Ինձ կվառեմ Բաղրամյան 26-ի դիմաց.(տեսանյութ)

Գյումրեցի ազատամարտիկ Մկրտիչ Բաղդասարյանը, ով 1988 թ-ին գյումրեցի առաջին 10 կամավորների շարքում իր ընտանիքի և հղի կնոջ հետ մեկնել է Ստեփանակերտ, այսօր ճեպազրույց է ունեցել Գյումրու լրագրողների հետ և նրանց ներկայացրել այն շքանշաններն ու պարգևները, որոնք նա ստացել է որպես ազգի հերոս զինվոր: Ազատամարտիկը նաև ծրարել է դրանք, կցել դրանց նամակ` հասցեագրված Սերժ Սարգսյանին և ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանին և հայտարարում է, որ տանելու է Երևան և դարձյալ լրագրողների ներկայությամբ գցելու է ՊՆ փոստարկղ:

«Վարչակարգին ներկա դրությամբ մեր նմանները ձեռք չեն տալիս ու վե´րջ, դու անտեսված ես: Եթե առաջին հանրապետության կործանումից հետո ՀՅԴ ղեկավարությանը կացնով բոլշևիկները սպանեցին բանտերում, հիմա իրանք՝ մեր սեփական իշխանությունները և պրեզիդենտը, նույնն է անում մեզ հետ: Իմ կոչը ազատամարտիկ ընկերներիս և նրանց, ովքեր նստացույց են անում՝ ոչ թե մենք պետք է գնանք, այլ իրանք պտի գնան այս երկրից: Մենք արյուն ենք տվել այս Հայաստանի համար, եթե իրանք երթան, մենք կունենանք ապահով Հայաստան: Հենց նույն պրեզիդենտի մասին է խոսքս»,-ասում է ազատամարտիկը, ում պատերազմական տարիներին մարտական ընկերները կնքել են «Ծո Սամո» մականունով: Նա պատմում է, որ առաջիններից է եղել, որ գնացել է պատերազմ որպես կամավոր՝ իր հետ վերցնելով որսորդական հրացան, ինքնաշեն զենք և հղի կնոջը:

«Կնոջս տարա, որ էլ երթալու տեղ չունենամ, որ դառնամ ղարաբաղցի, իմ առաջնեկս Ստեփանակերտում պատերազմի ժամանակ ծնվավ: Հիմա նրանք՝ Արցախում ծնված իմ որդիները մեծանում են Ռուսաստանում` ռուսի պես: Հայրենիքի երեսից ես կորցրի իմ ընտանիքը, իսկ նոր ընտանիքս հիմա ինձ է կորցնում: Ես իմ գլխավերևում սեփական «կռիշ» էլ չունեմ, որ հանգիստ մեռնեմ: Որ որդիս՝ 12 տարեկան բալաս, ասի` ազատամարտիկ հորիցս սա է մնացել»:

Ազատամարտիկ Մկրտիչ Բաղդասարյանի խոսքերով` ՀՀ իշխանությունները տրորել ու արատավորել են ազգի հերոս զինվորի փառքը, քանի որ ազգի հերոսն այսօր անպաշտպան է, հիվանդ ու սոված, նրան տրվող գումարները ազատամարտիկը անվանեց գրոշներ՝ խոստանալով դրանք էլ նվիրաբերել ՀՀ իշխանություններին:

«Ես դիմում -բողոք եմ գրել և ներկայացնում եմ ձեզ, նույնը հիմա ծրարում եմ, դնում եմ իմ շքանշանները, ծրարում եմ՝ տանելու դրանք Երևան և փոստով ուղարկում ՝ հանձնում եմ պաշտպանության նախարարությանը: Ես երբ գնացել եմ կռվի Ղարաբաղ, սրանց ակնկալիքով չեմ գնացել: Գնացել եմ կռիվ՝ իմ ու իմ անձի, մեր զավակների գոյի համար: Ամեն մեկը սրանցից(շքանշանները) իմ արյունիս գինն է, իմ կորցրած ընկերների արյան գինն է: Իրանք էլ գիտեն, որ սրանց շատ էին տալու: Պետք չէ այդ շքանշանները, ես հայտարարում եմ, որ հրաժարվում եմ: Ու նաև հայտարարում եմ՝ եթե կռիվ լինի, առանց սրանց ես զենքս կվերցնեմ ու կգնամ իմ կարեցածի, առողջականիս չափ: Չունիմ գնալու տեղ, չունեմ նաև մնալու տեղ՝ սեփական գրանցում իմ ազատագրած երկրի մեջ, բայց սա է իմ տեղը, ես չեմ գնալու, ես ապրելու և ազատագրելու եմ Հայաստանս այս իշխանություններից: Ես մուրացկան չեմ, հասկացեք, փող չեմ ուզում, ես արժանապատիվ կյանք եմ ուզում մեր ազատագրած երկրի մեջ: Սրանք ՝ այս շքանշանները, շատ թանկ են, բայց սրանցից թանկ բաներ ունեմ՝ իմ երեխաները, որոնք արժանապատիվ ապրելու իրավունք ունեն: Այնինչ իրանց ազատամարտիկ հայրկը մի հատ «բարնի արջուկ» գնել չի կարող: Աղջիկս ուզեց- ուզեց և ուզելով էլ մնաց: Ես հայտարարում եմ` հրաժարվելու եմ նաև թոշակիցս, այն նվիրում եմ Սերժ Սարգսյանին և Սեյրան Օհանյանին, իսկ վերջում ինձ կմնա մեկ շիշ բենզին ճարեմ, որ ինձ հրկիզեմ հենց Բաղրամյան 26-ի դիմաց»:

Ազատամարտիկը հայտարարեց, որ ինքն անձամբ ճանաչում է Սերժ Սարգսյանին էլ, Սեյրան Օհանյանին էլ: «Սերժ Սարգսյանն ինձ չի կարող չհիշել և չճանաչել, մենք մի միջանցքում ենք ապրել Ղարաբաղում: Ես Կոմանդոսի ջոկատից եմ եղել, կողքի կաբինետը իրենն էր, այն ժամանակ Սերժը պաշտպանության նախարարն էր»:

Աղբյուրը՝ galatv.am

 

Share Button