Պետական կառավարման համաշխարհային ճգնաժամը և Հայաստանը

Հարություն Մեսրոբյան
տ.գ.թ., կառավարման փորձագետ

Սույն աշխատության նպատակն է հիմնավորել Նոր հայկական պետության (ներառյալ՝ Արցախը) ստեղծման խիստ անհրաժեշտությունը, ինչպես նաև ներկայացնել պետական կառավարման նոր համակարգի ուրվագիծը և կառավարման սկզբունքները:

Ներածական

Վերջին տասնամյակների ընթացքում, առավել ևս՝ արդեն 5 տարուց ավել տևող համաշխարհային ճգնաժամի օրոք, էլ ավելի տեսանելի է դառնում աշխարհում գործող պետական կառավարման տարբեր տեսակ համակարգերի անարդյունավետությունը՝ բացառությամբ, որոշ չափով, 10-15 պետությունների: Հետաքրքրական է, որ այս բացառությունների շարքում գրեթե չկան, այսպես կոչված, զարգացած պետությունները: Ավելին, պետական կառավարման համաշխարհային ճգնաժամը, որպես կանոն, ավելի ցայտուն է դրսևորվում հենց այդ պետություններում, ինչպես նաև այնտեղ, որտեղ հլու-հնազանդ հետևում են «քաղաքակիրթ աշխարհին»:

Ընդհանրապես, ճգնաժամի առկայությունը դեռ չի բնութագրում որևէ կառավարման համակարգի որակը: Կառավարման համակարգի որակը որոշվում է այն հանգամանքով, թե՛ ինչպես է համակարգն իրեն պահում ճգնաժամի ընթացքում և թե՛ ինչ հետագծով է այն դուրս գալիս ճգնաժամից: Եթե ճգնաժամի ընթացքում կառավարման համակարգն իր ռազմավարական ու մարտավարական արձագանքներով նպաստում է ճգնաժամի երկարաձգմանը և խորացմանը, իսկ ճգնաժամի ավարտից որոշ ժամանակ անց սկսվում է նոր անկում, ապա համակարգն անորակ է:

Մյուս կողմից, ճգնաժամը շատ օգտակար է որակյալ կառավարման համակարգերի համար, քանի որ նպաստում է այդ համակարգերի մոբիլիզացմանը և լրացուցիչ որակյալ հատկանիշների ձեռքբերմանը: Այս իմաստով, զարմանալի չէ, որ Արևելքի մի քանի ազգերի մոտ «ճգնաժամ» եզրը նշանակում է նաև «բարենպաստ հնարավորություն»:

Ազդեցության գործոններ

Արդի պետական կառավարման մոդելները ձևավորվել և ձևավորվում են, հիմնականում, հետևյալ 3 գործոնների ազդեցության ներքո:

ա/ Անգլոսաքսոնական պետական կառավարման համակարգ

Անգլոսաքսոնական պետական կառավարման համակարգի ներքո, արդեն միջնադարում (1265թ.), ստեղծվեց և դարերի ընթացքում հզորացավ Խորհրդարանի, այսինքն՝ ներկայացուցչական կառավարման համակարգի դերն ու նշանակությունը: Շարժառիթը բավականին պարզ էր՝ ներգրավվել սկզբից ազնվականներին, իսկ հետո՝ այլ խավերին պետության կառավարման գործընթացին: Կարևոր է նշել, որ այն ժամանակներից ի վեր Անգլիայում Խորհդարանի ազդեցությունն ընդլայնվում էր ի հաշիվ միապետության: Զուգահեռ ընդլայնվում էին նաև գործադիր մարմնի (Վարչապետի և Կառավարության) լիազորությունները՝ նույնպես ի հաշիվ միապետության: Ներկայումս, Թագավորական ընտանիքը պետության մեջ այլևս զրկված է ռազմավարական դերակատարությունից:

Զարմանալի չէ, որ հենց Մեծ Բրիտանիայում բոլորից շուտ ձևավորվեցին կուսակցությունները, որոնցից մի քանիսը համարվեցին դասական, համաձայն հետևյալ 3 բնութագրիչների՝

– հստակ ձևավորված խավերին բնորոշ շահերի ներկայացում և պաշտպանում.

