«Մկնիկի, ոչ թե մկան ուժով՝ շաղգամը դուրս է գալու». Գարեգին Չուգասզյան

Այսօր Ազատության հրապարակում «Նախախորհրդարանի» համակարգող Գարեգին Չուգասզյանը ներկայացրեց նոր որակի պետության ձևավորման իրենց ճանապարհային քարտեզը:

Նրա ներկայացմամբ, իրենց ծրագրի հիմնական մեխը հանրաքվեի կազմակերպման միջոցով ժողովրդի կամքի արտահայտումն է, նոր իշխանությունների ձեւավորումը: Նախախորհրդարանի ծրագրում չորս առանցքային քայլեր են ներկայացված:

Պարոն Չուգասզյանի խոսքերով, առաջին հերթին ժողովուրդը պետք է ինքնակազմակերպվի Հայաստանում եւ սփյուռքում եւ տեղում ներկայացուցչական մարմին ձեւավորելուց հետո սկսեն աշխատանքները: Քաղաքացիների երկրորդ քայլը հիմնադիր խորհրդարանի թեկնածուների ցուցակ ներկայացնելն է լինելու, որը հետո կդրվի քվեարկության: «Սրանից հետո ձեւավորված մարմինը պետք է ստանա համաժողովրդական քվե ու լեգիտիմություն: Ձեւավորված իշխանությունը սկսելու է անցումային փուլը: Այդ ընթացքում ձեւավորված իշխանության մարմինները ապահովելու են նոր ընտրությունների անցկացումը»,- շարունակեց պարոն Չուգասզյանը:

Ճանապարհային քարտեզը ներկայացնելուց հետո պարոն Չուգասզյանը լսեց նաեւ քաղաքացիների հարցերը:

Քաղաքացիներից մեկը հետաքրրքվեց՝ ի՞նչ եք անելու, որպեսզի սովորական քաղաքացու վիճակը բարելավվի, չարտագաղթի:

«Պետութունն այն գործիքն է, որ պետք է ծառայի ժողովրդին որպես լծակ: Այն ծրագիրը, որն առաջարկում ենք՝ նպատակ ունի այդ լծակը վերադարձնել ժողովրդին: Մերժում ենք արտագաղթի այս ալիքը եւ կոչ ենք անում ժողովրդին մնալ իրենց տեղում եւ պայքարել այդ ռեժիմի դեմ: Ռեժիմի նպատակն է դատարկել Հայաստանը, կոտրել դիմադրությունը: Մենք նախեւառաջ մեզնից պետք է սկսենք, ուժեղացնենք դիմադրությունը: Մենք մերժում ենք այն գաղափարը, թե Հայաստանը աղքատ է ու ոչինչ չի կարող անել այդ աղքատությունից դուրս գալու համար: Պետք է պայքարենք»:

«Ո՞նց ենք պայքարելու»,- հարցրեց մի ուրիշ քաղաքացի:

«Ժողովուրդն իր կամքն արտահայտելով, պետք է քաղաքացիական անհնազանդության մասնակցի: Նախախորհրդարանը դիմադրական նախաձեռնությունների է մասնակցում: Օրինակ՝ գազի թանկացման դեմ նախաձեռնությանը, Երեւանի ճարտարապետական դեմքի պահպանման, կլինեն գյուղացիական տարբեր ակցիաներ: Ես միշտ շաղգամի օրինակն եմ բերում: Շաղգամը հանելու հայտնի հեքիաթը… մկնիկի, ոչ թե մկան ուժով՝ շաղգամը դուրս է գալու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Աղբյուրը՝ www.aravot.am