«Իրավական անարդարությունը արտագաղթ ծրագրավորող ամենախոշոր երևույթն է». Հրանուշ Խառատյան

Գազի թանկացման, արտագաղթի եւ վերջին ժամանակներում ստեղծված իրավիճակի մասին «Մեդիալաբը» զրուցեց ազգագրագետ, քաղաքացիական ակտիվիստ Հրանուշ Խառատյանի հետ:

Տիկի´ն Խառատյան, գազի գնի բարձրացումը, ըստ Ձեզ, լրացուցիչ կհանգեցնի՞ արտագաղթի ծավալների աճին, և, ընդհանրապես, ի՞նչ իրավիճակ կստեղծվի անտառներին մոտ գտնվող բնակավայրերում:

– Կարծում եմ` անտառամերձ շրջաններից արտագաղթը կավելանա: Այդ շրջանները գազիֆիկացրեցին, որ իբր անտառի հանդեպ ճնշումը նվազի, բայց արդեն մոտ 2-3 տարի առաջ անտառամերձ բնակավայրերում մարդիկ գազը մեծ ծավալներով չէին օգտագործում: Եվ արդեն իսկ անտառի վրա ճնշումը կա, բացի չորուկները հավաքելուց, նաև ծառերի կտրատում կա: Մենք երկու տարի առաջ էինք հետազոտություն անում և կանխատեսումներ արեցինք: Արդեն ակնհայտ էր, որ սպառողների թիվը նվազում է: Դա ոչ միայն արտագաղթի հետևանքով էր նվազում, այլ նաև գազ օգտագործելուց հրաժարվելու: Ակնհայտ է, որ գազի թանկացման հետ կապված լրացուցիչ այլ թանկացումներ էլ կլինեն: Եթե այն ժամանակ գազի գինն էր, հիմա դրա հետ կապված լրացուցիչ թանկացումներն ակնհայտ կխթանեն արտագաղթը: Առանց այն էլ մեր երկրում համախառն ներքին արդյունքի մեջ մեծ մասնաբաժին ունի ֆինանսական ոլորտը, հիմնականում՝ բանկային: Այսինքն՝ նորմալ տնտեսություն չկա: Հասկանալի է, որ հիմա տնտեսական մնացած հնարավորությունները կա´մ նվազելու են, կա´մ գների վրա են ազդելու: Իսկ դա նշանակում է աշխատատեղերի կրճատում կամ աշխատողներին չձևակերպել՝ մեծացնելով ստվերը: Այս ամենն ակնհայտ երևում է: Բնական է, արտագաղթի վրա պետք է ազդի և բնակչության ընդհանուր կենսամակարդակը:

Առաջիկայում նվազագույն աշխատավարձը բարձրանալու է 10 հազար դրամով, սակայն դրան զուգահեռ հերթական գնաճի ալիքն է սպասվում: Այսինքն՝ ստացվում է, որ բարձրացումը որևէ նշանակություն չի՞ ունենալու ազգաբնակչության համար:

– Այդ բարձրացումն ընդհանրապես որևէ ազդեցություն չի ունենալու: Գազի գնի բարձրացումը և երկրում ընդհանուր գնաճը այնքան էական են ազդում կենսամակարդակի վրա, որ աշխատավարձի բարձրացման ազդեցության մասին ընդհանրապես անիմաստ է խոսել: Դա ոչ մի ազդեցություն չի ունենա, նույնիսկ 50 տոկոսով չի հավասարակշռի կենսամակարդակում առաջացող նոր խոռոչները:

Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են մարդիկ արտագաղթում Հայաստանից՝ բարձր աշխատավարձի հետևի՞ց են գնում, ինչպես երկրի ղեկավարությունն է պնդում, թե՞ աշխատատեղերի պակասի ու անարդարության պատճառով:

– Ոչ միայն սոցիալական, այլ նաև իրավական անարդարության պատճառով են մարդիկ հեռանում: Սոցիալական անարդարությունն այն է, որ մարդը ոտնահարված է իրեն զգում, իսկ իրավական անարդարությունը՝ որ ինքը չի կարողանում իր իրավունքն իրացնել: Սա շատ լուրջ խնդիր է, ես խնդրում եմ հատուկ շեշտել: Իրավական անարդարությունը մեզ համար արտագաղթ ծրագրավորող ամենախոշոր երևույթն է: Եթե իրավական անարդարություն չլիներ, մարդիկ նույնիսկ այս պայմաններում կկարողանային լուծումներ գտնել և իրենց անհատական տնտեսական ծրագրերն իրականացնել և իրացնել: Օրինակ՝ Նոր Նորքի շուկայի վաճառողներն այս օրերին բողոքում են, պատրաստվում են երկրից մեկնելու, բայց ոչ ոք չի էլ մտածում: Տարիներով այդտեղ առևտրով ընտանիք պահողներ են նրանք: Սուպերմարքեթի պատճառով այդ տարածքը պետք է վերանա, բայց տարածքում հարյուրավոր մարդիկ են աշխատում, նրանք բոլորը զրկվում են այդ վայրից, որտեղ տասնյակ տարիներ իրենց ապրուստի խնդիրները լուծել են: Ես կոնկրետ օրինակ եմ բերում, բայց նման դեպքերը Հայաստանում բազմաթիվ են: Էլ չենք խոսում այն մասին, որ սուպերմարքեթների գոյությունը հարվածում է փոքր խանութներին: Եթե մեկը փորձի մի տեղ ուզել քաղաքապետարանից՝ իր տնտեսական նախաձեռնությունն իրականացնելու համար, հազար ու մի պրոբլեմի մեջ է ընկնում: Այսինքն՝ իրավական անարդարությունն ամենաշատն է նպաստում արտագաղթի ծավալների մեծացմանը: Ցավոք, մարդիկ գիտեն, որ ոչ մի հարց Հայաստանում դատարանով չեն կարող լուծել:

Մարի Ներսեսյան

Լուսանկարը` civilnet.am

Աղբյուրը՝ medialab.am

 

Share Button