– ծրագրային դրույթների առկայություն և դրանց հետևողական հետապնդում.

– պրոֆեսիոնալ գործադիր իշխանության ձևավորման օպերատիվ ունակություն՝ սեփական ստվերային կառավարության կազմավորման միջոցով:

Հաշվի առնելով, որ Բրիտանական Կայսրությունն արագ ընդլայնվում էր (առավելագույն ցուցանիշները գրանցվել էին 1930-ական թվականներին. տարածք՝ 41,2 մլն. քառ. կմ, բնակչություն՝ 480 մլն. մարդ, ինչը կազմում էր Երկրագնդի տարածքի և բնակչության շուրջ 25%-ը), անհրաժեշտություն առաջացավ բարձրացնել կառավարման օպերատիվությունը: Հետևանքը եղավ այն, որ ուժգնացավ պայքարն օրենսդիր և գործադիր մարմինների միջև՝ պետության կառավարման ոլորտում ազդեցության ընդլայնման հարցում:

Հարկ է նշել, որ անգլոսաքսոնական կառավարման մոդելը ենթադրում է պետական և ազգային ավանդույթների, հնարավորինս, պահպանում` դրանք դիտարկելով պետության հիմքերի անսասանության երաշխիքներից մեկը: Նման մոտեցման ապացույցներից է հանդիսանում Խորհրդարանի կառուցվածքը: Մեծ Բրիտանիայի Խորհրդարանը բաղկացած է Լորդերի և Համայնքների, համապասխանաբար՝ վերին և ստորին Պալատներից: Վերին պալատը ներկայացված է հոգևոր և աշխարհիկ լորդերով, որոնք չեն ընտրվում և ունեն շատ սահմանափակ իրավունքներ:

Անգլոսաքսոնական պետական կառավարման համակարգը, որոշակի ձևափոխություններով, կիրառվում է Բրիտանական Համագործակցության կազմի մեջ մտնող պետություններում:

Ամփոփում. Պետական կառավարման արդի համակարգն իր մեջ պետք է համադրի (սինթեզի) թե՛ նորարական և թե՛ ավանդական հաջողակ տարրերը և ենթամոդելները:

Եզրակացություն. Նոր հայկական պետության (ներառյալ՝ Արցախը) պետական կառավարման համակարգը պետք է նաև համահունչ լինի տվյալ պետության անվանակիր ազգի հաջողակ ավանդույթներին:

բ/ Ֆրանսիական հեղափոխություն

Ֆրանսիայի խորհրդարանը ստեղծվել էր քիչ ուշ (1302թ.) և մինչև ֆրանսիական հեղափոխությունը (1789թ.) պետության կառավարման ոլորտում որևէ լուրջ դերակատարություն չի ունեցել:

Հետաքրքրական է, որ ֆրանսիական հեղափոխությունից ի վեր նույն Ֆրանսիաում պատմական իրադարձություններն ավելի քան 2 դար օգտագործվում են սեփական պետական կառավարման համակարգում սկզբունքային փոփոխություններ իրականացնելու համար, մասնավորապես՝

– 1-ին Հանրապետություն (1792-1804թթ.). շատ կարճ ժամանակահատվածում ընդունվեց 2 Սահմանադրություն (1793 և 1795թթ.), որտեղ ամրագրվեցին ժողովրդի ինքնիշխան իրավունքները պետական կառավարման համակարգում՝ ի դեմս ֆրանսիական քաղաքացիների, ընդհուպ՝ մինչև նոր ձևավորված տեղական ինքնակառավարման մարմինները.

