«Վալեքս գրուպը» Արցախում օտարել է 6 գյուղ և թալանում է մեր ընդերքը

«Ես գալիս եմ Բյուրական գյուղից, որտեղ Աղվան Հովսեփյանը կառուցում է Հայաստանի հերթական մահացու ՀԷԿ-երից մեկը, որտեղ ամբողջ գյուղը կանգնած է ոտքի և պատրաստ է, իրենց բառերն եմ կրկնում, մեռնել, բայց չթողնել, որ այդ ՀԷԿ-ը կառուցվի»,- այսօր Ազատության հրապարակում հայտարարեց լուսանկարիչ, ակտիվիստ Եղիա Ներսիսյանը, ով մասնակցում էր Նախախորհրդարանի կազմակերպած հանրահավաքին:

Եղիա Ներսեսյանը նշեց, որ Հայաստանում բնապահպանական խնդիրները, որոնք գլխավորապես հանքերի և ՀԷԿ-երի հետ են կապված, շատ են և թվարկեց այն բնակավայրերի անունները, որտեղ դրանք առկա են` Բյուրական գյուղ, Մարց գյուղ, Քաջարան, Գետահովիտ, Ուջան:

«Ամբողջ Հայաստանը դառնալու է վառվող բոց` մեր չընտրված իշխանության համար, և իրենք չեն հասցնելու վազվզել հայ ժողովրդի, հայ գյուղացու վառած բոցը հանգցնելու համար: Մենք բոլորս պատրաստ ենք մեռնել` հանուն ապրելու, իսկ իրենք ապրելու են և երազեն իրենց մահը»,- ասաց Եղիա Ներսեսյանը:

«Հենց հիմա մատնացույց եմ անում «Վալեքս գրուպ»-ին, թող ինձ դատի տան, ինչպես «Դինո Գոլդը», հենց հիմա Արցախում` Կարշենում, օտարել են 6 գյուղ, հանում են հայ զինվորի արյունով ազատագրված հողերը և թալանում են մեր ընդերքը: Մենք չենք թողնելու ոչ մի դեպքում»,- եզրափակեց իր խոսքը Եղիա Ներսեսյանը:

Աղբյուրը` econews.am

Share Button