2013թ. մայիսի 17, հարց ու պատասխան

2013 թ. մայիսի 17-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցած Նախախորհրդարանի հանրահավաքի ընթացքում մասնակիցները գրավոր հարցեր են ներկայացրել Նախախորհրդարանին: Ժամանակի սղության պատճառով մայիսի 31-ին Ազատության հրապարակում Նախախորհրդարանի կազմակերպած քննարկման ընթացքում տրվել են ոչ բոլոր հարցերի պատասխանները:
Ստորև ներկայացնում ենք բոլոր հարցերը և դրանց պատասխանները:

 

Անանուն

Հարց

Կարծում եմ պետք է կազմակերպել պատգամավորների և համայնքի ղեկավարների հետ կանչում, մասսայական ողջ Հայաստանում:

Պատասխան

Գործող Սահմանադրությամբ և օրենքներով պատգամավորների հետ կանչման ինստիտուտ գոյություն չունի: Համայնքի ղեկավարի մասով կա ավագանու կողմից նրան պաշտոնանկ անելու վերաբերյալ մարզպետին առաջարկություն անելու հնարավորություն, ինչը իրատեսական չէ ներկայիս պայմաններում համայնքի ղեկավարին բնակիչների կողմից պաշտոնանկ անելու առումով:

Արամ Ղազարյան, ք. Աբովյան, 4-րդ միկրոշրջան,

Հարց

Շարժման հաջող ավարտի դեպքում, որի արդյունքում կլինի իշխանափոխություն, ով է լինելու Նախախորհրդարանի այն անձը, որը ղեկավարելու է երկիրը??? Ով է լինելու նախագահը, ում շուրջն է համախմբվելու ժողովուրդը, ով է ձեր լիդերը???

Պատասխան

Այդ գործընթացն ապահովելու է ոչ թե Նախախորհրդարանը, այլ Հիմնադիր Խորհրդարանը: Նախախորհրդարանն ընդամենը կազմակերպում է Հիմնադիր խորհրդարանի այլընտրանքային ընտրությունները: Իսկ պետության կառավարման մոդելը կորոշվի հետագայում, ուստի այս պահին հնարավոր չէ ասել, արդյոք առհասարակ կլինի Նախագահի ինստիտուտ թե ոչ: Եթե նույնիսկ լինի, ապա դա որոշվելու է ընտրությունների արդյունքներով: Ինչ վերաբերում է առաջնորդին, ապա մենք մերժում ենք առաջնորդի գաղափարը, քանի որ առաջնորդների ժամանակներն անցել են: Մենք առաջարկում ենք առաջնորդող խմբի գաղափարը, քանի որ առաջնորդող խմբի սխալվելու և ճնշման ու այլ ազդեցության ենթարկվելու հավանականությունը շատ ավելի փոքր է:

 

Մուրադյան   Արմենակ     Ք. Երևան

Պահանջ

Պահանջում եմ  ՀՀ  դատախազությանը քրեական գործ հարուցել միլիոնատեր Տարոն Մարգարյանի դեմ:

Հարց

Ժողովրդին թալանելու հաշվին հարստացած բոլոր պաշտոնյաներն ու գործարարները օրենքի առաջ պատասխան են տալու այն Հայաստանում, որը ժողովուրդն է կառուցելու: Իսկ այս վարչախմբի օրոք նրանց քրեական հետապնդման ենթարկելու փորձերը էներգիայի անտեղի վատնում են, քանի որ նույն դատախազությունը հանցավոր համակարգի մաս է:

 

Ալվարդ Թադևոսյան

Հարց

Խնդրում եմ ինձ պատասխանեք, այս պետությունը արդյոք պետություն է, որ 76-ամյա կին ազատամարտիկը բնակվում է ավտոտնակում???