– 2-րդ Հանրապետություն (1848-1852թթ.). Ժամանակավոր Կառավարության կողմից բոլոր քաղաքացիները ստացան ձայնի իրավունք և բոլոր ֆրանսիական գաղութներում վերացվեց ստրկատիրությունը, իսկ Հիմնադիր Ժողովին տրված էր նոր Սահմանադրության (1848թ.) մշակելու իրավունքը, որտեղ և ամրագրվեց հանրապետական կառավարման մոդելը, ինչից հետո համաժողովրդական ուղղակի քվեարկությամբ ընտրվեցին Ազգային Ժողովը (օրենսդիր մարմին) և Նախագահը (գործադիր մարմին).

– 3-րդ Հանրապետություն (1870-1940թթ.). ընդունվեց նոր Սահմանադրություն (1875թ.), որտեղ ընդլայնվեց Ազգային Ժողովի կողմից առանց ժողովրդի մասնակցության որոշումների կայացման տիրույթը, ընդհուպ՝ մինչև Նախագահի ընտրությունը.

– 4-րդ Հանրապետություն (1946-1958թթ.). ընդունվեց նոր Սահմանադրություն (1946թ.), որը բավականին նման էր 3-րդ Հանրապետության Սահմանադրությանը և որտեղ ամրագրվեց խորհրդարանական կարգը՝ թույլ արտահայտված նախագահական իրավունքներով.

– 5-րդ Հանրապետություն (1958թ.-ցայսօր). ընդունվեց նոր Սահմանադրություն (1958թ.), որտեղ ամրագրվեց նախագահական իշխանության ուժեղացումն ի հաշիվ խորհրդարանականի, ընդվորում՝ Նախագահն ընտրվում է համաժողովրդական ուղղակի քվեարկությամբ:

Ֆրանսիական հեղափոխությունը զգալի ազդեցություն ունեցավ մի շարք եվրոպական պետությունների պետական կառավարման համակարգերի վրա, ինչպես նաև ԱՄՆ-ի:

Ամփոփում. Պետական կառավարման թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական և թե՛ դրանցից տարբեր կերպ համադրված (սինթեզված) մոդելները, ի վերջո, ոչ արդյունավետ լինելու պատճառով, պարբերաբար փոխարինում են իրար:

Եզրակացություն. Նոր հայկական պետության (ներառյալ՝ Արցախը) համար լուծումներն անհրաժեշտ է փնտրել պետական կառավարման խորհրդարանական, նախագահական և դրանցից տարբեր կերպ համադրված (սինթեզացված) մոդելների շրջանակից դուրս:

գ/ Համաշխարհային կառույցներ

Համաշխարհային կառույցներից դիտարկելու ենք Արժութային Միջազգային Հիմնադրամը (ԱՄՀ) և Համաշխարհային Բանկը (ՀԲ), որոնք ստեղծվել են 1945թ.-ին (նստավայր՝ ք.Վաշինգտոն, ԱՄՆ), ընդվորում՝ դիտարկվելու են ոչ թե՛ դրանց պաշտոնապես հայտարարված նպատակները, այլ՝ գործունեության իրական թիրախների մի մասը: Նշենք նաև, որ ԽՍՀՄ-ի և սոցիալիստական ճամբարի փլուզումից անմիջապես հետո այս կառույցների դերն ու նշանակությունն ամբողջ աշխարհում կտրուկ աճեց:

Թե՛ ԱՄՀ-ն և թե՛ ՀԲ-ն պարբերաբար քննադատվում են այն բանի համար, որ նրանց ներգրավվածությունն այս կամ այն պետության զարգացման գործում չի բերում որակական արդյունքների: Ավելին՝ նշված համաշխարհային կառույցների գործունեությունը, հաճախ, նպաստում է պետությունների հետընթացին: Իսկ երբ այդ կառույցները չզգուշացրեցին վերջին համաշխարհային ճգնաժամի գալու մասին (այդ թվում՝ եվրոգոտու), քննադատությունը նրանց հասցեին կտրուկ ավելացավ:

Այստեղ հնարավոր է 2 տարբերակ՝ կամ ԱՄՀ-ն և ՀԲ-ն, իրոք, ոչ պրոֆեսիոնալ են (ինչի համար նույնպես քննադատվում են), կամ նրանք հետապնդում են այլ նպատակներ, որոնք չեն բարձրաձայնվում:

Այդ կառույցները, իրականության մեջ, «3-րդ կարգի» պետությունների նկատմամբ, փաստացի, կիրառում են հետևայլ 3 պատճառահետևանքային գործելաոճային փուլերը՝

1. «ազատ շուկայի» վայրի կանոնների պարտադրանք.

