտնեցինք եւ ասացինք, որ վստահ ենք, որ դա միայն իր ցավը չէ, եւ բազմաթիվ մարդիկ կիսում են նրա ցավը եւ այն, որ եթե ձեռք են բարձրացնում, զենք են բարձրացնում բանակի սպայի վրա, դա մեր ընդհանուր ցավն է: Արտակի առողջության մասին նրանք գիտեն այն, ինչ որ մենք գիտենք, ասացին, որ կամաց-կամաց ապաքինվում է, իսկ նրանք ընդհանրապես խիստ ընկճված էին, հարցեր չտվեցինք»: Տիգրան Խզմալյանին հարցրեցինք նաեւ, թե Բուդաղյանները տեղյա՞կ են, որ համացանցում տարածել են դեպքի տեսագրությունը եւ ի՞նչ են մտածում այդ մասին: «Եղբայրը ինքն ասաց, որ տեսել է համացանցում, հետո ասաց նաեւ, որ իրեն պատմել են օրիգինալը, մենք նույնիսկ չփորձեցինք ճշտել՝ կա՞ր արդյոք տարբերություն օրիգինալի եւ այն տեսանյութի միջև, որ համացանցում է, եւ բոլորս ենք տեսել»: Հավելենք, որ Գորիսում սպանված Ավետիք Բուդաղյանին հուղարկավորել են նախօրեին: Քրիստինա Մկրտչյան Աղբյուրը՝ www.galatv.am