Ժիրայր Սեֆիլյանը կոչ արեց երիտասարդներին չլքել Հայաստանը

«Մինչ օրս այս ռեժիմը կարողացել է իր դիրքերում տարիներ շարունակ պահպանվել, ոչ այն պատճառով, որ ուժեղ է եղել, այլ որ գործող ընդդիմադիր ուժերը գործել են անկազմակերպ ու սխալ»,- Ազատության հրապարակում «Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության հրավիրած հանրահավաքում ասաց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:

Նա նշեց, որ հիմա պետք է ինքնակազմակերպվել, «հիմա»-ն առաջին հերթին վերաբերում է ինքնակազմակերպվելուն: Այսօր, ըստ նրա, պետք է ձևավորել քաղաքացիական անհնազանդության ունակ խմբեր: Ինքնակազմակերպման և կազմակերպման պարտականությունն առաջին հերթին վերաբերում է առաջամարտիկներին, ինչպես արցախյան պատերազմի ժամանակ էր: Ովքեր ուզում են լինել առաջամարտիկ, ըստ նրա, պետք է կապվեն իրենց հետ: Սեֆիլյանն ասաց, որ ունեն շատ լավ ծրագիր, բայց այն կմնա թղթի վրա, եթե չկարողանան տալ դրան միս ու արյուն, կազմակերպել աջակցող խմբեր, որոնք կունենան հստակ գործառույթներ՝ ժողովրդին տեղերում նապապատրաստում, իրենց պատկերացրած այլընտրանքային ընտրությունների պատրաստում: Ըստ նրա՝ պետք է ինքնակազմակերպման մարմիններ ստեղծվեն մարզերում, այդ մարիմինները կարող են ինքնակազմակերպվել և կապ հաստատել իրենց հետ: Ըստ Սեֆիլյանի՝ նույնանման գործընթաց պետք է լինի Սփյուռքում:

Ժիրայր Սեֆիլյանի խոսքով՝ ինքնակազմակերպում ասելով՝ հասկանում են բոլոր ազնիվ նպատակներով ստեղծված քաղաքացիական նախաձեռնությունները:

Նա նշեց, որ Նախախորհրդարանի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հուլիս 12-ին, իսկ մինչ այդ, ըստ Սեֆիլյանի, յուրաքաչյուր երկու շաբաթը մեկ անգամ Ազատության հրապարակում կլինեն հանդիպումներ ու քննարկումներ:

«Մենք խնդիր ունենք մեր ճանապարհային քարտեզը բացելու, խնդիր ունենք մեր ծրագրի ընկալելիության, դրա համար մենք կազմակերպում ենք այդ հանդիպումները, միաժամանակ լսելու ենք մեր ժողովրդին»,- ասաց նա:

Ըստ Սեֆիլյանի՝ այսօր պաշտոնապես բարձրացնում ենք մեր երկիրն ազատագրելու դրոշը: Այս առիթով նա կոչ արեց արցախյան պատերազմի մասնակիցներին միանալ այս շարժմանը: Հաջորդ կոչն ուղղվեց երիտասարդներին՝ չլքեք երկիրը: «Մենք սկսում ենք, մի լքեք: Միասին պայքարելու ենք, երիտասարդություն, ոչ մի տեղ չգնաք, ոչ մի կուսակցություն, մենք եկել ենք, միասին ձևավորելու ենք քաղաքացիական բանակը»:

Պայքարին միանալու հաջորդ կոչը Սեֆիլյանն ուղղեց Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին:

Աղբյուրը՝ lragir.am

 

Share Button