Կմիանա՞ն Րաֆֆի Հովհաննիսյանին, թե՞ ոչ

«Ժառանգության» առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակի վերջին հանդիպման ժամանակ կոչ արեց բոլոր ընդդիմախոսներին միավորվել՝ նշելով, որ սա վերկուսակցական պայքար է: Նա ապրիլի 19-ին «Անի» հյուրանոց հրավիրեց Ժիրայր Սեֆիլյանին, Գագիկ Ծառուկյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին և բոլոր նրանց, ովքեր իրենց համախմբան ենթակա են համարում․ «Մայիսի 19-ին՝ ժամը մեկին «Անի» հյուրանոցում կլինենք։ Ով իրեն համախմբման ենթակա է համարում, ով ուզում է ոչ թե իրենով, իր մարգարեականությամբ, նախագահականությամբ, ընդդիմադիր հերոս լինելու միջոցով՝ ես հրավիրում եմ, ոչ թե որպես հյուրընկալ, այլ որպես շարքային մասնակից»,- հայտարարել է նա:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով՝ Ր․ Հովհաննիսյանի առաջարկին ասաց․ «Որևէ գործունեության, այդ թվում` քաղաքականության ասպարեզում համատեղ գործելու համար անհրաժեշտ է որոշակի ընդհանրություններ ունենալ նպատակների, սկզբունքների և մեթոդաբանության առումով:

2013թ. փետրվարի 18-ի համաժողովրդական ընդվզումից հետո Նախախորհրդարանը պարոն Րաֆֆի Հովհաննիսյանին ներկայացրել է այդպիսի ընդհանրությունների վրա հիմնված ծրագրային առաջարկություն: Ընդ որում` այդ առաջարկությունը ներկայացնելիս Նախախորհրդարանը համագործակցության հավանականությունը հնարավորինս մեծացնելու նպատակով ձգտել է նվազագույնի հասցնել իր հավակնությունները:

Նախախորհրդարանն իր առաջարկության պատասխանին սպասեց մինչև ապրիլի 9-ը, սակայն պատասխան չստացավ: Ի դեպ, այդ առաջարկությունը մինչ օրս մնում է անպատասխան: Ապրիլի 9-ից հետո Նախախորհրդարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ փետրվարի 18-ին մեր ժողովրդի` երկիրը փակուղուց հանելու վերաբերյալ քաղաքական ակտիվին հասցեագրված հստակ պատգամը մնում է անկատար, որոշեց ինքնուրույն կերպով առաջարկել այդ փակուղուց դուրս գալու քաղաքական ծրագիրն ու օրակարգը: Ի կատարումն իր որոշման, Նախախորհրդարանն արդեն սկսել է հրապարակային քաղաքական գործունեություն, որը ենթադրում է նաև կազմակերպական հանրահավաքների շարք»:

Ժ․ Սեֆիլյանը հավելեց, որ Նախախորհրդարանն ի սկզբանե ստեղծվել է որպես հայաստանյան քաղաքական կյանքի ամենալայն հարթակ և մնում է այդպիսին, ինչը հնարավորություն է ընձեռում նվազագույն թվով հիմնարար նպատակների, սկզբունքների և մեթոդաբանության վերաբերյալ համաձայնության գալուց հետո ծավալել համատեղ գործունեություն․ «Նախախորհրդարանի գործունեության հիմնական նպատակը Հայաստանում նոր որակի պետության ստեղծումն է, որի գլխավոր հատկանիշը նորգաղութային տիրապետությունից զերծ իրական ինքնիշխանությունն է, հիմնական սկզբունքները` ներկայիս պետական կառավարման համակարգից դուրս գործելը և վերկուսակցականությունը, իսկ հիմնական մեթոդաբանությունը` խաղաղ, իրավական միջոցներով ժողովրդի կազմակերպումն ու նրա կամքի պարտադրումը:

Ինչպես տեսնում եք, համատեղ գործելու դաշտը շատ մեծ է և կարող է ընդգրկել իրապես մտահոգ բոլոր ուժերին ու անհատներին:

Միևնույն ժամանակ, եթե պարոն Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկի մշակված ու հստակ ծրագիր, որը չի հակասի Նախախորհրդարանի հիմնական նպատակին, սկզբունքներին և մեթոդաբանությանը, ապա համագործակցությունը կդառնա իրատեսական ու հնարավոր: Սակայն մինչ օրս Նախախորհրդարանն այդպիսի ծրագրի առաջարկություն չի ստացել»,- եզրափակեց նա:

 

Աղբյուրը՝ 1in.am