2. իրական տնտեսության (առավել ևս՝ ռազմավարական ոլորտների) ֆինանսավորումից խուսափում.

3. պետական կառավարման, այսպես կոչված, կառուցվածքային բարեփոխումների ֆինանսավորում:

Դիտարկենք նշված մոտեցումները կառավարման տեսանկյունից:

1-ին փուլի իրական նպատակն է թուլացնել պետության ներքին տնտեսական հիմքերը, քանի որ, կիրառելով «ազատ շուկայի» գաղափարի վայրի տարբերակը, հեշտացվում է ռազմավարական ոլորտների (այդ թվում՝ ընդերքի) և ձեռնարկությունների բռնազավթումը դրսից, ինչպես նաև դրանց մի մասի անխնա շահագործումը կամ փակումը: Իսկ, որպեսզի 3-րդ կարգի պետություններն ընդունեն նման խաղի կանոնները, «ազատ շուկայի» վայրի տարբերակի կիրառումը կապվում է ապագա ֆինանսավորման հետ:

2-րդ փուլի իրական նպատակն է ֆինանսական կախվածության միջոցով ապահովել տվյալ պետության կառավարելիությունն արտաքին ուժերի համար: Կառավարման իմաստով ակնհայտ է, որ եթե ԱՄՀ-ի և ՀԲ-ի կողմից, հիմնականում, ֆինանսավորվեր պետության իրական տնտեսությունը, ապա, ինքնաբերաբար, հնարավոր կլիներ ձևավորել վարկերի մարման աղբյուրները: Իսկ դա նշանակում է, որ վարկ վերցրած պետությունը նվազեցնում է իր ֆինանսական և, որպես հետևանք, ընդհանուր կախվածությունը վարկ տվողից (տվյալ դեպքում՝ ԱՄՀ-ից և ՀԲ-ից): Ավելին, ֆինանսավորելով տարատեսակ «կառուցվածքային բարեփոխումների» ծրագրերը, նրանք ուղղակի միջամտում են ինքնիշխան պետությունների կառավարմանը:

3-րդ փուլի իրական նպատակն է նպաստել պետական կառավարման համակարգի և կադրային քաղաքականության ոչ բարենպաստ տարբերակների կիրառմանը: Այս փուլում, փաստորեն, տվյալ պետության իշխանությունները վեր են ածվում դրսի ուժերի կողմից «նշանակված» վարչախմբի: Ահա թե՛ ինչու, հերթական «ընտրությունները» ամեն անգամ «միջազգային դիտորդների» կողմից հավուր պատշաճի չեն որակավորվում: Այսպիսով, պետությունները, փաստորեն, գաղութացվում են նոր եղանակներով: Այսինքն, ամբողջ աշխարհում կառուցվել է նոր գաղութացված պետությունների ցանցը, դրանով իսկ զգալի բարձրացնելով աշխարհի կառավարելիության աստիճանը:

Նշված գործելաոճային փուլերի ռազմավարությունը հնարավոր է իրականացնել միայն այն դեպքում, երբ տվյալ պետության կառավարող «վերնախավը», ըստ էության, հեռու է պետականաստեղծ և պետականակետրոն մոտեցումներից: Բնական է ենթադրել, որ նման «վերնախավը» հոգում է, հիմնականում, սեփական նյութական բարեկեցության հարցերը:

Ամփոփում. Միջազգային կառույցների գործունեությունը «3-րդ կարգի» պետությունների նկատմամբ, լավագույն դեպքում, հետապնդում է համահարթեցման նպատակ (երբ վերանում են պետության ու անվանակիր ազգի գրեթե բոլոր մրցակցային առավելությունները), իսկ վատագույն՝ սպասարկում է վերպետական խմբակային (կորպորատիվ) արտաքին շահերը: Փաստորեն, դրսի ուժերի համար նոր գաղութացված պետությունը դառնում է գործիք:

Եզրակացություն. Նոր հայկական պետության (ներառյալ՝ Արցախը) համար առաջնային քայլերից պետք է լինի՝ Սփյուրքի հետ համատեղ զրոյացնել արտաքին պետական պարտքը, որպեսզի նվազեցնել արտաքին ուժերի ազդեցության չափն ինքնիշխան պետության կառավարման հարցում:

Մյուս կողմից, Նոր հայկական պետություն (ներառյալ՝ Արցախը) կառուցելիս, անհրաժեշտ է հաշվի առնել հետևայլ 2 պատճառահետևանքային գործոնները՝

– Հայաստանի պետական կառավարման համակարգում միջազգային կառույցներն ունեին և ներկայումս ունեն մեծ դերակատարություն և ազդեցություն.

– հանգուցային պետական պաշտոններ (պետության քաղաքականության վրա ներազդելու հնարավորության իմաստով) 1991թ.-ից զբաղեցրած, ինչպես նաև ներկայումս զբաղեցնող անձանց ճնշող մեծամասնությունը «վարակված» է նոր գաղութային կառավարման գործելաոճով:

Հ.Գ. Շատ դեպքերում համաշխարհային կառույցների գործունեության իրական նպատակները «3-րդ կարգի» պետությունների մասով համահունչ են գերտերությունների իրական նպատակներին:

Հ.Հ.Գ. Արտաքին ուժերից Հայաստանի նման կախվածության պատճառներից մեկն է հանդիսանում՝ 1988թ.-ից սկսած ազգային-ազատագրական պայքարի (Արցախյան շարժման) առաջնորդների մոտ գալիք անկախ պետության տեսլականի և դրա կառուցման ռազմավարական ծրագրի բացակայությունը:

Ճակատագրական մարտահրավերներ

Ներկայիս աշխարհը, պետական կառավարման իմաստով, բախվել է մի շարք համակարգաքանդ մարտահրավերների, որոնցից հետևյալ 6 մարտահրավերները պատճառահետևանքային տրամաբանությամբ դիտարկենք ստորև:

ա/ Ավանդական արժեհամակարգերի նպատակային քայքայում

Աշխարհում ընթացող պետական կառավարման ճգնաժամի հիմքային պատճառն է ավանդական արժեհամակարգերի նպատակային քայքայման գործընթացը և դրանց փոխարինումը միատեսակ (ստանդարտ) «ժամանակակից» և «քաղաքակիրթ» արժեքներով:

Նման իրավիճակը փոխում է պետոթյունների կառավարման տրամաբանությունը, երբ ավանդական արժեհամակարգերի կարգավորող դերը փոխարինվում է ձևական-իրավական գործիքակազմով՝ բազմահազար օրենքների և ենթաօրենսդրական ակտերի տեսքով: Նման պայմաններում խորհրդարանները ոչ այնքան զբաղվում են ռազմավարական հարցերով, ինչքան «դակում» տարատեսակ բազմաթիվ օրենքներ (հաճախ՝ իրարամերժ) և դրանց բազմաթիվ փոփոխություններ: Այս իմաստով հետաքրքրական է, որ երբ ուզում են գովաբանել այս կամ այն պետության խորհրդարանի աշխատանքը, մատնանշում են այն փաստը, թե քանի հատ օրենք է այն ընդունել մեկ գումարման ընթացքում:

Մյուս կողմից, որպես հետևանք, իշխանության գործադիր թևը, իր հերթին, «դակում է» տարատեսակ բազմաթիվ ենթաօրենսդրական ակտեր (հաճախ՝ նույնպես իրարամերժ) և դրանց բազմաթիվ փոփոխություններ:

