Նախախորհրդարանը քննարկեց «նոր որակի պետության ձևավորման ճանապարհային քարտեզը»

Ազատության հրապարակում մեկնարկել է Նախախորհրդարանի հրավիրած բաց հանդիպումը։ Ըստ կազմակերպիչների՝ կքննարկվեն Հայաստանում նոր գաղութային տիրապետության հաղթահարման և նոր որակի պետության ձևավորման ճանապարհային քարտեզը, որը, ըստ Նախախորհրդարանի՝ ավելի վաղ տարածած հաղորդագրության ներռում է հետևյալը.

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Քայլ 1. Շարժման կառուցվածքային կայացում
Քայլ 2. Զուգահեռաբար գործող կառավարման մարմինների ձևավորում և գործունեություն
Քայլ 3. Զուգահեռաբար գործող կառավարման մարմինների լեգիտիմացում
Քայլ 4. Գործող վարչախմբի անցնցում հեռացում և անցումային կառավարում
Քայլ 5. Նոր որակի պետության ձևավորման գործընթացի ծավալում
ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Նպատակը՝
Հայաստանում նորգաղութային կեղեքման գործիքի վերածված պետական կառավարման համակարգի մարմիններին զուգահեռաբար գործող կառավարման մարմիններ ձևավորելու և լեգիտիմացնելու միջոցով վարչախմբի անցնցում կերպով հեռացում և նոր որակի պետության ձևավորում
Քայլ 1. Շարժման կառուցվածքային կայացում
Նախախորհրդարանի կողմից Հայաստանի ամբողջ տարածքում և արտերկրի գաղթօջախներում Համահայկական շարժման տեղական համակարգող մարմինների ցանցային համակարգի (այսուհետև` Շարժում) ձևավորում և կառավարում հետևյալ հիմնական նպատակներով.
• զուգահեռաբար գործող կառավարման մարմինների ձևավորման ու լեգիտիմացման նախապատրաստում,
• Շարժման վերածում անհաղթահարելի ուժի` նրա կազմակերպվածության, կայունության, ինքնաբավության, նպատակասլացության և այլ հատկանիշների շնորհիվ:
Քայլ 2. Զուգահեռաբար գործող կառավարման մարմինների ձևավորում և գործունեություն
2.1. Անցումային ժողովրդավարության սկզբունքներով զուգահեռաբար գործող հետևյալ կառավարման մարմինների ձևավորում.
• Սահմանադրական արդարության ատյան (անցումային արդարադատության սկզբունքների հաշվառմամբ),
• Հիմնադիր խորհրդարանի ընտրական հանձնաժողով,
• Հիմնադիր խորհրդարան,
• Անցումային կառավարություն:
2.2. Հիմնադիր խորհրդարանի գումարում[1] և զուգահեռաբար գործելու ձևաչափով նրա գործունեության իրականացում, այդ թվում` Հայաստանում նոր որակի պետության ձևավորման ու զարգացման ռազմավարական հայեցակարգի ընդունում:
2.3. Անհրաժեշտ պահին Անցումային կառավարության ձևավորում և զուգահեռաբար գործելու ձևաչափով նրա գործունեության իրականացում:
Քայլ 3. Զուգահեռաբար գործող կառավարման մարմինների լեգիտիմացում
Բաց հանրաքվեի տարբերակով Հիմնադիր խորհրդարանի և առնվազն 835.514 քաղաքացիների[2] միջև նոր որակի պետության ձևավորման պայմանագրերի կնքում:
Քայլ 4. Գործող վարչախմբի անցնցում հեռացում և անցումային կառավարում
Ըստ ներքոհիշյալ սցենարների հետևյալ գործողությունների իրականացում.
4.1. Սցենար 1. Վարչախումբը հեռանում է մինչև 835.514 քաղաքացիների հետ պայմանագրերի կնքումը.
• Պայմանագրերի կնքման գործընթացի շարունակում` լիարժեք լեգիտիմության հասնելու նպատակով,
• Պայմանագրի դրույթներին համապատասխան Անցումային կառավարման փուլի հայտարարում,
• Նոր որակի պետության կառուցման գործընթացի նախապատրաստում:
4.2. Սցենար 2. Վարչախումբը շարունակում է պետական կառավարումը 835.514 քաղաքացիների հետ պայմանագրերի կնքումից հետո.
• Լիարժեք լեգիտիմության իրավունքի հաշվառմամբ գործող վարչախմբին պետական կառավարումից հրաժարվելու հայտի ներկայացում և դրա իրականացման ապահովում Շարժման անհաղթահարելի ուժի գործադրման միջոցով,
• Գործող վարչախմբի հեռացումից հետո Պայմանագրի դրույթներին համապատասխան Անցումային կառավարման փուլի հայտարարում,
• Նոր որակի պետության կառուցման գործընթացի նախապատրաստում:
Քայլ 5.Նոր որակի պետության ձևավորման գործընթացի ծավալում
(Անցումային ժողովրդավարությունից դեպի կայուն ժողովրդավարության հաստատում)
12. Անցումային կառավարման փուլի ավարտին ժողովրդավարական ընտրությունների անցկացման միջոցով օրենսդիր, գործադիր, դատական և պետական կառավարման այլ անհրաժեշտ մարմինների ձևավորում:

[1] Հիմնադիր խորհրդարանի գումարման պահից Նախախորհրդարանը լուծարվում է, իսկ Շարժման կառավարումն ստանձնում է Հիմնադիր խորհրդարանը:
[2] Պաշտոնական տվյալներով մասնակիցների առավելագույն քանակ արձանագրած համապետական ընտրությունների (2008 թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններ, 1.671.027 մասնակից) մասնակիցների 50%+1 թիվն է:

19.45
«Նախախորհրադարանի» և «Սարդարապատ» շարժման անդամների հասցեներին հնչում են կյանքի դեմ ուղղված անուղղակի սպառնալիք: Ազատության հրապարակում հրավիրված քննարկմանը նման հայտարարություն արեց «Նախախորհրդարանի» անդամ, ՀՀ ՊՆ պահեստազորի գնդապետ, Վարուժան Ավետիսյանը:
Նա նշեց, որ մայիսի 17-ին «Նախախորհրդարանի» կողմից հրավիրած հանրահավաքից հետո սաստկացել են ճնշումներն ու սպառնալիքները «Սարդարապատ» շարժման ու «Նախախորհրդարանի» անդամների նկատմամբ՝ գաղտնալսումներ, անթաքույց հետապնդումներ, իսկ աշխատանքի վայրում հալածանքները սովորական են դարձել:
«Նման սպառնալիք է ուղղվել Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ, իսկ Գարեգին Չուգասզյանի հարևանին այցելել են անծանոթ մարդիկ, որոնք իրենց շատ տարօրինակ են պահել և ներկայացել են որպես սոցիալական ծառայություների աշխատակիցներ և ճշգրտող հարցեր են սկսել տալ»,- ասաց Վարուժան Ավետիսյանը:
Նա ընդգծեց, որ որևէ բռնություն, ճնշում կամ սպառնալիք, չի կարող իրենց հետ պահել իրենց իսկ որոշումից: «Մենք միասին իրականացնելու ենք հայրենիքի ազատագրումը»,-ասաց նա:


20.04
Ելույթ ունեցավ «Նախախորհրդարանի» համակարգող Գարեգին Չուգասզյանը, ով հավաքվածներին ներկայացրեց շարժման ճանապարհային քարտեզը: Նա նշեց, որ պայքարի «գլխավոր մեխը» ժողովրդի կողմից հանրաքվեի միջոցով նոր իշխանությունների ձևավորումն է, որին հասնելու համար անհրաժեշտ է 4 քայլ:
«Առաջինը՝ ժողովրդի կազմակերպումն ու ինքնակազմակերպումն է Հայաստանի ու Սփյուռքի տարածքում: Առաջին կամավորները արդեն կան: Շուրջ 1000 հոգի ցուցակագրվել են աջակից խմբերում: Գյումրիում համակարգող խորհուրդը արդեն գործում է: Մենք հանդիպումներ ենք ունեցել նրանց հետ, պայմանավորվածություններ ձեռք բերել հետագա գործողությունների համար: Իսկ մենք այստեղ չենք տեսնում, որ հանդես ենք գալու որպես դիրիժոր, որ բոլոր շարժումները պետք է կարգավորի, այլ որպես համակարգող»,- ասաց նա:
Գարեգին Չուգասզյանը նշեց, որ սրանից հետո հաջորդում է երկրորդ քայլը՝ այն է, ձևավորել մի շղթա, որը կհամակարգի ներկայացուցչական մարմնի աշխատանքները:
«Կստեղծվի հիմնադիր խորհրդարան, որը անցումային ժամանակաշրջանում պետք է իր վրա վերցնել իշխանությունը: Սրանից հետո երրորդ քայլն այն է, երբ մարմինը պետք է ստանա ժողովրդի քվեն: Այսինքն, գալիս է հանրաքվեի փուլը, որի ընթացքում ժողովրդի հետ կնքվելու են պայմանագրեր: Որից հետո, երբ բավարար թվով ձայներ հավաքվել են, տվյալ մարմինը ստանում է լեգիտիմություն, դրանից հետո այս մարմինը և այն ցանցը, որը ստեղծվել է, հայտ են ներկայացնում գործող ադմինիստրացիային իշխանության փոխանցման համար»,- բացատրեց Գարեգին Չուգասզյանը:
Նա ավելացրեց, որ ձևավորված իշխանությունը սկսելու է անցումային փուլը, որի ընթացքում իրենք ապահովելու են համընդհանուր նոր ընտրությունների անցկացումը՝ ինչի ընթացքում կձևավորվի լիիրավ ժողովրդավարություն:


20.17
Ինչո՞ւ չի կարելի ֆիզիկապես ոչնչացնել այս մակաբույծներին. քաղաքացիներից մեկի՝ Գարեգին Սարգսյանի հարցը հավաքվածների մոտ ծափահարություններով ընդունվեց։
Նախախորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը ընթերցեց Նախախորհրդարանի գրավոր պատասխանը, ըստ որի՝ իրենք առաջարկում են առանց արյան և բռնության ճանապարհ։ «Բռնության միջոցով այս վարչախմբի հեռացումը հղի է արտաքին վտանգի ենթարկելու հեռանկարով, ուստի մենք առաջարկում ենք առանց բռնության, անարյուն և անցնցում ճանապարհ, որի իմաստը ժողովրդի ինքնակազմակերպումն է՝ մինչև անհաղթահարելի ուժի կուտակման աստիճանի, որից հետո այդ անհաղթահարելի ուժը ճնշումների միջոցով կհեռացնի այդ վարչախմբին»,- գրավոր պատասխանն ընթերցեց Նախախորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը։
«Շարժման հաջող արդյունքի դեպքում ո՞վ է լինելու այն անձը, որը ղեկավարելու է երկիրը, ո՞վ է լինելու լիդերը» գրավոր հարցին էլ Վարուժան Ավետիսյանը պատասխանեց, որ երկրի հարցերը պետք է լուծվեն ոչ թե նախագահի կողմից, այլ հիմնադիր խորհրդարանում։ Նա նույնիսկ կասկած հայտնեց, թե իրենց պատկերացմամբ հարց է՝ դեռ առհասարակ կլինի նախագահի ինստիտուտ, թե ոչ։
«Մենք առաջնորդի գաղափարը չենք ընդունում, քանի որ առաջնորդի ժամանակն անցել է, մենք ընդունում ենք խմբի առաջնորդման գաղափարը, քանի որ խմբով սխալվելու հնարավորությունն ավելի քիչ է»,- ասաց նա։
Հաջորդ հարցը վերաբերվում էր արտագաղթին, ինչին ի պատասխան Նախախորհրդարանի անդամ Գարեգին Չուգասզյանը նշեց, որ դա Հայաստանի ամենացավոտ խնդիրն է։ «Արտագաղթի ցուցանիշը երկրի առողջության հիմնական ցուցանիշն է»,- ասաց նա և կոչ արեց բոլորին կանգ առնել և ինքնակազմակերպվել։ «Հայե՛ր, կանգ առեք, դուք եք տերը էս երկրի»,-ասաց նա։
Խոսելով իրենց կառույցի մասին՝ նա նշեց, որ Նախախորհրդարանն այսօր ինքնակազմակերպման փուլում է, որը վերկուսակցական է, և իրենց հիմնական սկզբունքն այն է, որ հայաստանակենտրոն են և ոչ թե սփյուռքակենտրոն։ «Բոլոր խնդիրները որոշվում են Հայաստանում»,- ասաց նա։


20.30
Քննարկմանը մասնակից մի կին բարձրացրեց արտագաղթի խնդիրը և նշեց, որ «էս երկիրը դատարկվում է, մարդիկ օտար երկրում աշխատում են՝ ընտանիք են պահում ու ծնողներին պահում»: Նա հարցրեց, թե այդ մարդիկ ի՞նչ հույս ունենան:
«Միսը ընկել է բերանները, պետք է ուժով հանենք, իսկ ուժը մեր ձեռքում պետք է լինի»,-ասաց նա:
Գարեգին Չուգասզյանը հորդորեց չասել՝ էս երկիրը, քանի որ այն մեր երկիրն է ու մենք ենք տերը:

Հնչեց մեկ այլ հարց՝ ինչպես կարող են կամավորները անդամագրվել  շարժմանը ու դառնալ ակտիվ մասնակից, ինչին Վարուժան Ավետիսյանը նշեց, որ  Նախախորհրդարանի գրասենյանը գտնվում է Ալեք Մանուկյան փողոցի վրա՝ Ռադիոտան կողքին, որտեղ կարող են ներկայանալ բոլոր կամավորները:

