Հավատա՛նք Ժիրայր Սեֆիլյանին, նա պատահական մարդ չէ. Երվանդ Մանարյան

Արվեստի վաստակավոր գործիչ, դերասան Երվանդ Մանարյանը, ով մասնակցել է մայիսի 17-ին «Նախախորհրդարանի» կազմակերպած հանրահավաքին, կարծում է, որ կարելի է հավատալ Նախախորհրդարանի քարտուղարության անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին: «Նա էն տեսակ մարդ է, որ պատերազմ է անցել, նա պատահական մարդ չէ, հավատա՛նք այդ մարդուն»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Նշենք, որ Երվանդ Մանարյանը միշտ աչքի է ընկել ըդդիմադիր կեցվածքով և վերջին տարիներին մշտապես մասնակցել է ընդդիմության, մասնավորապես, Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած հանրահավաքներին։

Դերասանի կարծիքով՝ երկրում հեղափոխություն անելու նմանատիպ փորձերը չեն կարող արդյունք չտալ: «Մենք գնում ենք փոփոխության, և դա մեր հոգեբանության մեջ, անպայման, տեղի է ունենում, սա շատ ճիշտ ճանապարհ է, հասարակությունը պետք է սովորի, հավաքվի, ասի, խոսի, լսի, իրար հետ խոսեն, ասեն, որոշեն, սա է ճիշտ ճանապարհը»,- ասաց նա:

Հարցին, թե այդ առումով առանձին-առանձին գործելն արդյոք արդյունք կտա, Երվանդ Մանարյանը պատասխանեց, որ դա երբևէ արդյունավետ չի եղել և չի էլ կարող լինել, բայց ժամանակ է պետք, որ առանձին-առանձին գործողները միանան: Նա կոչ արեց համբերություն ունենալ և այդ ժամանակը, այդ տարածությունն անցնել: «Մենք նոր ենք սկսել էս տեսակ բաներ անել, մենք ընդամենը մի քանի տարի է, որ էս տեսակ բաներ ենք անում, պիտի սովորենք, էդ էլ է սովորելու բան»,- ասաց արվեստի վաստակավոր գործիչը:

Իսկ թե ինչպիսի հանգուցալուծում ունեցավ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած հեղափոխությունը, Մանարյանը դժվարացավ ասել՝ ընդգծելով, որ դա Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է ասի, ինքն էլ երևի չի կարող հստակ ասել, որովհետև շահագրգռված կողմն է:

Բայց մի բան պարզ էր՝ ժողովուրդը Հովհաննիսյանին քվե է տվել: «Առաջին անգամ այս շարժումը սկսվեց, առաջին անգամ նախագահ ընտրելուց ժողովուրդը գնաց քվե տվեց ինչ-որ մի մարդու, թե այդ մարդն արժանավոր է, արժանավոր չէ, ժողովուրդը որոշեց, որ նրան պետք է քվե տա: Դա եղել է, չէ՞։ Դե որ եղել է, ուրեմն եղել է»,- նկատեց նա:

Դերասանի խոսքով՝ այդ քվեին տեր կանգնելը շատ դժվար բան է, դրա համար փորձ է պետք, որովհետև դիմացինը շատ ավելի փորձառու է քվե ստացած մարդուն ոտքի տակ տրորելու հարցում. «Բայց Րաֆֆին դեռ, կարծես թե, ընդունում է, և ինքը, այնուամենայնիվ , շարունակում է և ճիշտ է անում, որ շարունակում է իր կեցվածքն այնպիսին, որ ինքը քվե ստացողն է, և իրոք էդպես է, ինքը քվե ստացողն է»:

Եզրափակելով խոսքը՝ Երվանդ Մանարյանը նշեց, որ այսօր քայլերով առաջ գնալու խնդիր է: «Էդ ամեն ինչը երկնքից չի թափվի, որ մենք էլ Ծառուկյանի եկեղեցու բացմանը սեղաններից հավաքենք, տանենք տուն, էդպես չի, ամեն ինչ կամաց-կամաց է, կլինի»,- հույս հայտնեց նա:

Աղբյուրը՝ www.tert.am