բ/ Սպառողական հասարակարգի ձևավորում

Ինչպես հայտնի է, բնության մեջ դատարկություն չի լինում: Հետևաբար, հոգևոր արժեքների տեղը զբաղեցնում են նյութական «արժեքները»՝ արտահատված սպառողական հոգեբանության տեսքով: Մարդկանց համակեցության մեջ սկսում են գերիշխել փողը, նյութը և, որպես հետևանք, եսակենտրոն մոտեցումները: Մասնավորապես, հայտնի այն միտքը, որ «կյանքը մարդուն տրվում է մեկ անգամ» մեկնաբանվում է, թե՛ «անհրաժեշտ է այն վայելել», ի հակադրություն «անհրաժեշտ է այն արժանի ապրել» մտքի:

Այս պարագայում, ցանկացած պետության կառավարման համակարգը թե՛ արտաքին ուժերի և թե՛ պետության վարչախմբի կողմից «հարմարեցվում» է այս կազմաքանդող երևույթին: Զարմանալի չէ, որ գրեթե բոլոր պետություններում կտրուկ աճում է տարատեսակ հսկողական և վերահսկողական պետական մարմինների քանակը և դերը:

Նման վիճակը, անշուշտ, «ծանրացնելով» պետության կառավարման համակարգը, փուլ առ փուլ այն դարձնում է ավելի անարդյունավետ, քանի որ նպաստում է Պարկինսոնի հայտնի օրենքի քայքայիչ տարածմանը:

գ/ Ֆինանսական օլիգարխիայի հզորացում

Մինչ այդ նշված մարտահրավերները, ինչպես նաև ընթացող համաշխարհայնացումը (գլոբալիզացիան), առաջին հերթին, փոխկապակցեցին պետությունների ֆինանսաբանկային համակարգերը և, որպես հետևանք, բարձրացրեցին միջազգային ֆինանսական կառույցների (ինչպես նաև՝ նրանց հետ կապված ուժերի) դերն ու նշանակությունը: Այս իմաստով, օրինաչափ է, որ վերջին ճգնաժամը մեկնարկեց հենց ֆինանսաբանկային ոլորտից և ամբողջ աշխարհով մեկ կայծակնային արագությամբ տարածվեց այլ ոլորտների վրա:

Աշխարհում վերջին 2-3 դարերի ընթացքում ֆինանսական համակարգերի ազդեցությունը շարունակ ընդլայնվում է: Այս պատմական գործընթացի վառ օրինակներից է՝ 1913թ.-ին ԱՄՆ-ում Դաշնային Պահուստային Համակարգի (ԱՄՆ-ի կենտրոնական բանկի) ստեղծումը, որը, ի դեպ, մասնավոր կառույց է: Ֆինանսական կառույցների հզորության աստիճանը պատկերացնելու համար նշենք, որ Դաշնային Պահուստային Համակարգի կողմից ընդունած որոշումների զգալի մասը չեն կարող բեկանվել աշխարհի ամենահզոր պետության՝ ԱՄՆ-ի օրենսդիր և գործադիր (անգամ՝ ԱՄՆ-ի նախագահի) իշխանական թևերի կողմից:

Այսպիսով, պատմության գիրկն է անցնում հին տեսակի արդյունաբերական և առևտրային օլիգարխիան, իր դիրքերը զիջելով ֆինանսաբանկային առաջնորդներին: Տարբեր պետություններում օլիգարխիկ համակարգերի դերակատարության փոփոխման գործընթացը գտնվում է տարբեր փուլերում: Սակայն, անգամ այն պետություններում (օրինակ՝ Հայաստանում), որտեղ դեռ հզոր է հին տեսակի օլիգարխիան, վերջինս նույնպես գտնվում է միջազգային ֆինանսական օլիգարխիկ համակարգերի ազդեցության տիրույթում, մասնավորապես, համաշխարհային բանկային համակարգի միջոցով (Կիպրոսի բանկերում ավանդների պատմությունը՝ դրա վառ օրինակներից մեկն է):