Պատասխան

Նախախորհրդարանի պաշտոնական տեսակետի համաձայն Հայաստանում հաստատվել է արտաքին ուժերի կառավարման ներքո գործող նորգաղութային կառավարման համակարգ, որը վարչախմբի ձեռքով թալանում ու ստրկացնում է մեր երկրին ու ժողովրդին: Այդ վարչախումբն ապազգային է, նրա ներկայացուցիչներին հետաքրքրում է միայն իրենց անձնական ու կլանային շահը, ուստի նրանք անտարբեր են, իսկ հաճախ՝ նաև թշնամաբար են տրամադրված ազատամարտիկների և առհասարակ ամբողջ ժողովրդի նկատմամբ:

 

Գարեգին Սարգսյան, ք. Երևան

Հարց

Ինչու չի կարելի ֆիզիկապես ոչնչացնել այս մակաբույծներին?????

Պատասխան

Բռնության միջոցով այս վարչախմբի հեռացումը հղի է մեր երկիրը արտաքին վտանգի ենթարկելու հեռանկարով, ուստի մենք առաջարկում ենք առանց բռնության, անարյուն և անցնցում ճանապարհ, որի իմաստը ժողովրդի կազմակերպումն է մինչև անհաղթահարելի ուժի կուտակման աստիճանի, որից հետո այդ անհաղթահարելի ուժը խաղաղ ճնշումների միջոցով կհեռացնի վարչախմբին:

 

Լևոն Մովսիսյան

Հարց

Արդյոք ժամանակը չէ Հայաստանից արտագաղթյալ , ՀՀ քաղաքացի հանդիսացողներին կոչ անել, որ երբ ժամանակավորապես գալիս են տուն, իրենց բողոքները ներկայացնեն ընտրացուցակների կեղծիքների դեմ: Խնդրում եմ հրապարակայնորեն ժողովրդին ընտրակաշառք վերցնելու մեջ չմեղադրել: Արդյոք հանրապետական ու այլընտրանքային բարգավաճները չեն ինքնաընտրակաշառակերները:

Պատասխան

Հայաստանում չբնակվող ընտրողների կողմից նման բողոքների ներկայացումը և դրանց հետամուտ լինելը , եթե դա կատարվում է որպես այլընտրանքի ռազմավարության մեջ վարչախմբի վրա ճնշում գործադրելու մարտավարական միջոց, կարող է ընդունելի լինել: Սակայն որպես պայքարի հիմնական միջոց այն չի կարող արդյունավետ լինել:

 

Վահան Հովհաննիսյան, ք. Երևան

Առաջարկություն

Առաջարկում եմ խորհրդարանի մանդատների քանակը 131-ից դարձնել 51, կառավարման կազմի 50% կրճատել: Խնայված գումարը տալ անապահով ընտանիքներին և կրճատել արտաքին պարտքը:

Պատասխան

Առաջարկությունը հաշվի կառնվի Հայաստանի կառավարման ապագա մոդելը մշակելու աշխատանքի ժամանակ:

 

Վեներա Հակոբյան

Հարց

Անապահով խավի հետագա գործողությունները և վերաբերմունքը գույքահարկի, զանազան անօրինական տուրքերի և հարկերի վճարման նկատմամա ներկա թռիչքային գլոբալ գնաճի և նվազագույն զամբյուղի հասկացության պայմաններում:

Պատասխան

Օր առաջ կազմակերպվել և լծվել ազգային-ազատագրական պայքարին՝ ազգային ու սոցիալական պետություն կառուցելու նպատակով: Այս համակարգի տիրապետության պայմաններում վիճակը հետզհետե էլ ավելի է վատանալու:

 

Մյասնիկ Նալբանդյան

Հարց

Առաջարկ վարչապետին. հասարակ ժողովրդին պետք չէ 30% զեղջ: Թողեք նույն գինը: Դրանից ավել էլ ինչով վճարի սահմանված գինը???

Պատասխան

Վարչապետը Հայաստանը կեղեքող նորգաղութային համակարգի գլխավոր դերակատարներից է և նրա նպատակը նույնպես ժողովրդի կեղեքումն է, ուստի այս հարցը նրան հասցեագրելը տեղին չէ: Այս հարցը կլուծվի միայն ժողովրդի ձեռքով ապագայում ստեղծվող պետությունում:

 

Բորիս Սահակյան, ք. Երևան

Հարց

4 տարի մասնակցել եմ մարտական գործողութնուններին: 54000 դր. թոշակ եմ ստանում, թոշակից հետո 15 տարի աշխատել եմ, բայց այդ ստաժը չեն գումարում, որ թոշակը ավելանա: ԻՆՉՈՒ???

