«Սե՞նց ձկներ են «կանսերվա» դառել, ժողովու՛րդ»

«Պետք է վերցնել դրոշը, պետք է փոխել դրոշակակրին, պետք է շարունակ գնալ առաջ, ուրիշ ոչ մի տարբերակ չկա: Մենք չենք կարող չանել դա, բայց այլընտրանք չունենք»,- ելույթ ունենալով Գյումրու Թատերական հրապարակում հավաքված բազմության առջև՝ հանրահավաքի ժամանակ ասաց կինոռեժիսոր, Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը:

«Ոչ մի քաղաքական կուսակցության ներկայացուցիչ չկա մեր շարքերում, մենք չենք հավատում նրանց, ինչպես և դուք: Ինչքա՞ն կարելի է փոցխի վրա կանգնել, էլ չենք ուզում մեր իշխանությունը փոխանցել ուրիշներին: Մենք այսօր անցնում էինք և բարձրախոսներով կանչում էինք գյումրեցիներին, 10-20 տնից կանայք են դուրս գալիս, ասում են՝ որտե՞ղ էիք, մեր ամուսինները գնացել են ռուսաստանները: Բայց ես անընդհատ կրկնում եմ մի բան՝ եթե տունը գող է մտնում, չի կարելի թողնել ու փախչել, գողերին պետք է վռնդել տներից»:

Տիգրան Խզմալյանն ասաց, որ հանրահավաքի ժամանակ հավաքված բոլոր գյումրեցիները և նաև իրենք՝ Նախախորհրդարանի անդամները, կամավորներ են և կամավորներով պետք է ազատագրեն Հայաստանը ներքին թշնամուց, ինչպես դա արեցին Շուշին ազատագրելու ժամանակ, կամ երբ թոթափեցինք Խորհրդային իշխանության լուծը:

«Հայոց բանակը չի ազատագրել Արցախը, դա հերթական կեղծիքն ու սուտն է: Արցախն ազատագրեց կամավորը, աշխարհազորը, կամավորական ջոկատները, որոնք դարձան հետո բանակ, մեզ պետք են կամավորներ… և մենք կազատվենք:

Սե՞նց ձկներ են «կանսերվա» դառել, ժողովու՛րդ, սենց իշխանություն են զիջել մեզ, մոռացա՞նք տանկերը, ուղղաթիռները… ոչ, ոչինչ չի մոռացվել, բայց վախ չկար, որովհետև այն ժամանակ մենք գիտեինք, որ ճշմարիտ էինք, արդար էինք, հիմա չե՞նք զգում… այն ժամանակ թշնամին թուրքն էր, իսկ հիմա ներսի թուրքն է: Իրենք դատարկել են մեր երկիրը: Ոչ մի երկիր աշխարհում չկա, որը 20 տարվա մեջ կորցնի բնակչության կեսը: Հաղթանակի օրը եկել ենք հաղթանակած Գյումրի, որը հաղթել և խաբվել է… Ոչ մի կուռք և կուսակցություն չենք ճանաչում: Ոչ մի կուսակցություն և առաջնորդ: Ո՞ւր են այդ առաջնորդները, ո՞նց են ստանում իրենց փողերը, գրանտները, ինչո՞ւ չեն հրաժարվում իրենց խորհրդարանական տեղերից, որովհետև շահ ունեն: Բայց մենք էլ շահ ունենք, և մեր շահերը տարբեր են: Մեր շահը մեր երեխաների ապագան է»,-ելույթի խոսքում ասաց Տիգրան Խզմալյանը:

Քրիստինա Մկրտչյան

Աղբյուրը՝ galatv.am

 

Share Button