Սա ազգային պետություն չէ, այլ կեղեքման և ստրկացման գործիք

Մեր զրուցակիցն է պահեստազորի գնդապետ, իրավաբան, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի և Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Վարուժան Ավետիսյանը

Օրերս զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանությունը ցասման ալիք բարձրացրեց: Դուք տարիներ շարունակ զինված ուժերում եք եղել և ներսից գիտեք խնդիրները: Ըստ Ձեզ՝ որտե՞ղ են դրանց բուն պատճառները. սպայական կազմի ցածր պատրաստվածությո՞ւնը, բանակում իշխող քրեական բարքերը՞, թե՞…

Հարցին ամբողջական պատասխանելու համար նախ պետք է լայն անդրադարձ կատարենք մեր իրականությանը, մեր պետական կյանքին: Մենք պետք է հիշենք, որ Արցախյան ազգային ազատագրական շարժումը սկսվելու ժամանակ մեր միակ նպատակը Արցախը Հայաստանին վերամիավորելն էր: Մեր համաժողովրդական շարժումը չէր հետապնդում անկախ պետություն ստեղծելու նպատակ: Խորհրդային Միությունը փլուզվեց աշխարհաքաղաքական զարգացումների և ներքին պրոբլեմների հետևանքով, և մենք մյուս խորհրդային հանրապետությունների նման ակամա դարձանք անկախ պետություն: Որպես ազգ, մենք պատրաստ չէինք անկախ պետություն ունենալուն և ինքնիշխան գործունեություն վարելուն: Այդ պատճառով պետական կառավարման համակարգի ինստիտուտներն ու գործառույթները ձևավորվեցին հընթացս՝ առանց համակողմակի ու խորքային իմաստավորման և պլանավորման: Մեր անփորձության ու անպատրաստության պատճառով խորհրդային գաղութացումից ազատված Հայաստանն ինքնիշխան պետություն դառնալու փոխարեն ընդամենը վերածվեց ժամանակակից նորգաղութային պետության, որտեղ կառավարող վարչախումբն ընդամենը ներքին ադմինիստրացիա է, իսկ պետական կառավարման հիմնական հարցերի լուծումը կախված է աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների կամքից:

Հասկանալի է, որ օտար տերերի կողմից կառավարելի վիճակ ապահովելու համար պետք է ձևավորվեր ոչ արդյունավետ, դրականի փոխարեն բացասական ընտրասերում ապահովող պետական կառավարման համակարգ: Առկա օբյեկտիվ գործոնների բերմամբ՝ որպես հիմք վերցվեցին նախկին խորհրդային կառավարման մշակույթն ու համակարգը, սակայն աչք խաբելու համար վերջինս արտաքուստ ամփոփվեց արևմտյան կերպերի մեջ: Ուստի մեր պաշտպանական համակարգը` որպես պետական կառավարման համակարգի մի մաս, նույնպես կառուցվեց այդ ձևաչափի մեջ և ենթարկվեց նրա ներքին տրամաբանությանը՝ ձևավորվելով որպես խորհրդային նախատիպի գավառական սուրոգատ, որը միայն անունով է հայկական: Եվ բանակը նույնպես վերածվեց արտաքին ուժերի ռազմավարական շահերի և դրա սահմաններում՝ տեղի խամաճիկային վերնախավի անձնական ու կլանային շահերը սպասարկող գործիքի: Այդ սահմանից դուրս բանակը ոչ մի նպատակ չի հետապնդում և միտված չէ որևէ խնդիր լուծելու: Մասնավորապես՝ Արցախի մասով այն ընդամենը երաշխավորում է աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների շահերի համադրությամբ ձևավորված ստատուս քվոն:

Շատ է խոսվում այն մասին, որ պատերազմից եկած տղերքի խնդիրը չկարողացանք լուծել, որ ամենաթողությունը նաև «մենք կռված տղերք ենք, մեզ ամեն ինչ կարելի է» մտայնության հետևանք է:

Ազգային արժանապատվության համար զենք բարձրացրած կամավորականներին, որոնց մենք ազատամարտիկ ենք անվանում, պետք է գուրգուրենք և աչքի լույսի պես պահենք: Սակայն սա ազգային պետություն չէ, և ազգային արժանապատվությունն այստեղ արժեք չէ, ու պետական կառավարման համակարգն էլ նման գործառույթ չի իրականացնում: Ամենն իմիտացիայի մակարդակով է արվում, որպեսզի պետություն ունենալու տպավորություն առաջանա: Սա ուղղակի խաբեություն է, որ հասարակության ամենաակտիվ շերտերը, բոլոր զգայուն կետերը և հարցերը, այդ թվում` ազատամարտիկների հետ կապված հարցերի առումով, առաջին պլան չգան, և ժողովուրդը չհասկանա, որ սա ազգային պետություն չէ, այլ կեղեքման և ստրկացման գործիք: Ինչ վերաբերում է ազատամարտիկների խնդիրները լուծել-չլուծելուն, ապա մենք գիտենք տասնապատիկ անգամ ավելի շատ ազատամարտիկների, որոնք չընդունեցին համակարգի խաղի կանոնները, չդարձան իրենց ժողովրդին և երկիրը կեղեքելու մեքենայի անիվներ և պտուտակներ: Այդպիսիք դարձան միայն այն մարդիկ, որոնք թույլ էին նյութի նկատմամբ կամ ի սկզբանե այդպիսի հոգեկերտվածք ունեին: Ազատամարտին մասնակցելու հանգամանքը չարաշահող հայտնի բարձրաստիճան մարդկանց ջախջախիչ մեծամասնությունը կամ լրջորեն չեն մասնակցել ազատամարտին, կամ զբաղվել են թալանով և իրենց կարիերայի հարցերով` ազատամարտի ընթացքի կեսից արդեն սպասարկելով ձևավորվող հանցավոր վերնախավի շահերը և սերտաճելով նրա հետ: Անշուշտ, հանուն ճշմարտության`պետք է ասել, որ նրանց մեջ կան մարդիկ, ովքեր քիչ թե շատ լուրջ ներդրում ունեն, բայց հետո անկում են ապրել: Սակայն նրանք մեծամասնություն չեն կազմում: Ազատամարտիկների դիմակի տակ հանդես եկողներին պետական կառավարման համակարգի հատկապես երկրորդ և երրորդ էշելոններ բերելն ու նրանց օգտագործելը նույնպես հատուկ դիտավորությամբ է արված, որպեսզի այդ արժեքային համակարգի շահարկմամբ երկրի ու ժողովրդի նկատմամբ իրենց տիրապետությունն ավելի կայուն ու երկարատև լինի: Սա ամենավատթար մեթոդներից մեկն էր, որ կարելի էր ժողովրդի նկատմամբ կիրառել, բայց մեր հանցավոր վենախավը իր շահերից ելնելով գնաց այդ քայլին: Եվ հիմա, ինչպես ասացի, մենք գործ ունենք վերից վար կոռումպացված և ազգատյաց շահառուական համակարգի հետ: Համակարգի մեջ որոշումներ կայացնող բոլոր մարդիկ հայ ժողովրդի իշխանությունը յուրացրած հանցագործներ են և պետք է պատասխան տան իրենց արարքների համար` անկախ իրենց անցյալից: Պատմությունից հայտնի դեպք է, որ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայի հերոս դարձած մարշալ Պետեն Վիշիի կառավարության ղեկավար դառնալու համար արժանացավ իր ժողովրդի պատժին:

Այս օրերին հնչեց նաև պաշտպանության նախարարի հրաժարականի անհրաժեշտությունը, նախարարն ինքը համաձայն չէ այս կարծիքի հետ, քանի որ չի կարծում, թե բանակում ամենաթողություն է: Կադրային փոփոխության դեպքում հնարավոր համարո՞ւմ եք որոշակի փոփոխություն բանակում:

Բացառվում է: Ղեկավարը կարող է ընդամենը մի փոքր բարելավել վիճակը: Իմիջիայլոց, նաև զոհերի առումով վիճակը 90-ականների համեմատությամբ նույնը չի մնացել, և իր ինքնապաշտպանական բնազդից ելնելով` համակարգը փորձել է հնարավորինս մեղմել շահերի բախումը և ստեղծել քիչ թե շատ կառավարելի վիճակ: Ներկայում բանակի ներքին օղակներում քրեական արժեհամակարգի ու մեխանիզմների վրա դրված կառավարման համակարգը որոշակիորեն վերահսկվում է և կանոնիզացված է, ինչի շնորհիվ վիճակը մասամբ փոխվել է: Բացի այդ, 90-ականներին շատ բացասաբար էին ազդում նաև կենցաղային վատթար պայմանները, որոնք հիմա բարելավվել են, սպաների մեծ մասը չէին համապատասխանում իրենց պաշտոնին, չունեին համապատասխան գիտելիքներ և հմտություններ, այժմ վիճակն այլ է: Ուստի հասկանալի է, որ հիմա մի քանի անգամ պակաս զոհեր պետք է ունենանք: Դրական փոփոխությունները պետք չէ ուրանալ, բայց, միևնույն է, վիճակը չի կարող արմատապես բարենորոգվել, քանի դեռ ամբողջ պետական կառավարման համակարգը չի փոխվել և ըստ այդմ բանակի ներքին կառավարումը քրեականից իրավականի չի վերածվել:

Ըստ Ձեզ, ինչպե՞ս կարելի է հասնել համակարգափոխության կամ ազգային պետության ստեղծման, երբ ընտրությունից ընտրություն խորը դեպրեսիայի մեջ հասարակություն ենք ունենում, իսկ ցանկացած նախաձեռնության նկատմամբ հասարակությունն անվստահություն է ցուցաբերում:

Օբյեկտիվ իրողություն է, որ այս համակարգի մեջ կամ այս համակարգի միջոցով ժողովուրդը չի կարող լուծել իր խնդիրները: Ինքնակազմակերպումը ստացվում է, բայց ստացվում է կոնկրետ նպատակի շուրջ և այդ նպատակի տրամաչափով ու մակարդակով: Այլ բան է, թե այն վերջնական արդյունքի հասնում է, թե ոչ: Հիմնականում չի հասնում: Կարող են լինել լոկալ արդյունքներ, որոնք չեն հանգեցնում իրավիճակի փոփոխության: Այդպիսին էր, օրինակ, Մաշտոցի պուրակի դեպքը: Որպեսզի ամբողջ ժողովուրդը ինքնակազմակերպվի, անհրաժեշտ է համաժողովրդական նպատակ, ինչը մեր պարագայում ազգային պետության ստեղծումն է: Քանի դեռ մենք չունենք ազգային պետություն, մեր որևէ խնդիր չի լուծվի: Քրդերն այդ առումով մեզնից շատ ավելի լավ վիճակում են, նրանք գիտեն, որ պետություն չունեն և պայքարում են պետություն ունենալու համար, մինչդեռ մեզ թվում է, թե մենք պետություն ունենք, ինչը կաշկանդում է մեզ և նվազեցնում մեր պայքարի ներուժը: Փառք Աստծո, որ արդեն տեղաշարժ կա, և ժողովուրդը կամաց-կամաց գալիս է այդ գիտակցությանը:
Ներկայում մարդկանց մտքերը և մոտեցումները շատ արագ տեմպերով ու ծավալով են կերպափոխվում, և ազգային նպատակադրման հունի մեջ մտնելու գործընթացը տասնապատիկ ինտենսիվ է դարձել: Կարճ ժամանակ հետո ազգի քաղաքական առողջ ակտիվի ճնշող մեծամասնությունը միանշանակ հանգելու է նոր որակի պետություն ստեղծելու անհրաժեշտության համոզմանը, որից հետո շոգեքարշի նման կտանի մնացածին:

Սիրանույշ Պապյան

Աղբյուրը՝ lragir.am

 

Share Button