«Այսօրվանից ռեժիմը տապալված է». Ալեք Ենիգոմշյան

«Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Ալեք Ենիգոմշյանն այսօր հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ «չընտրությունների փուլն ավարտվեց», բացվեց իսկական աշխատանքի փուլը:

Նրա խոսքերով, պետք է կազմակերպել ու ստեղծել զուգահեռ կառավարման կառույցներ եւ դրանք լեգիտիմացնել, ստանձնել ժողովրդի անունից իշխանությունը. «Ինչու ստանձնել իշխանությունը, պատասխանը պարզ է, բազմիցս ասում ենք, պետք է նոր որակի պետություն: Ամեն օր հարյուրավոր հայեր, ճամպրուկները ձեռքին գնում են Հայաստանից: Օր-օրի նոր խնդիրներ են ավելանում: Մի օր կարկուտը, մյուս օր բնության խժռումը, մյուս օրը գազի գնի ահավոր թանկացումները»:

Նրա խոսքերով, իրենց տեսլականը կուսակցության ծրագիր չէ. «Իրավունք չունենք իրականացնել նոր իշխանության ձեւավորում եւ ամեն ինչ թողնել անհստակ, ինչպես եղավ 1988-1991-ին, երբ փոխվեց համակարգը, բայց ստեղծվեց նույնքան դաժան համակարգ»:

Նա ասաց, որ այսօրվանից հանրային վերահսկողություն պետք է սկսի նոր որակի Հայաստանում. «Այլեւս չի լինելու հինգ տարին մեկ հաշվետվություն, այն պետք է լինի ամեն օր, պետք է ստեղծվեն մեխանիզմներ: Ապագա Հայաստանը պետք է լինի մշակույթի երկիր, պետք է դադարենք չարչիության ազգ լինելուց, սփյուռքում առեւտարականներ լինելուց»:

Հետո էլ հավելեց, որ չպետք է փոփոխություն սպասել ուրիշներից. «Փոփոխությունը մեր մեջ է, ոչ մեկից չպետք է սպասել, եւ այսօր պետք է որոշենք, որ հաղթել ենք… այսօրվանից ռեժիմը տապալված է»:

Արփինե ՍՒՄՈՆՅԱՆ

Աղբյուրը՝ www.aravot.am