«Եթե համախմբվենք ամբողջ Հայաստանով մեկ, ապա հաղթանակ կտանենք»

Մայիսի 19-ին Նախախորհրդարանը կրկին Վանաձորում էր: «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում վանաձորցիների հետ: Մոտ 30 մարդ՝ տարբեր մասնագիտությունների, եկել էին լսելու Նախախորհրդարանի ծրագիրը, իրազեկվել նախաձեռնության մասին: Այդ մարդկանց մեջ կային դասախոսներ, ազատամարտիկներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ եւ այլ մասնագիտությունների տեր մարդիկ:

Հանդիպումը պետք է սկսվեր մամլո ասուլիսով, սական, չնայած Նախախորհրդարանի տարածած հայտարարությանը՝ լրատվամիջոցների շատ փոքրաթիվ ներկայացուցիչներ կային:

Հանդիպման սկզբում Նախախորհրդարանը հակիրճ ներկայացրեց գործողությունների ծրագիրը եւ նպատակը, ապա հարցուպատասխանի ֆորմատով նախաձեռնության ներկայացուցիչները պատասխանեցին վանաձորցիների հարցերին: Հավաքվածներին հետաքրքրում էր, թե արդյո՞ք չի կրկնվի Րաֆֆի Հովհաննիսյանի պատմությունը, ինչին ի պատասխան Ժիրայր Սեֆիլյանն ասաց.«Րաֆֆի Հովհաննիսյանի թիկունքում ժողովուրդն էր կանգնած, բայց ամեն անգամ գնալով հանրահավաքի եւ լսելով նույն ճառերը, եւ չստանալով գործողությունների ծրագիր՝ ժողովուրդը չգիտեր ինչ աներ, այո, համախմբված էին, բայց այդ համախմբվածությունը մարեց գործողությունների ծրագիր չունենալու պատճառով»:

Գարեգին Չուգասզյանը ապացուցելու համար, թե որքան համախմբված է մեր ժողովուրդը, բերեց օրինակ Հայաստանում կատարված վերջին իրադարձություններից: «Հայրը, իր մահացած որդու դին տեղափոխում էր Երեւան՝ իշխանությունների դեմ բողոքելու համար, ի՞նչ կատարվեց. ոստիկանները փակեցին ճամփան, բայց դա էլ չխանգարեց գյուղի ժողովրդին, եւ հուսահատ մարդկանց պահելու միակ ձեւը կանոնավոր բանակի օգնությանը դիմելն էր: Տեսա՞ք ինչ կատարվեց, ժողովուրդը համախբվեց, եւ եթե նման կերպ համախմբվենք ամբողջ Հայաստանով մեկ, ապա հաղթանակ կտանենք»: Նույն հարցին անդրադառնալով՝ Հասմիկ Էվոյանը բերեց Մաշտոցի պուրակի եւ Մարց գյուղի օրինակները, որտեղ հասարակ ժողովուրդը պայքարելով հասնում է իր ուզածին:

Ծանոթանալով Նախախորհրդարանի ծրագրին՝ վանաձորցիների մոտ բազում հարցեր առաջացան: «Լոռու մարզ» թերթի քաղաքական վերլուծաբան եւ դասախոս Գեւորգ Չատինյանին հետաքրքրում էր, թե հաղթանակից հետո ինչ ուղղությամբ է շարժվելու Հայաստանը՝ Ռուսաստա՞ն, թե՞ Ամերիկա: Սրան ի պատասխան Գ. Չուգասզյանը նշեց. «Պատկերացրեք երկու նժարով կշեռք, եւ այդ կշեռքի 2 նժարների էլ շատ ծանր կշռաքարեր են դրված, եւ կշեռքը տատանվում է, նժարները հավասար քաշ ունեն, բայց մի թիթեռնիկ կարող է թռչելով մի նժարից մյուսը՝ խախտել հավասարակշռությունը, մենք` հայերս, պետք է նման քաղաքականություն վարենք, մենք այլ ելք չունենք, մենք պետք է լինենք վճռական եւ քաջ, ամեն մի գերտերություն, որը ազդեցություն ունի տարածաշրջանում, պետք է հաշվի նստի Հայաստանի հետ, այլ ոչ թե թելադրի խաղի կանոնները»:

Լոռու մարզային ցանցի համակարգող Հովհաննես Ղազարյանին հետաքրքրում էր, թե ի՞նչ է լինելու կուսակցությունների հետ: Գ. Չուգասզյանը պատասխանեց, որ կուսակցությունները մնալու են նույնը, որովհետեւ առանց կուսակցությունների քաղաքական դաշտ չկա, բայց կուսակցությունները որեւէ կերպ չեն կարող մասնակցել Նախախորհրդարանի՝ լեգետիմություն հաստատելու գործընթացին:

Տիգրան Սիմոնյան

 

Աղբյուրը՝ asparez.am

Share Button