Խայտառակությունը Ղարաբաղում շարունակվում է

Արցախյան պատերազմի հերոս, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանի դեմ հալածանքները Ղարաբաղում շարունակվում են: Հայտնի է դարձել, որ օրերս ԼՂՀ պաշտպանության բանակը խզել է պայմանագիրը նրա ձեռնարկության հետ, որը հաց էր մատակարարում զորամասերին:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Վահանը նախագահի ընտրության հետընտրական շրջանում Երեւանում ելույթ ունեցավ ընդդիմության հանրահավաքում: Ելույթից հետո Վահանն աննախադեպ ճնշման ենթարկվեց խորհրդային «կգբ-ական» ավանդույթների ոգով՝ Վետերանների միության դատապարտող հայտարարությամբ եւ այլն: Հետո սկսվեց հարկային հետապնդումը: Վահանի ձեռնարկություններում, որոնք նա զինծառայությունից հետո բացել է ազատագրված տարածքներում, սկսեցին «հարկերի թաքցնում» փնտրել:

Վահանի ձեռնարկությունը արդեն 4 տարի որակյալ եւ համեղ հաց է մատակարարում զորամասին: Պայմանագիրը երկարացվել էր այս տարվա հունվարին, մինչեւ տարեվերջ: Սակայն այն չեղյալ է հայտարարվել: Ներկայում այդ զորամասին մատակարարվում է այնպիսի հաց, ինչպես մյուս զորամասերին՝ անորակ եւ անպետք, ինչը հարուցել է զինվորների դժգոհությունը:

Ամեն ինչ պետք է լինի «ստանդարտի» մեջ, ինչպես ղարաբաղյան կյանքի մյուս ոլորտներում, որոնք Բակո Սահակյանի իշխանության գալուց հետո մեծ հաջողությամբ մեռցվել են: Ղարաբաղում նույնիսկ խորհրդային տարիներին չի եղել նման արգահատելի, գորշ մթնոլորտ: Ղարաբաղյան իշխանության վերնախավին հաջողվել է մեռցնել ամեն ինչ եւ ողջ բիզնեսն ու բյուջեն վերածել անձնական խնդիրները լուծելու միջոցի: Ղարաբաղում վերջին շրջանում առկա բյուջետային խնդիրներն իրականում կապ չունեն Հայաստանի հատկացրած միջպետական վարկի չափերի հետ, այլ հետեւանք են վերը նշված սխեմաների:

Օրինակ, ԼՂՀ իշխանությունը շինարարություն է անում բյուջեի հաշվին, բավական «հմուտ» սխեմաների միջոցով, սակայն նույնիսկ երեւանյան չափանիշներով թանկ բնակարանները ոչ ոք ի վիճակի չէ գնել: Եւ բյուջեից վերցված վարկերը «դուրս են գրվում»: Կամ, վարչապետ Արա Հարությունյանը նույն բյուջեի հաշվին ձեռնարկություններ է բացում, ապա դրանք վերցնում, հայտարարելով, որ ոչ ոք չի ցանկանում դրանք աշխատեցնել: Իսկ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը՝ Վահանի նախկին մարտական ընկերը, իր լուռ համաձայնությունն է տվել այս ամենին:

Ղարաբաղյան երկրորդ պատերազմը սարերի հետեւում չէ, եւ Վահանը եւ իր նմանները պատրաստ են այդ մի պատերազմում էլ կռել հայկական ռազմաքաղաքական հաղթանակը: Իսկ խաղաղ ժամանակ էլ իրացնել հաղթանակի արդյունքը թե տնտեսության եւ թե քաղաքականության մեջ, չհանդուրժելով թալանն ու կեղծիքը: Նրա ելույթը Երեւանում ընդամենն այդ մասին էր, որի համար էլ նա ներկայում պատժվում է՝ Հայաստանի ու Ղարաբաղի ներկայիս «էլիտաների» համար դա վտանգավոր է: Քանի որ այդ «էլիտաներն» իրենցից հիմնականում ներկայացնում են պատահական մարդիկ, որոնք «որսացել են հարմար պահը» եւ որոնց համար «ժամանակին կենսագրություն է գրվել»:

 

Հայկ Արամյան

 

Աղբյուրը՝ lragir.am

 

Share Button