«ՀայՌուսգազարդը» կարող էր գազի գինը պահպանել` իր եկամուտի կրճատման հաշվին

««ՀայՌուսգազարդը» փորձում է ապահովել գերշահույթ:

Միանգամայն հնարավոր է պահպանել մեզ վաճառվող 360 ԱՄՆ դոլարը` ընկերության եկամուտների կրճատման հաշվին, այսինքն` թող կրկնակի գնով մեզ գազ չվաճառի: Եթե կլինեն մարդիկ, որ կասեն` բյուջեն կվնասվի, ապա հիշեցնեմ` թող կրճատեն 60-80 տոկոսի հասնող ստվերային տնտեսության ցուցանիշը և դրա հաշվին էլ ապահովեն մուտքերը»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

Վերջինը վստահեցրեց, որ գազի գնի բարձրացումը հանգեցնելու է առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման, մասնավորապես, հացի: Ինչ վերաբերում է 30 տոկոս սուբսիդավորմանն, ապա, փորձագետի դիտարկմամբ, այն իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:

Հանդիպմանը ներկա ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը ևս անընդունելի համարեց սուբսիդավորումը` նկատելով, թե, նախևառաջ, պետք է ավելացվեն ժողովրդի եկամուտները:

HayNews.am-ի հարցին` սա Ռուսաստանի կողմից քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական շանտաժ է, Ազատ Արշակյանը նկատեց, թե գազի գնի բարձրացման մասին վաղուց էր խոսվում և, որ այն ապրանք է և ինչպես բոլոր ապրանքների դեպքում, գինը ժամանակ առ ժամանակ պետք է փոխվի, որը Հայաստանը չի կարող զսպել, քանի որ Ռուսաստանի ձեռքում է անվտանգության մանդատը.
«Ռուսատանն անվտանգության ապահովման պարտականությունները լավ է կատարում: Այլ հարց է, որ ռուսական բազաների դիմաց պետք է լուրջ նյութական շահ ունենանք: Ես չեմ ուզում, որ ենիչեները մտնեն էջմիածին, կամ Հայաստանը դառնա Կիլիկիա, Մշո դաշտ, Երևանի Արաբկիրը հայտնվի էն Արաբկիրի կարգավիճակում: Ես պատերազմ եմ տեսել և վախենում եմ շատ: Մենք չենք կարող թուլացնել մեր անվտանգությունը: Ռուսաստանի շնորհիվ մեր բանակը վերազինվում է ժամանակակից տեխնիկայով»,- շեշտեց նախկին քաղբանտարկյալը:

Ինչի հետ բացարձակ չհամաձայնեց կառավարման համակարգի փորձագետը. «Ինչ շանտաժ էլ լինի, հայրենի կառավարությունը կարող էր իր խոսքն ասել: Հայաստանի իշխանությունները պետք է վարեն հայաստանակենտրոն քաղաքականություն: Ձեր բերած հիմնավորումը ստրկամտություն է, կներեք: Հարձակվում են նրա վրա, ով իրեն թույլ է համարում: Մենք չպետք է սպասենք ոչ մեկի հայաստանակենտրոն քայլերին, այլ ինքներս պետք է նման քաղաքական գիծ ունենանք: Վախենում եք, ուրեմն թող վախկոտները մի կողմ անցնեն և չխանգարեն քաջերին: Այստեղ մի անեկդոտ հիշեցի, մեկը պահածոն ձեռքին մի քանի ժամ է չի բացում, ասում են` ինչու՞, պատասխանում է` երբ ռադիոն միացնում եմ, Վլադիմիր Իլյիչ եմ լսում»:

Աղբյուրը՝ haynews.am

Share Button