Պատասխան

Այդպիսի ապազգային և անմարդկային օրենքներ կան, այդ պատճառով:

 

Անանուն

Հարց

Հարց ունենք ձեզի տալու, գազ և ամեն ինչի թանգացնում են, բայց  քաղպետարանի առևտրի բաժինը արգելում է բոլորին վաստակել իրենց համապազորյա հացը: Ի՞նչ անենք, Հեռանանք Հայաստանից??

Պատասխան

Վարչախմբի և նրա բոլոր մասերի, այդ թվում՝ քաղաքապետարանի նպատակը ժողովրդին արտագաղթի ճանապարհով ուղղորդելն է, որպեսզի իրենց դիմադրող չլինի: Մնացեք և պայքարեք, միասին պիտի կերտենք մեր երազած Հայրենիքը և մեր ժողովրդին կեղեքած հանցագործներին արժանի պատժի ենթարկելը:

 

Մարիամ Յակուբովա, ք. Երևան

Առաջարկություն

Առաջարկում եմ կանաչապատման աշխատանքները կատարել  մինչև վերջ, եթե Սայաթ-Նովան ծաղկատնկում են ապա մինչև  վերջը կատարել և մշակել ու ջրել:

Պատասխան

Ձեր առաջարկությունը հնարավոր է իրականացնել մեր ընդհանուր պայքարով կառուցվող Նոր Հայաստանում:

 

Աշխեն Ջալֆալակյան, ք. Երևան

Առաջարկություն-կոչ

Եկեք ինքնակազմակերպումը սկսենք այսօրվանից, կոչ անել հավաքվածներին չկեղտոտել արևածաղիկով ու սիգարետով:

Պատասխան

Համամիտ ենք, յուրաքանչյուրս պետք է կարգ ու կանոն պահպանի իր անձի և շրջապատի մակարդակում:

 

Մերուժան Մկրտչյան

Հարց

Տերյան փողոցի Ավ. Իսահակյանի վերևում ձախ մայթում կանաչ տարածքը քանդել են և շինարարություն են անում: ԻՆՉՈՒ???

Պատասխան

Հանցավոր համակարգի հերթական ապօրինի քայլն է և հերթական քաղաքացիական նախաձեռնության մեջ կազմակերպվելու հնարավորությունը: Առիթը բաց մի թողեք:

 

Գոռ Աբրահամյան, Հայք

Հարց

Ինչ է ակնկալվում ժողովրդից???? ժողովուրդը ինչ պետք է անի???

Պատասխան

Ըստ նախախորհրդարանի ներկայացրած ծրագրի, ինչպես նաև քաղաքական ստեղծագործության այլ մեթոդներով կազմակերպվել և լծվել ազգային-ազատագրական պայքարին, որպեսզի օր առաջ ազատագրենք մեր երկիրը:

 

Մարիամ Ազարյան, ք. Երևան

Հարց

Երկրի վիճակից մենք տեղյակ ենք: Խնդրում ենք ցույց տալ այդ ճահճից դուրս գալու ճանապարհը:

Պատասխան

Նախախորհրդարանը ներկայացրել է գրավոր ծրագիր, որի համապատասխան բացատրությունները ներկայացրել է Երևանի Ազատության հրապարակում մայիսի 17-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ և շարունակելու է ներկայացնել բոլոր հանրահավաքների, քննարկումների ու հանդիպումների ընթացքում:

 

Ասլանյան Սուսաննա, ք. Երևան

Ուղերձ

Իմ և իմ ընտանիքը ի նպաստ սույն գործին: Փրկենք Հայաստանի ապագան:

Պատասխան

Շնորհակալություն, սա բոլորիս պայքարն է:

 

Ափրիկյան Սերգեյ, ք. Երևան

Հարց

Նախախորհրդարանը խոստանում է արդյոք ժողովրդի բողոքը անշահախնդիր ձևով հասցնել մինչև հաղթանակ, մինչև ավազակապետության ջախջախում????