Կարևոր է նշել, որ արդյունաբերական և առևտրային օլիգարխիան, հիմնականում, հզոր է մի շարք «3-րդ կարգի» պետություններում, իսկ ֆինանսաբանկային օլիգարխիան՝ զարգացած:

Հարկ է նշել, որ ոֆշորային գոտիները, որտեղ ներքաշվում են աշխարհի տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց գումարները, ֆինանսական օլիգարխիայի կողմից ճկուն օգտագործվում են դրամական միջոցներն առավելագույնս քողարկված և իր համար արդյունավետ վերաբաշխելու նպատակով: Դրա վառ վկայությունն է՝ օֆշորային ֆիզիկական և իրավաբանական անձանց միջոցով «3-րդ կարգի» պետությունների ռազմավարական օբյեկտների լայնածավալ ձեռքբերումն է:

Փաստորեն, նման պայմաններում, յուրաքանչյուր պետություն դառնում է առավել խոցելի: Բնական է, որ այս հանգամանքը, բացասական իմաստով, նույնպես ազդում է պետական կառավարման համակարգի արդյունավետության վրա:

դ/ Մարդու իրավունքների արհեստական ընդլայնում և շահարկում

Մարդու իրավունքների հարցն անհրաժեշտ է դիտարկել 2 հատվածներով: Մի հատվածը վերաբերում է բնական իրավունքներին, որոնք ապահովում են մարդու լիակատար կենսագործունեությունը թե՛ հոգևոր և թե՛ նյութական ոլորտներում:

Սակայն, վերջին տասնամյակներում ի հայտ եկավ մի շատ հետաքրքրական միտում՝ աշխարհով մեկ ամեն գնով (անգամ՝ բացահայտ ճնշումների միջոցով) տարածվում է առկա դասական մշակույթներին հակասող արհեստական վարք ու բարքը: Կարելի է ասել, որ ներարկվում է «անձի պաշտամունքը», սակայն, այս անգամ՝ յուրաքանչյուր քաղաքացու համար, ինչը, ի վերջո, պետության մեջ հասարակությանը տրոհում է ըստ տարատեսակ «հետաքրքրությունների ակումբների»:

Մարդու իրավունքների ցանկում, արդարացիորեն, զգալի մաս է կազմում խոսքի ազատությունը, ինչը, սակայն, հաճախ, թշնամական արտաքին և ոչ պետականամետ ներքին ուժերի կողմից օգտագործվում է «3-րդ կարգի» պետություններում երիտասարդությանը պետականաստեղծ գործունեությունից զերձ պահելու համար: Այս իմաստով, ուշադրություն են գրավում շատ տարածված «գաղափարական» հետևյալ 3 ևրևույթները, որտեղ կան սեփական քարոզիչներ և գնում է երիտասարդների «ուղեղների լվացում»՝

– «ազգայնական» (որպես կանոն, խրախուսվում է իշխանության կողմից). այստեղ քարոզիչները, փառաբանելով տվյալ պետության անվանակիր ազգի անցյալը, հորդորում են ոչ մի բան չանել՝ մինչև չհասկացվի այդ ազգի ով լինելը, առաքելությունն ու գաղափարախոսությունը (այսպիսով, երիտասարդները կտրվում են պետության առջև ծառացած արդի մարտահրավերներից և տարիներ շարունակ մասնակցում երկար ու ձիգ քննարկումներին և տիսական միջոցառումներին).

– «աշխարհաքաղաքացիական» (որպես կանոն, խրախուսվում է դրսի ուժերի կողմից). այստեղ քարոզիչները, փառաբանելով մարդու իրավունքների արհեստական հատվածը, հորդորում են լինել շատ ակտիվ՝ ստեղծելով աղմուկ և իրարանցում (այսպիսով, երիտասարդները կտրվում են անվանակիր ազգի առջև ծառացած արդի մարտահրավերներից և մասնակցում պետկական և անպետք գրեթե բոլոր միջոցառումներին).

