«Նախախորհրդարանում» առաջնորդ անձ չկա

Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանն այսօր «Հայնյուզ» մամուլի ակումբում անդրադարձավ «Նախախորհրդարանի» առաջիկա ծրագրերին և մոտեցումներին երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«Նախախորհրդարանում» առաջնորդ անձ չկա: Փրկչի գաղափարը, որ մեր ժողովրդի մոտ արմատացավ վերջին ժամանակահատվածում, պետք է քանդել, և հույսը պետք է դնենք ինքներս մեր վրա:

Մեկ անձի գաղափարը նաև շատ ավելի է մեծացնում այդ անձի նկատմամբ հիասթափության դեպքում ամբողջ շարժման թուլացման հավանականությունը: Պետք է սովորենք կոլեգիալ որոշումներ կայացնել և պատասխանատվություն կրել»,- ասաց նա:

Խոսելով մայիսի 17-ին կայացած հանրահավաքի մասին` «Նախախորհրդարանի» քարտուղարն ասաց, որ այն ուղղակի ելույթների հանրահավաք չէր, այլ դրվեց մարդկանց ինքնակազմակերպման գործընթացի սկիզբ:

«Իրավիճակը բոլորիս համար պարզ է, սակայն գլխավորը ստեղծված իրավիճակից դուրս գալն է, թե ինչով փոխարինել այս համակարգը: «Սերժ մարդասպանը» լոզունգ է, որին պետք է հաջորդի գործողություն: Սովորաբար իշխանությունները ձևավորվում են ընտրությունների միջոցով, սակայն այս ռեժիմի օրոք դա անհնար է»,- նշեց նա։

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հետ համագործացության ավարտի պատճառներին` Ալեք Ենիգոմշյանը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, շնորհիվ իր ունեցած խարիզմայի, իր կենսագրության և ժամանակի հանգամանքների բերումով, առարկայական օբյեկտիվ հենքի վրա նախագահական ընտրություններում իր շուրջը հավաքեց շատ կարևոր տոկոս, և այդ իրողությունը դրեց բարձր պատասխանատվություն Րաֆֆի Հովհաննիսյանի վրա:

«Մենք, համագործակցելով նրա հետ, անընդհատ հորդորել ենք, որ խնդիրը ոչ ընտրությունների օրն է լուծվել, ոչ էլ ապրիլի 9-ին է լուծվելու, և անհրաժեշտ է պայքարի ծրագիր, պետք է լիներ համապատասխան մարմին, որը քաղաքական պայքարի ծրագիր կպատրաստեր, որպեսզի կարողանայինք փուլային արդյունքի հասնել, սակայն նա չուզեց անսալ մեր խորհուրդներին, և ունեցանք այն ապրիլի 9-ը, որն ունեցանք»,- նկատեց նա:

Բանախոսը նշեց, որ ապրիլի 9-ից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը չներկայացրեց ծրագիր և մեծ հիասթափություն պատճառեց. «Ապրիլի կեսից սկսած՝ մենք սկսում ենք ինքնուրույն քայլեր, մենք բաց ենք բոլորի առջև, ուղղակի ունենք մեր ճանապարհային քարտեզը, այդ բոլորը քննարկման համար բաց են»:

Ալեք Ենիգոմշյանը հաղորդեց նաև, որ մայիսի 28-ին տեղի է ունենալու հանրահավաք Վանաձորում:

 

Աղբյուրը՝ haynews.am