Նախախորհրդարան. ծնունդը և ուղին

1988-ին սկսված համաժողովրդական շարժումը, չնայած իր ազգային-ազատագրական բնույթին, չվերածվեց ինքնիշխան պետություն ստեղծելու համազգային պայքարի, այլ մնաց Արցախը Հայաստանին վերամիավորելու ձեւաչափում: Հայաստանը պետական անկախություն ձեռք բերեց ակամա՝ ԽՍՀՄ-ի փլուզման հետեւանքով: Արցախյան ազատագրական պայքարի մեջ ձեւավորված Հայաստանյան նոր քաղաքական վերնախավը մեծամասամբ պատրաստ չէր մեր բարդ տարածաշրջանում ինքնիշխան պետություն ձեւավորելու եւ կառավարելու գործին, բնույթով ստրկամիտ էր եւ չուներ այդ նպատակով մշակված ծրագիր:

Այս պատճառներով, Խորհրդային գաղութացումից ազատագրված Հայաստանում ձեւավորվեց հայության եւ նրա պետության շահերի հաշվին գործող ժամանակակից նորգաղութային կառավարման համակարգի մի տարբերակ, որի հիմնական հատկանիշներն են արտաքին թելադրանքը ռազմավարական նշանակության հարցերում եւ վարչախմբի պարագլխի բռնատիրությունը` մնացած հարցերում: Ընդ որում` այդ համակարգը գտնվում է մեկից ավելի արտաքին ուժերի ազդեցության ներքո եւ ըստ էության ձեւավորվում ու գործում է ըստ դրանց շահերի հաշվեկշռի: Առաջ անցնելով հարկ է նշել, որ այս հանգամանքը որոշակիորեն նպաստավոր է ազատագրման համար, քանի որ տարբեր արտաքին ուժերի պայքարը թուլացնում է նրանց գումարային ազդեցությունը:

Այսպիսի նորգաղութային կառավարումն առաջացրել է խորքային բացասական գործընթացներ, որոնց պատճառով երկրում ձեւավորվել է համակարգային ճգնաժամ: Պետությունը չի կայացել, նրա քաղաքական համակարգը` նույնպես: Իրական քաղաքական կյանք գոյություն չունի: Պետական կառավարման համակարգում վարչախմբի մաս կազմող կուսակցությունների վերնախավն անձնական ու կլանային շահերով միահյուսված հանցավոր կազմակերպություն է, որը յուրացրել է ժողովրդի իշխանությունը: Իսկ ընդդիմադիր կուսակցությունների վերնախավերն զբաղված են քաղաքական գործունեության իմիտացիայով եւ կամա թե ակամա` ապահովում են վարչախմբի վերարտադրությունն ու տիրապետությունը: Ցավոք, նրանցից ոմանք նույնիսկ գործակցում են վարչախմբի հետ: Ավելին` մի շարք ընդդիմադիր կուսակցություններ պարզապես ստեղծվել եւ պահպանվում են վարչախմբի կողմից: Հետզհետե ահագնացող այդ ճգնաժամը չկանխելու պարագայում մենք կկորցնենք պետականությունը, ինչը մեր տարածաշրջանի պայմաններում ռեալ սպառնալիք է հայրենաբնակ հայության ֆիզիկական գոյության համար:

Ի պատիվ մեր ժողովրդի` պետք է փաստել, որ ծախու եւ կամ անգործունակ ընդդիմության պայմաններում նա երբեք չի դադարել պայքարելուց: Ամենօրյա պայքարի կազմակերպական հնարավորություններից ու մեխանիզմներից զրկված լինելով, ժողովուրդը ներքին բնազդով պարբերաբար մոբիլիզացվում է պետական կառավարման համակարգի ներսում եւ ըստ նրա կանոնների վարչախմբի պարագլխին փոխելով ազատագրվելու միակ տարբերակի` նախագահական ընտրությունների ժամանակ իր վճռական «ոչ»-ն է ասում տվյալ պահի պարագլխին, սակայն նրա ընդվզման ալիքն ամեն անգամ դեմ է առնում համակարգի մեխանիզմներին ու մարում:

Ահա այս անլուծելի թվացող իրավիճակում տարիներ առաջ մի խումբ մտահոգ մարդիկ միավորվեցին ու ստեղծեցին «Սարդարապատ» շարժումը: Շարժման անվանման ընտրությունը պատահական չէր, քանի որ մեր երկրի ու ժողովրդի վիճակն իրոք սարդարապատային է:

2012 թ. կեսերին «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը դիմեց երկրի եւ ժողովրդի ճակատագրով մտահոգ մարդկանց` կոչ անելով համախմբվել ու սկսել պայքարը: Շուրջ երեք տասնյակ մտավորականներ սկսեցին հավաքվել եւ քննարկել պայքարի ծավալման ձեւերն ու մեխանիզմները, մշակել դրա ծրագիրը եւ քայլերի հաջորդականությունը: Որպես նրանց ջանքերի արդյունք` 2012 թ. նոյեմբերի 15-ին ծնվեց «Նախախորհրդարան» ազգային-քաղաքական նախաձեռնությունը եւ մշակվեց Հայրենիքի ազատագրության ծրագրի նախնական տարբերակը:

Այս ամենի մեջ ամենաաննախադեպն այն էր, որ Նախախորհրդարանն իր առջեւ խնդիր դրեց նախ մշակել վաղվա Հայաստանի՝ նոր որակի ազգային պետության ծրագիրը, ինչպես նաեւ դրան հասնելու ճանապարհային քարտեզը, որից հետո միայն ձեռնամուխ լինել դրանց իրականացմանը: Մինչ օրս հայկական իրականության մեջ ամեն ինչ արվել է առանց ծրագրի եւ ենթարկվել է իրադարձությունների ընթացքի տրամաբանությանը:

Նախնական քննարկումների ընթացքում ուրվագծվեց ապագա հայկական պետության բնութագիրը: Ընդունվեց այն տեսակետը, որ ապագա հայկական պետությունը պետք է միանգամայն նոր որակ ունենա, այսինքն ունենա լիարժեք ինքնիշխանություն, կարողանա պահպանել ու զարգացնել ազգային ինքնությունը, ապահովել հայության անօտարելի իրավունքների վերատիրացումը, ինչպես նաեւ ապահովել մարդու ազատ ու ստեղծագործ զարգացումը: Որպես նման պետության ձեւավորման առաջնային պայման` սահմանվեց այնպիսի պետական կառավարման համակարգի ստեղծումը, որն ի վիճակի է ձեւակերպելու եւ իրագործելու ազգային նպատակներ, ինչպես նաեւ առաջադրելու եւ լուծելու դրանցից բխող խնդիրներ: Փաստորեն, կառավարման համակարգով նորովի գաղութացված Հայաստանը պետք է ազատագրվի նոր որակի կառավարման համակարգի ձեւավորման ու գործադրման միջոցով: Անշուշտ, այս հարցում էական նշանակություն ունի քաղաքական սերնդափոխությունը, քանի որ Հայաստանի գաղութացմանը եւ նրա ժողովրդի իշխանության յուրացմանը մասնակցած հին քաղաքական սերունդը չի ուզում եւ չի կարող ապահովել ինքնիշխան Հայաստանի կառուցումը, ուստի եւ իրավունք չունի որոշիչ գործոն լինելու վաղվա Հայաստանի քաղաքական կյանքում:

Այս նպատակների իրագործման համար Նախախորհրդարանը նախատեսում է կատարել հետեւյալ հիմնական քայլերը.

1. համախմբել հայության մտավոր ու գաղափարական ներուժը` ձեւավորելով յուրօրինակ ինտելեկտուալ ճակատ, որը ապագայում պետք է դառնա Հայաստանի քաղաքական-մտավոր ընտրանու կորիզը,

2. մշակել նոր որակի պետության ձեւավորման ու զարգացման ռազմավարական ծրագիր,

3. ժողովրդի ինքնակազմակերպման ու կազմակերպման միջոցով ստեղծել Հայաստանում (Արցախը՝ ներառյալ) եւ արտերկրի գաղթօջախներում գործող համահայկական ցանց (որպես առանձին բաղադրիչ ներառելով նաեւ ինտելեկտուալ ճակատը)՝ այն վերածելով անհաղթահարելի ուժի,

4. այլընտրանքային ընտրությունների միջոցով ձեւավորել առկա կառավարման համակարգին զուգահեռաբար գործող օրենսդիր, դատական եւ գործադիր կառավարման մարմիններ (դրանցից գլխավորը նոր որակի պետության Հիմնադիր խորհրդարանն է):

Հիմնադիր խորհրդարանը, ձեւավորվելուց հետո վերջնականապես մշակելու եւ ընդունելու է նոր որակի պետության ձեւավորման ու զարգացման ռազմավարական ծրագիրը եւ միաժամանակ կատարելու է հետեւյալ քայլերը.