– «կուսակցապետական» (որպես կանոն, կախված իրավիճակից, խրախուսվում է իշխանության կամ դրսի ուժերի կողմից). այստեղ քարոզիչները, փառաբանելով սեփական կուսակցության «գաղափարախոսությունը» և «ծրագիրը», հորդորում են լինել շատ ակտիվ ներկուսակցական կյանքում (այսպիսով, երիտասարդները դառնում են հատվածապաշտ՝ մեծարելով կուսակցապետերին):

Փաստորեն, նման կերպ երիտասարդները հեռացվում են տվյալ «պետության քաղաքացի» կարգավիճակի էությունից:

Նման ազդեցությունները խարխլում են անվանակիր ազգի և նրա պետության անվտանգությունը, կայունությունն ու զարգացումը, քանի որ, փաստացի, ապահովում են պետության կառավարելիությունը թշնամական արտաքին և ոչ պետականամետ ներքին ուժերի համար: Այլ լեզվով ասած՝ կիրառվում է «բաժանիր, որ տիրես» հայտնի սկզբունքը:

ե/ Ժողովրդագրական վիճակի վատթարացում

Արևմտյան աշխարհում արձանագրվեցին 2 վտանգավոր միտում. մի կողմից՝ նյութական բարձր կենսամակարդակը սպառնում է տվյալ պետության բնակչության վերարտադրությանը, իսկ մյուս կողմից՝ այլ երկրներից ժամանած վերաբնակիչները փոխում են էթնիկ և մշակութային հավասարակշռությունը: Բնական է, որ դա՝ ուղղակի մարտահրավեր է ցանկացած պետության ազգային անվտանգությանը:

Հարկ է նշել, որ Արևմուտքում ծնելիության խթանմանն ուղղված նյութական խրախուսումները, որպես կանոն, չեն տալիս շոշափելի արդյունք: Իսկ, այլ երկրներից ժամանած վերաբնակիչների մասով Եվրոպական Միությունում կիրառվող «բազմամշակութային» քաղաքականությունը նույնպես անարդյունավետ է:

գ/ Կուսակցական համակարգի փլուզում

Ներկայիս կուսակցությունները, որպես կանոն, սպասարկում են ոչ թե՛ հասարակության այս կամ այն խավի շահերը, այլ՝ խմբակային (կորպորատիվ) շահերը և նպատակները: Արժեհամակարգային և գաղափարական ճգնաժամի, ինչպես նաև ֆինանսական կառույցների ազդեցության (տվյալ դեպքում՝ կուսակցությունների ֆինանսավորման միջոցով) ընդլայնման պայմաններում, նման հանգրվանն օրինաչափ է: Այսպիսով, կարելի փաստել, որ առաջացել է ներկայացուցչական կառավարման համաշխարհային ճգնաժամ:

Փաստորեն, «ժողովուրդ – կուսակցություն – իշխանություն» շղթային գալիս է փոխարինելու «ժողովուրդ – իշխանություն» նոր շղթան՝ առճակատման բովանդակությամբ և տեսքով: Ահա թե ինչու ամբողջ աշխարհում և Հայաստանում արդեն տևական ժամանակ աճում են քաղաքացիական նախաձեռնությունների և ընդվզման տեղային օջախների դերն ու նշանակությունը, իսկ կուսակցությունների վարկանիշը շարունակական անկում է ապրում: Ահա թե ինչու բարձրաստիճան իշխանավորները տարատեսակ «նախընտրական» ժամանակահատվածներից դուրս ստիպված են ավելի հաճախակի ուղիղ կերպով շփվել դժգոհ մարդկանց հետ:

Կառավարման իմաստով սա նշանակում է, որ անկառավարելի պայթյունի հավանականությունն աճում է, ինչն արդեն տեսանելի է թե՛ ամբողջ աշխարհում և թե՛ Հայաստանում: Իսկ կուսակցությունների դերի տևական նվազումը ստիպում է լրջորեն խորհել արդի պայմաններում գործող ներկայացուցչական մոդելի արդյունավետության մասին՝ պետական կառավարման համատեքստում:

(Շարունակելի)

Աղբյուրը՝ hetq.am

 

Share Button