Մեր ժողովուրդը միահեծան իշխանությունից ազատվելու փորձ ունի, դա 1988թ.-ին էր. Գարեգին Չուգասզյան

Նախախորհրդարանի քաղխորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանի կարծիքով՝ Հայաստանում այսօր միահեծան իշխանության համակարգ է ստեղծված, սակայն մեր ժողովուրդն այդ միահեծանությունից ազատվելու փորձ ունի, դա 1988թ.-ին էր:
«Ուրիշ ժողովուրդներից սովորելն էլ միշտ կա, բայց եկեք մեր սեփական փորձով վերհիշենք, թե միահեծան Կոմունիստական կուսակցության համակարգում ինչպես եղան փոփոխությունները»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա՝ նշելով, որ այն ժամանակ համաժողովրդական շարժումով երկրորդ բևեռ ստեղծվեց և հետագայում անցնցում հեղափոխություն տեղի ունեցավ:

Ըստ նրա՝ Նախախորհրդարանի կողմից նախաձեռնած նոր ինքնակազմակերպման շարժման նկատմամբ արդեն ժողովրդի հետաքրքրությունը մեծացել է: Իսկ մայիսի 17-ին իրենց հրավիրած հանրահավաքի մասին Չուգասզյանն ասաց. «Բնականաբար, սա մեր առաջին հանրահավաքն է լինելու, առաջինից մեր սպասումներն այն են, որ սկսվի ինքնակազմակերպման պրոցես, և ժողովուրդն ինչ արձագանք էլ տա, ճիշտը դա կլինի»:

Գյումրիում անցկացրած հանրահավաքի մասին նա նշեց, որ այդ կերպ իրենք նպատակ էին հետապնդում սկսել աջակիցների խմբերի ձևավորումը, որը և հաջողությամբ սկսվեց, հանրահավաքին հավաքվածների կեսից ավելին ցուցակագրվեցին, ինչն արդեն առաջին անգամի համար բավականին կարևոր քայլ էր: «Գյումրիի ժողովրդի հետ առաջին անգամ էր տեղի ունենում այդ հանդիպումը, և կարծում եմ՝ այն կայացավ»,- նկատեց նա:

Չուգասզյանի կարծիքով՝ Հայաստանում այսօր ամբողջ քաղաքական դաշտը սնանկացած վիճակում է գտնվում: «Այնպես չէ, որ քաղաքականություն չկա, ուղղակի այսօր ժողովուրդն է ընդդիմություն համակարգին և վարչակազմին, և այստեղ կուսակցությունների հարցը չէ, կուսակցությունները, դժբախտաբար, չկարողացան 25 տարվա ընթացքում կայանալ և քաղաքական դաշտը չկայացավ Հայաստանում: Դա է ամբողջ խնդիրը»,-ասաց նա՝ հավելելով, որ ամբողջ քաղաքական դաշտի վերաձևման խնդիր կա:

Ըստ նրա՝ Հայաստանում գոյություն ունի ներկայացուցչական ժողովրդավարության ճգնաժամ, և դրանց լուծումը կամ բռնատիրության հաստատում է, կամ անմիջական ժողովրդավարության մեթոդներով քաղաքական դաշտի վերաձևումը:
«Մեր օրերում՝ Հայաստանի ներկա պարագայում, ներկայացուցչական ժողովրդավարության դերը կտրուկ նվազում է, անմիջական ժողովրդավարության դերն է աճում, բայց դա չի նշանակում, որ ներկայացուցչական ժողովրդավարություն չի լինելու Հայաստանում, ուղղակի անցումային շրջանում գործելու է հիմնականում անմիջական ժողովրդավարության սկզբունքները»,- եզրափակեց Գարեգին Չուգասզյանը:

 

Աղբյուրը՝ tert.am

 

Share Button