1. Հիմնադիր խորհրդարանի եւ քաղաքացիների միջեւ անձ առ անձ պայմանագրեր կնքելու միջոցով լեգիտիմացնել իրեն եւ զուգահեռաբար գործող մյուս կառավարման մարմիններին,

2. համահայկական ցանցի անհաղթահարելի ուժի ու հնարավորությունների գործադրմամբ ազդեցության եւ ճնշման, այդ թվում՝ քաղաքացիական անհնազանդության, տարբեր մեթոդների ու միջոցների գործադրմամբ` անցնցում կերպով հեռացնել վարչախմբին,

3. քաղաքացիների հետ կնքվող պայմանագրում սահմանված ժամկետով հայտարարել անցումային ժողովրդավարության սկզբունքով իրականացվող անցումային կառավարման փուլ եւ ստեղծել նոր որակի պետության ձեւավորման ու զարգացման համար անհրաժեշտ համակարգային նախադրյալներն ու պայմանները,

4. անցումային կառավարման փուլի ավարտին կազմակերպել ժողովրդավարական ընտրություններ եւ ձեւավորել պետական կառավարման մարմիններ:

Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր կարող են դառնալ եւ նրանց ընտրություններին կարող են մասնակցել նաեւ արտերկրում բնակվող հայերը: Միակ պայմանն այն է, որ պատգամավորները Հիմնադիր խորհրդարանի գումարման առաջին օրվանից պետք է մշտապես բնակվեն Հայաստանում: Այս հանգամանքը շատ կարեւոր ու աննախադեպ է համահայկականության ապահովման առումով, որովհետեւ ապագայի հայկական պետությունը պետք է ներկայացնի ու պաշտպանի համայն հայության շահերը եւ ծառայի համահայկական նպատակներին: Բացի այդ, Հիմնադիր խորհրդարանը ոչ միայն պարզապես օրենսդիր, այլեւ ազգային-ազատագրական պայքարի ղեկավար մարմին է, ուստի պետք է ներառի հայության ամենակարող եւ ակտիվ մտավոր-քաղաքական շրջանակներին:

Նախախորհրդարանի որդեգրած ծրագրի մյուս առանձնահատկությունն էլ վարչախմբի անցնցում հեռացումն է: Դա յուրօրինակ երրորդ ճանապարհ է եւ այլընտրանք է մինչ օրս պատկերացված երկու դասական տարբերակներին, որոնցից առաջինը՝ ընտրությունների մեխանիզմը, մեզանում չի գործում, իսկ երկրորդը՝ բռնությունը, հղի է պետականության կորստի ռեալ վտանգով: Այս երրորդ ճանապարհն առանց այլեւայլության հաղթական է, քանի որ հիմնվում է ժողովրդի ինքնիշխանությունը համակարգից դուրս դրսեւորելու եւ նրա իշխանությունը ոչ թե ըստ համակարգի խաղի կանոնների, այլ ժողովրդի սահմանած կանոնների իրականացնելու մեթոդաբանության վրա:

Որպես ազգային-ազատագրական պայքարի հաղթանակի, իսկ հաղթանակից հետո՝ նաեւ նոր որակի հայկական պետության մեջ դրական փոփոխությունների անդառնալիության ու կայուն զարգացման գրավական, Նախախորհրդարանն այսօրվանից որդեգրել է եւ ձգտում է արմատավորել կոլեգիալ որոշումների կայացման մշակույթ, ինչպես նաեւ ձգտում է ձեւավորել ապագա հայկական պետության նոր ընտրախավի «հրեշացման» կանխարգելիչ մեխանիզմներ:

Նախախորհրդարանը բոլոր գաղափարական-քաղաքական եւ հասարակական-քաղաքացիական ուժերի ու հոսանքների համատեղ ու համախումբ գործունեությունն ապահովող ամենալայն հարթակն է հայաստանյան իրականության մեջ: Այն նաեւ համալրման ու նորացման մշտական ռեսուրս ունի, քանի որ նրա անդամների մի զգալի մասը քաղաքական ամբիցիաներ չունի եւ պատրաստ է իր տեղը զիջելու ավելի պատրաստված ու գործունյա մարդկանց:

Նախախորհրդարանի գործունեության հիմնական ուղղություններից է նաեւ օրվա ցավոտ ու հրատապ խնդիրների ոլորտը: Ընդ որում` Նախախորհրդարանը ոչ միայն հայտնաբերում է ինքնաբուխ դիմադրության առկա օջախները, այլեւ իր բարձրացրած հարցերով առաջացնում է նոր օջախներ, աջակցում է դրանց ու ներգրավում ազգային-ազատագրական պայքարի մեջ:

Ժիրայր Սեֆիլյան

«Շուշի» առանձնակի գումարտակի նախկին հրամանատար,
«Նախախորհրդարանի» քարտուղարության անդամ
Հատուկ «ՀԺ»-ի համար

Աղբյուրը` armtimes.com

Share Button