Ամեն ինչ պետք է անենք, որ հայի արյուն չթափվի, բայց չկա կարմիր գիծ. ԱՍԱԼԱ–ի անդամը կրկին պայքարում է

Նախախորհրդարանի անդամ, ԱՍԱԼԱ-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանը, ով ծնվել է Բեյրութում և արդեն 18 տարի ապրում է Հայաստանում, մասնակցում է այստեղ ծավալվող, ինչպես ինքն է ասում, քաղաքական, քաղաքացիական ազգային շարժմանը, քանի որ դա է թելադրում իր խիղճը:

«Ամեն ժամանակ ունի իր պահանջները, այն պայքարը, որ մեր սերունդը մղեց Սփյուռքում 1970-80-ական թվականներին, այդ ժամանակվա պահանջի պայքարն էր, այն պայքարը, որը մղվեց կոնկրետ 1988-ին Երևանում և ամբողջ Հայաստանում՝ ներառյալ Արցախում, այդ ժամանակի պահանջի անհրաժեշտությունն էր՝ զինյալ պայքարը»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա՝ ընդգծելով, որ այսօր խնդիր կա մեր հայրենիքից մնացած այս փոքր կտորն իսկապես պահպանելու և կենդանի մարմին դարձնելու, և փաստն այն է, որ երկիրը գտնվում է ճգնաժամի մեջ:

Ըստ նրա՝ այդ նպատակը իրականացնելու, մեր այսօրվա հայրենիքը փրկելու և մեր ազգի շարժունակությունն ապահովելու գործում երկու հանգամանք կա, որոնք պետք է իրենց հեռու պահեն և հեռու են պահում բիրտ ուժի օգտագործումից:

«Դա այն է, որ, ընդհանրապես, ամեն ինչ պետք է անել, որ հայի արյուն չթափվի, ամեն ինչ պետք է անել, և դա պետք է լինի սկզբունքային: Երկրորդը՝ մենք գիտենք, որ այսօր այն աշխարհաքաղաքական պայմանները, որում գտնվում է մեր երկիրը, ցանկացած անկայունություն կարող է լուրջ ցնցումներ առաջացնել և հնարավորություն ընծայել հակառակորդին գնալու արկածախնդրությունների, այս գործոնն էլ պետք է ամեն գնով ետ պահի նման քայլերի դիմելուց»,-ասաց նա՝ հավելելով, որ ամեն ինչ պետք է անել ժողովրդի և մեր հայրենիքի փրկությունն անցնցում, լեգիտիմ և խաղաղ պայմաններով ապահովելու համար:

«Ամեն ինչ պետք է անենք, բայց, և այս բայցը սպառնալիք չէ, եթե մնացած բոլոր միջոցները արդյունք չտան, ոչ մի խոչընդոտի առաջ կանգ չպետք է առնենք, այսինքն՝ չկա կարմիր գիծ, եթե մնացյալ բոլոր միջոցները դառնան անելանելի, նորից եմ կրկնում, սա սպառնալիք չէ, սա ուղղակի հաստատումն է այն բանի, որ մենք պետք է զերծ մնանք բիրտ միջոցների օգտագործումից մինչև վերջ, բայց եթե դա չստացվի, ոչ ոք չի կարող ոչ ոքի մեղադրել, եթե դիմի այլ միջոցների»,-ասաց նա՝ շեշտելով, որ ինքը եղել է ԱՍԱԼԱ-ի մարտիկ ոչ թե վրեժխնդրության, այլ հայ ժողովրդի իրավունքների վերականգնման համար:

Ալեք Ենիգոմշյանի կարծիքով՝ հանունն ինչ-որ բանի պայքարելը միշտ ավելի կառուցողական է, քան ինչ-որ մեկի դեմ պայքարելը: «Ես այն համոզմանն եմ գնում, որ, ընդհանրապես, հայ ազգի ճակատագիրը վճռվում է այս օրերին, այս ամիսներին, այս մեկ, երկու տարվա ընթացքում, Հայաստանում, այսինքն՝ սա միան ընդամենը 30 000 կամ 42 000 քառ/կմ տարածք ունեցող Հայաստանի ճակատագրի որոշում չէ, այլ ամբողջ հայ ազգի ճակատագրի որոշումն է, այս տարիներին արդեն որոշվելու է, թե մենք գոյատևելո՞ւ ենք, թե ոչ: Հետևաբար, ես գտնում եմ, որ դա իմացյալի պայքարի շարունակությունն է»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը:

Ինչ վերաբերում է կրկին պայքարելու իր որոշմանը, նա նշեց, որ անում է այն, ինչը իր մարդկային և հայի խիղճն է թելադրում: Իսկ թե իր պայքարը ինչ է հաղորդում մարդկանց, պատասխանեց. «Ես կարծում եմ, որ իմ ներկայությունը ինչ-որ բան կհաղորդի մարդկանց, բայց ես մասնակցում եմ այս պայքարին ոչ թե ինչ-որ բան, անպայման, հաղորդելու, այլ իմ խղճի թելադրանքով: Ավելի լավ, եթե իմ ներկայությունը, իմ մասնակցությունը ինչ-որ բան հաղորդի, բայց ես դա անում եմ ամբողջ էությամբ, հավատով, համոզումով, այլ ոչ թե պարզապես ինչ-որ բան հաղորդելու համար»:

Ալեք Ենիգոմշյանը հույս հայտնեց, որ իր փոքրիկ նպաստը կունենա մարդկանց սթափեցնելու գործում, բայց նշեց, որ ամեն ինչ գալիս է գիտակցությունից, մարդկանց մեջ պետք է առաջանա գիտակցությունը, հավատը և կամքը.«Եթե իմ ներկայությունը նպաստի այդ երեք շատ կարևոր գործոնների խթանմանը, ես միան չափազանց ուրախ կլինեմ: Քանի որ ես ունեմ անցյալ և նաև ֆիզիկական վերքեր, իմ մասնակցությունը միայն կարող է այլոց համար նաև այլ խորհուրդ ներկայացնել, ես միայն ուրախ կլինեմ, եթե այդ խորհուրդը խթան հանդիսանա, բայց դա ածանցյալ մի բան է ինձ համար»:

Աղբյուրը՝  tert.am

 

Share Button