Պատասխան

Նախախորհրդարանը ծրագրում է ստեղծել նոր որակի ազգային պետություն, ուստի ավազակապետության ջախջախումը ընդամենը այդ ճանապարհի առաջին քայլն է: Դրան հաջորդելու է երկար տարիների համար ծրագրված տքնաջան աշխատանք:

 

Խաչիկ, ք. Էջմիածին

Հարց

Այսօր շատ երիտասարդներ ցանկանում են ներկա գտնվել հանրահավաքներին կամ այլ միջոցառումներին, բայց չեն կարողանում, քանի որ աշխատում են և այդ ձևով իրենց գոյությունը ապահովում: Ինչպես կարելի է նրանց ներգրավել պայքարին????

Պատասխան

Նրանք կարող են այցելել Նախախորհրդարանի գրասենյակ, որը գտնվում է Ռադիոտան կողքին՝ Ալեք Մանուկյան 5/5 հասցեում, մուտքը՝ Սայաթ Նովա փողոցի ՝ կողմից: Բացի այդ՝ նրանք կարող են շարժմանը միանալ մեր աջակիցների միջոցով: Պայքարի ձևերը բազմազան են, բոլորի համար էլ մասնակցության ձևեր կգտնվեն, միայն թե ցանկություն լինի:

 

Սարգիս Հակոբյան ք. Երևան

Հարց

Հայտնի է, որ ունենք վտարանդի գրողներ: Որն է Նախախորհրդարանի վերաբերմունքը այդ գրողների նկատմամբ: Նշեմ գրողներից 2-ին Վահե Ավետյան, Արմեն Մելիքյան:

Պատասխան

Անցանկալի անձանց հեռացումը հանցավոր վարչախմբի գործելակերպի հիմնական միջոցներից մեկն է: Ուստի պետք է սատարել Հայրենիքից դուրս դրված ամեն մի հայորդու, առավել ևս՝ մտավորականի և գրողի: Նրանց իրավունքների պաշտպանությունն ավելի արդյունավետ կլինի, եթե իրենք ևս միանան ազգային-ազատագրական շարժմանը:

 

Սուրեն Արիստակեսյան

Ներկա գտնվող 379 ավանդատուների անունից

Հարցադրում

Երկրի առաջին նախագահ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մեղքով, իսկ այնուհետև Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջոցով մսխվեցին հարյուր հազավոր ավանդատուներիս ավանդներերը, հոշոտվեցին նրանց կողմից:

Մենք պահանջում ենք ավանդները հետ վերադարձնել, այլապես պատրաստ ենք պայքարել, վրեժխնդիր լինել և թեկուզ մեռնել բանտերում, նրանք չպետք է մարսեն:

Պատասխան

Ավանդների հարցը երկրի ցավոտ խնդիրներից է, որը կարող է լուծվել միայն արդար Հայաստանում, այլ ոչ այս վարչախմբի օրոք:

Պահանջ-ցանկություններ

  1. Պահանջում ենք Արցախի անկախությունը:
  2. 500000 մարդ ցանկության դեպքում պետք է գնան և բնակություն հաստատեն Արցախում, փայտե տնակներ կառուցելուց հետո, կառավարությունը գումար է տալիս ժողովրդին կառուցելու համար:

 

Պատասխան

Արցախը Հայաստանի մաս է, ինչը պետք է ամրագրվի իրավական առումով: Արցախի ազատագրված տարածքների վերաբնակեցումն ու յուրացումը ապագա հայկական պետության հիմնական ռազմավարական խնդիրներից մեկն է լինելու:

 

Հարց

  1. Վերացնել բոլոր կասկածելի գործերը – վերահսկող մարմիններ:
  2. Գրի առնել բոլորին կոռուպցիայի մեջ կազմակերպիչներին

Պատասխան

Նոր Հայաստանում կվերանայվեն կասկածելի և հանրային հնչեղություն ունեցող բոլոր գործերն ու գործարքները և բոլոր մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության:

 

Share Button