Պետք է չհամակերպվել արտագաղթի հետ, պետք է մերժել այն միտքը, որ գահավիժումն անխուսափելի է. Գ. Չուգասզյան

«Նախախորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանը կարծում է, որ երկիրը փակուղային վիճակում է: Իսկ ելքերի որոնումը ոչ միայն անհրաժեշտ է, այլև հնարավոր. «Պետք է չհամակերպվել արտագաղթի տրամադրությունների հետ, պետք է մերժել այն միտքը , որ գահավիժումն անխուսափելի է»:

Իսկ անցումային կառավարության ձևավորման պահը, ըստ Գարեգին Չուգասզյանի՝ պետք է լինի մինչև Ցեղասպանության 100-ամյա տարելիցը: «Ուղղակի մենք չունենք ժամանակի այդ շքեղությունը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ դա կարող է մինչ այդ էլ լինել, ամեն օր կարող են այնպիսի ֆորսմաժորային զարգացումներ լինեն, որ արագացնեն փոփոխությունների պահանջը,սակայն ցանկալին, իհարկե, շատ ավելի անցնցում զարգացումներն են։

Մայիսի 31-ին,Ազատության հրապարակում անցկացվելիք հավաքի մասին Չուգասզյանն ասաց, որ դա ոչ թե հանրահավաքային, այլ քննարկման ֆորմատով է լինելու:

«Մեր նախորդ հանրահավաքի ժամանակ հայտարարվել է, որ հաջորդը կլինի հուլիսի 12-ին, իսկ մինչ այդ քննարկումներ են լինելու»,- ասաց նա և մեր այն դիտարկմանը, թե արդյոք ամռան ամիսները չեն խանգարի իրենց գործունեությանը, պատասխանեց. «Իրավիճակը սեզոնով չի որոշվում, ժողովրդական ընդվզումը, որը մենք տեսնում ենք ամեն օր, խոսում է այն մասին, որ սոցիալական լարումը չի նվազում Հայաստանում»:

Վերջինիս խոսքով՝ այսօրվա քաղաքական ընթացքը մի քանի տարբերակով կարող է վերջանալ: Մեկն այն է, որ երկիրը ուղղակի դատարկվում է և կարող է այնքան թուլանալ, որ մի քանի տարվա ընթացքում սպառվի և այս կամ այն ճանապարհով որպես պետություն լիկվիդացվի: Մյուսն այն է, որ կարող են այստեղ կամ այնտեղ սոցիալական պայթյուններ առաջանալ, ինչը կարող է հանգեցնել կոշտ բռնատիրության կարճատև հաստատման:

«Այդ երկու տարբերակներն էլ մեր երկրի համար ընդունելի չեն, դրա համար մենք ստեղծել ենք այլընտրանքային ընտրությունների ծրագիր, որով էլ առաջնորդվում ենք»,- նշեց նա:
Անդրադառնալով «Նախախորհրդարանի» մարզային այցելություններին՝ Գարեգին Չուգասզյանն ասաց, որ մարզերի վիճակն ավելի տխուր է, քան Երևանում. դանակը ոսկորին հասնելու վիճակ է այնտեղ:

Ինչ վերաբերում է ժողովրդի համախմբմանը, Գարեգին Չուգասզյանը կարծում է, որ ողջ խնդիրը հենց կազմակերպման և ինքնակազմակերպման մեջ է, և հիմա այդ խնդիրն է, որն իրենք փորձում են լուծել:

«Մենք ասում ենք, որ գոյություն ունի մի գործիք, որը ժողովրդի ձեռքին է, դա հանրաքվեն է, հանրաքվեով ժողովուրդն ինքնորոշվում է, և այդտեղ որևիցե մեկը չի կարող խոչընդոտ հանդիսանալ այդ գործողությանը, իսկ մնացյալ քայլերի տրամաբանությունը կառուցվում է դրա և քաղաքացիական անհնազանդության գործողությունների հիման վրա, որոնք լիովին մնում են սահմանադրականության սահմաններում»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ առաջին անգամ ուղիղ ժողովրդավարության գործիքակազմը Հայաստանում օգտագործվել է 1988-ին, երբ դրված էր Արցախի ազատագրման խնդիրը, որը հաջող ավարտ ունեցավ:

«Այդ նույն տրամաբանությամբ հիմա արդեն Հայաստանի ազատագրման հարցն է դրված: Հիմա, 25 տարվա մեջ առաջին անգամ ժողովուրդը սկսում է գիտակցել, որ ինքը հայտնվել է նորգաղութային իրավիճակում»,- ասաց նա:

Իսկ այն կարծիքը, թե ժողովուրդն ավելի շուտ կարտագաղթի, քան կարթնանա, Գարեգին Չուգասզյանը ժամանակավրեպ համարեց՝ նշելով, որ եթե 1987-ին ժողովրդի կարծիքը հարցնեին, ապա կպարզեին , որ նրա գերակշիռ մեծամասնությունը չէր հավատում, որ Սովետական Միությունը կփլուզվի: Անկայուն ժամանակներում կարծիքները կարող են շատ արագ փոխվել, երբ ժողովուրդը թունելի վերջում լույս տեսնի, իսկ այդ լույսը սկսել է երևալ:

Աղբյուրը՝ tert.am

 

Share Button