Մի՞թե չենք հոգնել յոլա գնալուց, գոյատևելուց

Փետրվարի 28-ին Ազատության հրապարակում Արցախի և Հայաստանի ներկա իրավիճակը ներկայացնող սուր ելույթից հետո «Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի անդամ, Արցախի ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանի դեմ Ղարաբաղում շարունակվում են ռեպրեսիաները:

– Պարոն Բադասյան, Ազատության հրապարակում ելույթ ունենալուց հետո Ձեր նկատմամբ ռեպրեսիաները շարունակվում են: Հիմա էլ Հադրութի Ձեր հացի փռին է հերթը հասել` ստուգումներ են իրականացվում: Կարծում եք՝ դարձյա՞լ քաղաքական հետապնդումներ են:

– Հադրութի հացի գործարանը ուներ մեկ տարվա պայմանագիր, ըստ որի՝ 2013թ. հունվարի 1-ից մինչև 2014թ. հունվարի 1-ը հացաթխում պետք է իրականացներ և մատակարարեր զորամասերից մեկին. գործարանի ալյուրն իրենք էին տալիս, հացը ես էի մատակարարում: Սակայն այդ ելույթից հետո սկսեցին իրականացնել շարունակական սանիտարական ստուգումներ՝ վիճակի համապատասխանության և այլնի հետ կապված, որից հետո նույնիսկ չգիտեմ՝ ինչու են պայմանագիրը խզել: Ապրիլի 30-ին արդեն ուղղակի դադարեցրին և բանավոր ասացին, որ պայմանագիրը խզված է, բայց պաշտոնական ոչինչ չասացին: Եվ հիմա մատակարարումը ուրիշների կողմից է իրականացվում: Ինձ հասկացրել են, որ պատճառը հայտնի ելույթն է Ազատության հրապարակում: Որոշ պետական պաշտոնյաներ նույնիսկ ասում են, որ Ազատության հրապարակում իմ ելույթով ՝որպես ղարաբաղցի, վտանգել եմ Ղարաբաղի անկախությունը: Ես պնդում եմ հակառակը. իմ ելույթով ապահովել եմ Ղարաբաղի անվտանգությունը, քանի որ այսօր Հայաստանում այն տպավորությունն է, որը Հայաստանի իշխանություններից (որոնց գլուխ կանգնած են ղարաբաղցիները, երկրորդ և երրորդ նախագահները, մյուս ղարաբաղցի պաշտոնյաները) Ղարաբաղում բոլոր գոհ են, նրանց հետ համաձայն են, Ղարաբաղում բոլորը լավ են ապրում, Հայաստանից ամեն ինչ ուղարկվում է Ղարաբաղ, որ միայն Ղարաբաղը լավ ապրի, իսկ ներկայիս ՀՀ տարածքը՝ վատ: Այս թյուր կարծրատիպը Հայաստանում ես կոտրեցի, որ իրականում այդպես չէ, և Ղարաբաղում մի քիչ ավելի վատ է իրադրությունը, քան Հայաստանում, որ Ղարաբաղում բոլորը չէ, որ համաձայն են Հայաստանի իշխանությունների հետ՝ անկախ նրանից՝ նրանք ղարաբաղցի են, թե ոչ: Ի դեպ, պատերազմի տարիներին Ղարաբաղի բնակչության մի մեծ մասն առաջին նախագահից դժգոհ էր: Ես հրամանատար էի պատերազմի տարիներին, մենք համաձայն չէինք Լևոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականության հետ, բայց Հայաստանի թե՛ երկրորդ, թե՛ երրորդ նախագահները այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի կամակատարներն էին: Երբ ես «կամակատար» բառն օգտագործում եմ Ղարաբաղի իշխանությունների վերաբերյալ, նրանք վիրավորվում են, ասում են՝ կամակատար չենք, բա ի՞նչ են: Այսօր ինչ վատ բան տեղի է ունենում Հայաստանում, նույնն էլ այստեղ է տեղի ունենում, դեռ մի բան էլ ավելի վատ: Եվ բոլոր ղարաբաղցիները չէ, որ համաձայն են այս քաղաքականության հետ: Արդյունքում Հայաստանում ձևավորվում է կարծրատիպ, որ մեր դժբախտության պատճառը ղարաբաղցին է, սա ցույց է տալիս, որ վտանգված է մեր անվտանգությունը:

– Ո՞ր խնդիրները կառանձնացնեք:

– Մեզ համար «սյուրպրիզ» էր, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ով խոսք բացի Ղարաբաղի անկախության ճանաչման մասին, ուրեմն նրան պաշտոնից կհանի: Ես՝ որպես քաղաքացի, երեք բան եմ ուզում. առաջին՝ սոցիալական ապահովություն, այս խնդիրը պետք է լուծվի: Ամոթ է, որ այսօր մեծ թվով սոցիալապես անապահով մարդիկ կան: Պատերազմից 20 տարի է անցել, մենք պատերազմից հաղթանակով ենք դուրս եկել, բայց մի՞թե չենք հոգնել յոլա գնալուց, գոյատևելուց: 20 տարի չի կարելի գոյատևել, վերջիվերջո պետք է մեկ անգամ ապրել, մենք չենք կարողանում ապրել մեր հայրենիքում, քանի որ սոցիալական ապահովությունը խախտված է: Երկրորդ՝ արդարություն եմ ուզում, որը չկա: Պետական պայմանագիր խզելով` իրենք ինձ չեն լռեցնի: Երրորդ՝ անվտանգություն. ես պատերազմով անցած մարդ եմ: Իմիջիայլոց, ես էլ եմ զինվորական համազգեստ կրել, Սերժ Սարգսյանն էլ, Բակո Սահակյանն էլ, և շատ-շատերն են զինվորական համազգեստ հագել պատերազմի ժամանակ: Ես միշտ եղել եմ առաջին գծում, նրանք եղել են Ստեփանակերտի շտաբում և հենց դա է ինձ իրավունք տալիս խոսելու, և պարտավորեցնում է խոսելու, որովհետև եթե ես չխոսեմ, էլ ո՞վ պետք է խոսի: Բացի դրանից, ես ու իմ նմանները իրավունք ունենք խոսելու, նրանք, ովքեր ողջ են մնացել: Ես իմ ելույթի ժամանակ էլ եմ ասել, որ մի օր պետք է գնանք մեր զոհվածների կողքը, և մենք պետք է պատասխան տանք:

– Փաստորեն, Ղարաբաղի իշխանությունը Ձեզ պատժում է Երևանում մեկ ելո՞ւյթի համար:

– Նրանք երբեք ինձ չեն կարող պատժել, միայն Աստված կարող է պատժել: Կոպիտ միջամտությունները կամ հաշվեհարդարը պատիժ չէ: Ես իրենց պատասխանը կտամ, հանուն վաղվա ճշմարտության, թող որ լինեմ այսօր սխալ: Ո՞ւր է մեր անվտանգությունը… երբ Սերժ Սարգսյանն ասում է` ով ճանաչի Ղարաբաղը, ես աշխատանքից կհանեմ, ուրեմն Ղարաբաղը չի ճանաչվելու առաջիկա հինգ տարիներին: Ես պատերազմով եմ անցել, իմ երեխաներին, իմ թոռներին ես ո՞ւմ եմ թողնում, ինչպիսի՞ երկիր եմ թողնում:

– Շարժումը, որի ժամանակ ելույթ ունեցաք, գնաց փակուղի: Ի՞նչն է, ըստ Ձեզ, պատճառը, որ այդպես էլ քաղաքական ուժերը մեկ ընդհանուր կոնսենսուսի չեկան:

– Ես չեմ կարծում, որ շարժումը գնաց փակուղի: Պարզապես Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագիրը պետք է բերեր մարման, և սա մարեց, թուլացավ, բայց ես չեմ կարծում՝ ժողովրդական շարժումը մարեց կամ վերացավ: Հարցն այն է, որ կուսակցությունները սերտաճել են իշխանությունների հետ և իշխանությունների հետ մաս են կազմել, իսկ այն կուսակցությունները, որոնք մաս չեն կազմել, ջանում են ընդդիմություն խաղալ, դիվիդենտներ հավաքել և առևտուր անել դրանով: Դրա վառ օրինակը ԲՀԿ-ն է: Ամենավառ օրինակներից են ԲՀԿ-ն, Կոնգրեսը և այլն: Ժողովուրդը այսօր իմաստուն է, և Երևանի ավագանու ընտրություններին էլ այլ արդյունք է գրանցելու, և իրենք նորից ստիպված պետք է լինեն կեղծելու: Ես համոզված եմ, հենց դրան են նախապատրաստվում:

– Եթե չեմ սխալվում` Արթուր Աղաբեկյանի կողմից էլ կան ճնշումներ, դարձյալ լարվա՞ծ են հարաբերությունները: Ինչպե՞ս եք այդտեղ շարունակելու պայքարը:

– Ես պայքարում եմ Ղարաբաղում 92 թվականից: Ես մինչև հիմա իմ պայքարի ձևը չեմ փոխել, պայքարում եմ հանուն մեր ժողովրդի սոցիալական ապահովության, հանուն մեր անվտանգության և միշտ եմ պայքարել: Զավեշտականն այն է, որ երբ ես պայքարում էի Սամվել Բաբայանի ռեժիմի դեմ, սամվելբաբայանականները ինձ դեմ էին, և Արկադի Ղուկասյանը ինձ հետ էր, իսկ երբ Արկադի Ղուկասյանը հաղթեց, սամվելբաբայանականները գնացին Արկադի Ղուկասյանի կողքը, և նորից պայքարեցին իմ ու իմ նմանների դեմ, այսօր էլի ես եմ պաշտպանում Սամվել Բաբայանի անձը, որ այդ մարդը սխալ էր, հանցագործ էր, բայց չի կարելի ոչնչացնել: Այսօր արկադիղուկասյանականները, սամվելբաբայանականները նորից դարձել են բակոսահակյաններ: Ինչ վերաբերում է իմ ու Արթուր Աղաբեկյանի հարաբերություններին, նրա մասին ես վատ բան չեմ կարող ասել, որովհետև իմ մարտական ընկերներից մեկն է:

– Ճի՞շտ է, որ Օգանովսկու հետ վիճել եք, ծեծկռտուք է եղել:

– Չէ՛, նման բան չկա, մենք երբ հանդիպում ենք, բարևում ենք: Մեր կյանքի ամենադժվար օրերն անց ենք կացրել միասին, և մեզ կապող շատ բան, ինչ վերաբերում է իր այսօրվա դիրքին, պարզապես ափսոսում եմ, երևի իմ լավագույն մարտական ընկերը հոգնել է, ես դեռ չեմ հոգնել:

Ինչ էլ որ անելու լինեն իմ նկատմամբ, միևնույն է, պայքարելու եմ նշածս երեք սկզբունքների համար, և եթե իշխանության որևէ անդամ իմ դեմ պատերազմ հայտարարի, ես այդ պատերազմն ընդունելու եմ և մինչև վերջ գնալու եմ, աշխատելու եմ համախմբել իմ շուրջը իմ համախոհներին և քաղաքակիրթ ձևով պայքար տանել: Եվ քանի որ մենք իսկապես վտանգված տեղ ենք ապրում, որպես պրոֆեսիոնալ մարտիկ, հրամանատար, եթե Աստված մի արասցե պատերազմ սկսի, ես նորից լինելու եմ առաջին գծում: Իմ գաղափարները հաղթող են, և մեր ժողովուրդը ի վերջո գալու է դրան:

 

Աղբյուրը՝ 1in.am