Հիմա մեր ժամանակն է եկել հրավիրելու. Ժիրայր Սեֆիլյան

Մայիսի 17-ին Նախախորհրդարանը Ազատության հրապարակում նախատեսում է անցկացնել հանրահավաք, որով ըստ կազմակերպիչների՝ սկսվում է նոր որակի պետության ստեղծման գործընթացին ուղղված գործնական քայլերի շարքը։ Երևանյան հանրահավաքից առաջ արդեն իսկ կայացել է առաջին հանրահավաքը վերջին շրջանում «հեղափոխական օջախի» համարում ձեռք բերած Գյումրիի Թատերական հրապարակում, որը սակայն բավական սակավամարդ էր: Գուցե և հենց այս հանգամանքը հաշվի առնելով Նախախորհրդարանը որոշել է նախապես իրականացնել իրազեկման երթ, որը կայացավ երեկ Երևանի կենտրոնական փողոցներում: Նախախորհրդարանի անելիքների մասին Tert.am-ը զրուցել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի և Նախախորհրադրանի անդամ Ժիրայր Սեֆիլյանի հետ։

-Պարոն Սեֆիլյան, նոր ազատագրական պայքար սկսելու և առաջամարտիկներ հավաքագրելու Ձեր կոչից արձագանքեր կա՞ն արդեն։

– Այդ արդյունքը պետք չի սպասել մի քանի օրվա մեջ, դա ամենօրյա գործընթաց է և վստահ եմ, որ օր օրի մեծանալու է մեր շարքերը։

-Գյումրիում Նախախորհրդարանը, չնայած սպասելիքներին սակավաթիվ հանրահավաք անցկացրեց։ Ի՞նչու որոշեցիք հանրահավաքների գործելաոճը ընտրել, և նկատելի՞ է, թե ինչ արդյունք տվեց առաջին հանրահավաքը Գյումրիում։

-Հանրահավաքներով սկսելու մեր գործելաոճը ունի մի քանի պատճառ։ Գլխավոր պատճառը ապրիլի 9-ից հետո տեղի ունեցած ժողովրդի հուսախաբությունն է և դրան զուգահեռ առկա գորշ քաղաքական դաշտը, որը միայն հուսալքություն է առաջացնում մեր ժողովրդի մոտ: Մենք որոշեցինք, որ մեր ծրագիրը պետք է արագացնել և երևալ, տեղեկացնելով մեր ժողովրդին, որ մեր նման խումբ գոյություն ունի, և մենք այս քայլով կարողանալու ենք մեր ժողովրդին հուսադրել, որ ամեն ինչ կորած չէ։ Եվ հետո մեր հավաքների գլխավոր բնույթը կազմակերպականն է, որովհետև մարդիկ ներկա լինելով և լսելով մեր ուղին, նրանք իրենց կոորդինատները թողնում են մեզ, և այդ մարդկանց խումբը, որ օր օրի մեծանում է։ Գյումրիում հանդիպումն արգասաբեր էր։ Քանի որ հասկանում ենք, թե ինչպիսի մեծ գործի սկիզբ է սա, ապա սկզբնական շրջանի դժվարությունները մեզ չի հուսահատեցնելու, մենք համառորեն գնալու ենք առաջ։

-Հաջորդ հանրահավաքը մայիսի 17-ին եք նախատեսում Երևանում: Այսինքն՝ կա՞ն ծրագրեր, որ հանդիպումներ կլինեն նաև մարզերում։

-Ամբողջ Հայաստանով մեկ, նաև Արցախով, Սփյուռքով, մենք կազմակերպվելու խնդիր ունենք, իսկ կազմակերպման գլխավոր նպատակը հայկական պետության ծնունդն է, որին մենք լծվել ենք այսօր, և որի նախադեպը անցած տասնամյակներում կամ մի քանի հարյուրակներում Հայաստանը գուցե չի ունեցել։

-Իսկ դա Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային այցելությունների սցենարը կարծես չի՞ հիշեցնում, դասեր չե՞ք քաղել նրա մարզային այցելությունից։

-Ես կարծում եմ, որ եթե դուք լավ հետևեք մեր հրապարակած ծրագրին և հետևեք մեր քայլերին, դուք կտեսնեք, որ առհասարակ ոչ մի կապ չունի Րաֆֆիի գործելաոճի հետ։ Մեր ամբողջ խնդիրն այն է, որ պայքարը, որ տեղի պետք է ունենա, պետք է լինի գործող համակարգից դուրս։ Մենք այս է, որ երկու տարի անընդհատ բարձրաձայնել ենք, և քանի որ մեր հորդորները քաղաքական ուժերի մոտ տեղ չեն հասել, այժմ եկել է ժամանակը, որ դա մենք անենք, որովհետև մեր ժողովուրդը փետրվարի 18-ին իր աննախադեպ ակտիվությամբ և համարձակությամբ բոլորիս հրահանգել է, որ այլևս ժամանակ չունենք։ Նաև այդ է պատճառը, որ մենք այսօր դուրս ենք գալու փողոց։

