Բաբելոնյան իշխանությունների վերարտադրությունը

«Բոլորը երևի տեղյակ են Բաբելոնյան աշտարակի տխուր վախճանի մասին: Ի՞նչ էր կատարվում Բաբելոնում`Բաբելոնում քաոս էր, Բաբելոնում բռնապետություն էր, Բաբելոնում տիրում էր այլասերություն: Նույնը հիմա մեզ մոտ է»,-խոսելով ներքաղաքական վիճակի մասին և գնահատելով Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական ու քաղաքական վիճակը` նման գնահատական տվեց երաժիշտ Վարդան Հակոբյանը, ով հիմա ընդգրկվել է «Նախախորհրդարանի» կազմում և կողմ է Հայաստանում նոր պետականության ձևավորման, նոր պետության ստեղծման գաղափարին: «Անցած տարվա մայիսի 6-ից այս տարվա մայիսի 5-ը մենք ունեցանք երեք ընտրություն, երեք անգամ համոզվեցինք, որ այս համակարգի օրոք չկա պայքար, այս համակագի կանոնները պայքարի համար չեն: Այս համակարգի կանոնները ստեղծված են իրենց վերարտադրվելու համար:Արդեն այդ վերարտադրվել բառից իրենք էլ չեն խորշում, այո´, իրենք վերարտադրվում են: Ես մասնագիտությամբ երաժիշտ եմ, քաղաքական գործիչ չեմ, բայց ստիպված ենք բոլորս այսօր դրանով զբաղվել: Պետք է ստեղծել մի համակարգ, երբ հայը կմտածի Հայաստանում ապրելու, ոչ թե արտագաղթելու մասին»:

Վարդան Հակոբյանի դիտարկմամբ՝ օրական Հայաստանից միջին հաշվով մի քանի հարյուր ընտանիք կամ մի քանի շենքի ժողովուրդ պակասում է:

«Մոտավորապես օրական Հայաստանից գնում է մի քանի շենք բնակչություն: Ամեն օր այսքան մարդ լքում է մեր երկիրը: Դա նշանակում է, որ ամեն ինչը օր առաջ փոխելը փրկություն է: Ամենակարևոր խնդիրը՝ ապահովել որակյալ ներգաղթ: Մեր բոլորի բարեկամները, ընտանիքները երազում են վերադառնալ: Օրինակ բերեմ հեռավոր Իսլանդիան, որը սնանկացման եզրին էր, և նրանք ընդամենը անցած տարվա հոկտեմբերին կարողացան անկախանալ աշխարհից: Աշխարհից, որը ստիպում էր նրանց անկախ ապրել: Ինչ արեցին նրանք . հավաքվեցին և որոշեցին ազատ ապրել, իրենք իրենց ձեռքով գրեցին իրենց Սահմանադրությունը, ստեղծեցին իրենց երկիրը և հիմա ապրում են ազատ, անկախ և երջանիկ, ի՞նչն է խանգարում, որ մենք էլ անենք, թերևս ոչինչ, մենակ կազմակերպվել և հավատալ մի բանի, որ մենք ենք տերը մեր երկրի և փոփոխությունների համար պատասխանատուն ենք մենք»,-ասաց Հակոբյանը:

Քրիստինա Մկրտչյան

Աղբյուրը՝ galatv.am

 

Share Button