Մի տիկին էլ հարցրեց, թե ինչպես ժողովուրդը հաղթահարի իր վախը և պայքարին ներգրավվի: Գարեգին Չուգասզյանը նշեց, որ ԱՄՆ-ի նախագահներից Ռուզվելտը ասել է՝ «Միակ բանը, որից վախենում ենք, մեր վախն է»:
«Ազատգրման գործը Հայաստանում սկսվում է սեփական գիտակցությունից, եթե ամեն մեկս չազատագրվենք ու չհասկանանք, թե որն է կյանքի իմաստը, որևէ մեկը մեզ չի ազատգրի: Վախից ազատգրվելը մեզանից է կախված ու ամեն մեկը իր վախը պետք է կարողանա բռնել: Առանց ներքին ազատագրման, արտաքինը չի կարող լինել»,- ասաց Գարեգին Չուգասզյանը:

Հավաքվածները հետաքրքրվեցին, թե ինչպես է տեսնում  Նախախորհրդարանը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների զարգացում: Գարեգին Չուգասզյանը ընդգծեց, որ թե՛ Ռուսաստանի, թե մեկ այլ ցանկացած երկրի հետ հարաբերություները հիմնվելու են հայաստանակենտրոնության սկզբունքի վրա:


20.33
Նախախորհրդարանի հրապարակային քննարկումն ավարտվեց։ Գարեգին Չուգասզյանը հայտարարեց, որ մյուս հանդիպումը կլինի երկու շաբաթից՝ հունիսի 14-ին, իսկ հիմնական հանրահավաքը՝ հուլիսի 12-ին։

Այս քննարկման մյուս մանրամասները կներկայացնենք մի փոքր ուշ։


21.14
Ազատության հրապարակի հարթակից ելույթ ունեցավ մարտունեցի հաշմանդամ ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյան, ով նշեց, որ 25 տարի առաջ մեկ անգամ այդ հարթակից կոչ է արել գնալ Ղարաբաղ: Նա հարթակից կոչ արեց իշխանություններին, եթե հայ են, հայերեն մտածեք: «Ախր սա մեր երկիրն է, մեր նահատակների արյան շնորհիվ ենք մենք հասել սրան, ու հիմա պետք է Չարենցի խոսքն ասեմ. «ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»,- ասաց նա:
Ազատամարտիկը մտահոգություն հայտնեց երկրում մեծ թվով կուսակցությունների առկայության մասին և ասաց. «Նախ ծնվել ենք հայ, հետո ենք դառնում կուսակցականներ։ Եթե 1988թ.-ին սրա կեսի չափ կուսակցություններ ունենայինք, ոչ թե Ղարաբաղը կազատագրեինք, այլ նաև Հայաստանը կտայինք»:
Կրկին խոսքն ուղղելով իշխանություններին և մեծահարուստներին՝ ազատամարտիկը հայտարարեց. «Ո՞ւր կորան Արևմտյան Հայաստանի մեծահարուստների կարողությունները, բոլորը չգնացի՞ն թուրքի փոր: Իսկ դուք սեփական ազգի վիզն եք կտրում»:
Երիտասարդ քաղաքացի Վանիկը, ով Երևան է եկել Մոսկվայից 10 օրով, ասաց, որ միշտ հետևում է այստեղ տեղի ունեցող իրադարձություններին: «Ուրախ եմ տեսնել բոլորին, ես հպարտանում եմ ձեզնով: Ես էլ ուզում եմ ինչով կարող եմ, նպաստեմ իմ հայրենիքին, սիրտս լցված է նրանից, որ տեսնում եմ, որ հայ ազգը տառապում է»,- ասաց նա և ավելացրեց. «Չեմ ուզում կոնկրետ բրենդերի, սուպերմարկետների, անուն տալ, բայց ես որոշում եմ կայացրել, էդ օլիգարխների մոտից առևտուր չեմ անում։ Առնում են սովորական մարդկանցից, նման ձևով ուզում եմ պայքարել ու չհարստացնել դրանց: Ես որ տեսնում եմ կոստյումի վրա գրված է «մեյդ ին Թըրքի», չեմ գնում»:
Մասնագիտությամբ քիմիկոս ներկայացած մի քաղաքացի էլ մտահոգություն հայտնեց այն մասին, որ հեռուստատեսությամբ 10 րոպե ցուցադրել են, որ Ֆրանսիան ընդունել է միասեռականների ամուսնության մասին թույլտվությունը: «Չկա ազգային հոգսով տարված իշխանություն, որ թույլ չտա։ Իսկ դա ցույց են տալիս, կարծես թե, ջահելներին ասելու, որ տեսք, տեսեք ինչ լավ է»,-ասաց նա:
Քաղաքացու մտահոգությանն ի պատասխան՝ Գարեգին Չուգասզյանն ասաց, որ բոլոր հարցերի նկատմամբ նախախորհրդարանը իր մոտեցումները դեռ կհրապարակի:

Աղբյուրը՝ tert.am