-Դուք իշխանությանը զուգահեռ այլընտրանքային իշխանության թեզ եք առաջարկում։ Իսկ գործնականում այլընտրանքային իշխանությունը ինչպե՞ս եք իրականացնելու։

-Առկա իշխանական բուրգին զուգահեռ մենք ունենալու ենք նոր համակարգ, որովհետև մենք չենք պատրաստվում փլատակների տակ մնալ, որովհետև փլատակների տակ մնալ նշանակում է պետականության կորուստ։

-Բայց, կարծես թե, իշխանությունն այդքան էլ փլուզվելու նախադրյալներ ցույց չի տալիս. կազմակերպված ձևով է գործում, շատ ավելի ուժեղ է իր լծակներով ու ֆինանսներով։

-Ո՛չ, շատ թույլ են և նրանք ինքնափլուզման ընթացքի մեջ են, սակայն խնդիրը մեզ համար, դժվարությունը, նրանց ռադ անելու մեջ չէ, խնդիրը նորը ստեղծելու մեջ է։ Մեր խնդիրը ինչը ինչով փոխարինելն է, որ չստացվի, թե մի հրեշից ազատվում ենք, մյուս հրեշին ենք բերում։ Ժողովրդին պետք չի հուսահատեցնել և ասել, թե սրանք շատ ուժեղ են։ Սրանք… լավ ուրիշ բան պետք է ասեի, հետո կասեմ։

-Դուք կողմնակից եք կառավարման հորիզոնական մոդելին, երբ որոշում կայացնողը խումբն է, ոչ թե անհատը: Այդ մոդելի գործելու համար Դուք պետք է վստահ լինեք, որ Ձեր շուրջը հավաքվածները վստահելի են: Ունե՞ք այդ վստահությունը։

-Բնականաբար, այդպիսի բան հնարավոր չի, բայց այն կորիզը, որ պետք է շարունակի առանցքի դեր կատարել այս ամբողջ ընթացքում, այդ կորիզում պետք է գերիշխի ազնվությունն ու մաքրությունը, ինչն, անշուշտ, գերիշխում է և գնալով ավելի ամրանալու է։

-Իսկ ինչպե՞ս պատկերացնել Ձեր առաջադրած այլընտրանքը: Այն ձևով, ինչ Նիկոլ Փաշինյա՞նն էր առաջարկում՝ այլընտրանքային նախագահ, վարչապետ, նախարարներ։

-Պարզվում է մենք ավելի խորն ենք մտածել, քան Նիկոլը այլընտրանքի հետ կապված: Ամեն դեպքում, բոլորի հետ մենք պատրաստ ենք համագործակցել, հստակ ծրագրերի շուրջ։

-Ասում եք պատրաստ եք, իսկ ռեալ քայլեր կա՞ն, սեղանի շուրջ քննարկումների հրավերներ։

-Անշուշտ, մենք չենք վանում ոչ մեկին, չենք փնովում ոչ մեկին, ինչպես դուք պարբերաբար ականատեսն եք լինում այս քաղաքական դաշտում։ Մենք փորձելու ենք բոլոր առողջ անհատների հետ եզրեր գտնել համագործակցելու, այս գործը միայն մեզ չի պատկանում, այս գործը բոլորիս է պատկանում։

-Երևի տեղյակ եք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին քաղաքական ուժերին հրավիրում է Անի հյուրանոց քննարկումների…

-Հիմա մեր ժամանակն է եկել հրավիրելու։

-Իսկ Դուք հրավիրո՞ւմ եք։

-Այո և հրավիրում ենք բոլորին, հստակ ծրագրի շուրջը համախմբվելու, ամեն օր, ամեն ժամ։

-Պարոն Սեֆիլյան հովանավորներ ունե՞ք, քանի որ դժվար է առանց ֆինանսների այս ամենը կյանքի կոչել։

-Անշուշտ, Աստված հովանավորում է։ Կա ծրագիր, գաղափար, իսկ այդքանից հետո նյութական հնարավորություններն ինքն իրենց կստեղծվեն, չկասկածեք։ Մեր նյութական ակնկալիքը մեր ժողովուրդն է լինելու։

-Իսկ հնարավո՞ր է մի օր Նախախորհրդարանը վերաձևավորվի և կուսակցություն դառնա։

-Այս ուժը կվերաձևավորվի և կդառնա ապագա պետությունը։

 

Աղբյուրը՝ tert.am