«Չընտրությունների փուլն ավարտվեց, սկսվեց գործ անելու փուլը»

Դերասանուհի Սիրանուշ Ղուկասյանը Գյումրիից իր ելույթում նշեց. «Եթե Գյումրին կարողացավ ոտքի կանգնել, ուրեմն ողջ հայությունը ոտքի կկանգնի, այսօր տրոփում է Գյումրու սիրտը, այսօր բոլորը խոսում են Նախախորհրդարանի հանրահավաքի մասին, հավատ է ծնվել: Գյումրին ասաց իր խոսքը, ցավոք չկարողացավ վերջակետին հասցնել, բայց Գյումրին նորից կասի, որովհետև փլատակների տակ մնացողը լավ գիտի կյանքի գինը, վստահ եմ՝ Գյումրին, մայրաքաղա՛ք, քեզ հետ է, և վստահ եմ՝ այստեղ կան նաև երիտասարդներ Գյումրիից,ովքեր սպասում են ձեզանից մեր երկրի փրկությունը, մենք ենք պահելու մեր երկիրը»,- նշեց Սիրանուշ Ղուկասյանը:

Այնուհետև ելույթ ունեցավ Ալեք Ենիգոմշյանը: Նա իր խոսքում նշեց. «Փառք Աստծու, մեկ տարվա այս չընտրությունների փուլն ավարտվել է, և իսկական գործ անելու փուլը սկսվել է, մեր գործը այսօր է սկսվելու՝ կազմակերպվել, ինքնակազմակերպվել, ստեղծել զուգահեռ մարմիններ ու լեգիտիմացնել ժողովրդի իշխանությունը: Հավատացեք, մենք պարտավոր ենք ապրել երազով ու տեսլականով: Երբ մենք խոսում ենք տեսլականի մասին, դա կուսակցության ծրագիր չէ: Ապագա Հայաստանը պիտի լինի մշակութային ազգ, ու դադարենք չարչի լինելուց օտար երկրներում: Մենք պիտի լինենք համերաշխ հասարակություն, մենք պիտի լինենք մրցունակ մեզ շրջապատող շրջապատի հետ, մեր պիտի սիրենք մեր բնությունը, մենք պիտի վերակենդանացնենք գյուղը, որը մեզ պիտի սնունդ ապահովի: Միասին պիտի որոշենք Նոր Հայաստանի վերնագրերը ու միասին պիտի որոշենք ինչպես դրան հասնել: Մենք պիտի կարողանանք համաձայնության գալ գազը վաճառողի հետ, բայց թե ինչ գնով է վաճառվելու մեր երկրի ներսում, դա մենք ենք որոշելու, հասնելու ենք այն բանին, որ գերշահույթներ չլինեն, Հայաստանում պիտի լինի բարեկեցիկ ժողովուրդ: Հայաստանում պիտի միջին և մանր գործարարը կարողանա աշխատել այնպես, որ իր ընտանիքը ապրի, ու հարկը վճարի, ու այդ հարկով էլ պետությունը բարեկեցիկ ապրի, և դա պետք է արվի շատ շուտ, մենք չենք դիմանա ևս հինգ տարի: Մենք, դուք ոչ ոքից չպիտի սպասենք փոփոխությունը, մենք ենք սկսելու այն»,- նշեց Ենիգոմշյանը:

Աղասի Մարգարյան

 Աղբյուրը՝ galatv.am