Քաղցկեղը ոչնչանում է, համակարգը փլուզվում է, ասում եմ՝ որպես համակարգը վերջերս լքած մարդ. ՊՆ կենտրոնական ապարատի իրավաբան

13681260717417Այսօր Նախախորհրդարանի կազմում Գյումրիում էր գտնվում նաև ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի նախկին աշխատակից, իրավաբան, բոլորովին վերջերս համակարգից դուրս եկած քաղաքացի Վարուժան Ավետիսյանը, ով ելույթ ունեցավ հարթակում՝ Գյումրու Դրամատիկական թատրոնում հավաքված բազմության առջև, և ում ելույթը շատ տպավորիչ էր հանրահավաք եկած գյումրեցիների համար: Նա ՀՀ իշխանություններին համեմատեց չարորակ ուռուցքի հետ և վստահեցրեց, որ համակարգի փլուզումը մոտ է:

«Չկան անելանելի վիճակներ, ցանկացած վիճակներից կա ելք, եթե մարդը ունի հավատք, կազմակերպված կամք և միտք և պատրաստ է կատարելու համապատասխան քայլեր, նա իր նպատակին կհասնի: Պետությունը ժողովրդի ձեռքին ընդամենը ունիվերսալ գործիք է, որի միջոցով ժողովուրդը, ազգը լուծում է իր պրոբլեմները և իր տեղն է ապահովում արևի տակ, ընդամենը գործիք է: Մեզ տասնամյակներ շարունակ դրել են այն դրության մեջ, որ պետությունը մի անխախտ գործիք է, մի անբեկանելի, անըմբռնելի, անհասկանալի բան է, ժողովրդի համար անշոշափելի է և որը տիրում է ժողովրդին և վարվում է նրա հետ ինչպես ուզում է: Ո՛չ, այդպես չէ, պետությունը ժողովրդի գործիքն է, և պետական ծառայողները ընդամենը ժողովրդի ծառայողներն են»:

Պաշտպանության նախարարության նախկին բարձրաստիճան աշխատակիցը ասաց, որ Հայաստանի իշխանությունները սեփական ժողովրդին ծառայելու փոխարեն գերտերությունների ձեռքին գործիք են և նրանց կամքն են կատարում:

«Այս պետությունը չի ստեղծվել որպես հայկական պետություն, չի ստեղծվել որպես հայ ազգի նպատակներն ու խնդիրներն իրականացնելու համար, այլ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների ռազմավարական շահերը իրացնելու նպատակով՝ որպես այդ ուժերի գործիք, և դրա համար աշխարհաքաղաքական ուժային կենտրոնները Հայաստանում ընտրել են իրենց գործակալներին, ծառաներին, ստրկամիտ, կեղծ քաղաքական գործիչների, բազմացրել և շատացրել են և դրանց միջոցով ստեղծել մի կեղեքիչ համակարգ, որ մակաբույծի նման որպես քաղցկեղ մեր կյանքի, արյան և ապագայի հաշվին գոյատևում են: Այդ համակարգի վախճանը, ես ձեզ ասում եմ որպես համակարգից նոր դուրս եկած մարդ, որպես մասնագիտությամբ իրավաբան, որ աշխատել եմ համակարգի ամենակարևոր օղակներից մեկում՝ Պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատում, փլուզումը մոտ է:

Փլուզվում է համակարգը, ոչնչանում է, որովհետև քաղցկեղին այլևս սնվելու ռեսուրսները պակասում են, որովհետև մենք՝ հայ ժողովուրդը, որ սնուցում ենք այդ համակարգին, մենք էլ ենք պակասել: Մենք պետք է հրաժարվենք այդ համակարգից, չընդունենք այդ խաղի կանոնները, ավելին, մենք պետք է ինքներս ստեղծենք մեր կանոնները և մեր կանոններով թելադրելով և՛ համակարգին, և՛ ամբողջ աշխարհին մեր կամքը, ինքնակազմակերպվենք՝ լցվելով հավատով, աշխատելով օր ու գիշեր, չխնայելով ոչինչ: Մենք ոչինչ չպիտի խնայենք, որովհետև, ասել ենք, նաև այն պատճառով, որ ֆիզիկական գոյությունը բարձր ենք դասել մարդկային պատվից և արժանապատվությունից: Ես կարծում եմ սրանք են մեր արատները, և պետք է հասկանանք ու մեր արժանապատվությունը բարձր դասենք մեր կյանքից, ու այդ ժամանակ մեր խնդիրները կլուծվեն»,- ասաց Վարուժան Ավետիսյանը:

 

Քրիստինա Մկրտչյան

 

Աղբյուրը՝ galatv.am