Ժիրայր Սեֆիլյան. «Հայտնի Զորավարը թող գլխավոր կլանատիրոջը` Սերժ Սարգսյանին վերացնի»

Այսօր Գյումրի այցելած «Նախախորհրդարան» քաղաքացիական շարժման անդամները Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` արդեն հիթ դարձած «Դուք պատգամավո՞ր եք, թե՞ գողական, արա՛» արտահայտությանը, կարծիք հայտնեցին, որ ոստիկանապետը շատ լավ իմացել է`ինչ ձևով դիմի: «Ոստիկանապետն ասաց`«Արա՛, դուք էս եք», նա շատ լավ գիտի, թե ով են իրենք, եթե չիմանար, էդ հարցը չէր տա, բայց հարցը տվեց, որովհետև պատասխանը գիտեր»,-ասաց Տիգրան Խզմալյանը:

Ժիրայր Սեֆիլյանն էլ հավելեց. «Այս ռեժիմի պարագլուխը ընտրություններից հետո փորձելու է ձերբազատվել կրիմինալ օլիգարխիայից` փոխարինելով այսպես ասած երիտասարդ օլիգարխիայով`փողկապերով օլիգարխիայով: Սա նախօրոք որոշված ծրագիր է, որը, իմ կարծիքով, Սերժ Սարգսյանը խոսք է տվել իր տերերին, և բոլորս եկող ժամանակներում ականատես ենք լինելու, թե այս կլանը կամ այն կլանը ինչպե՞ս է զինաթափվելու, բանտարկվելու կամ վռնդվելու և այլն և այլն: Բայց , ինչպես ասացի, ինչով որ փոխարինվելու են, դրանով ոչ մի օգուտ չի լինելու, այսինքն շարունակելու են մեր երկիրը կառավարել արտաքինով շատ ավելի քաղաքակիրթ մարդկանց միջոցով, բայց ըստ էության կեղեքումը շարունակվելու է: Հիմնականում դա տեղի է ունենալու բանկերի միջոցով, վաշխառուական մեթոդներով, որն այսօր էլ կա և շարունակվելու է: Իսկ պատկերացրած Հայաստանում վաշխառուական բանկեր չի լինելու, վաշխառությունը արգելվելու է , տոկոսային հասկացողությունը մեր պատկերացրած երկրում, տնտեսությունում չի լինելու: Կուզեմ ասել, որ շատ պետք չէ ուրախանալ և ոգևորվել այսօրվ կրիմինալին զինաթափ անելուց: Պետք է զինափաթվեն, դա շատ լավ է , բայց արտագաղթը կանգնեցնելու իմաստով որևէ գործ չի արվում, այլ ընդհակառակը հստակ ծրագրավորված խնդիր է դրված հայաթափել մեր երկիրը: Դա փաստ է», -ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Տիգրան Խզմալյանը, նրան լրացնելով, ասաց. «Ուղիղ 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում սուլթանը տապալվեց, և հայ պատգամավորները, մտավորականները շատ ուրախ էին և համագործակցում էին երիտասարդ թուրքերի հետ, նույնը 100 տարի անց կատարվում է Հայաստանում` 3-րդ հանրապետությունում: Սուլթանին կարող է տապալեն, որպեսզի նստեն երիտհայերը, և էդ երիտհայերի դեմքերը դուք արդեն տեսել եք»:

Ժիրայր Սեֆիլյանն էլ կարծիք հայտնեց, որ հայաթափման ծրագրի կատարողը Տիգրան Սարգսյանն է. «Տիգրան Սարգսյանին նաև պահում են հայաթափման ծրագիրը հմտորեն կատարելու համար, իսկ Սերժ Սարգսյանին պահում են, քանի որ նա կրիմինալի հիման վրա է եկել իշխանության, կրիմինալով է երկիրը ղեկավարել , դրանով էլ կրիմինալից պետք է ձերբազատվի այսպես ասած : Մենք ձեզ վստահեցնում ենք, որ մեր ժողովրդի հետ կանգնեցնելու ենք նրանց մտադրությունները, ինչ որ նրանք ունեն»:

Կարո Եղնուկյանն էլ կարծիք հայտնեց, որ ոստիկանապետը ինքն իրեն վարկաբեկեց` հայտարարելով, որ կլաններ կան Գյումրիում : Ըստ նրա, ոստիկանապետն էլ կլանի անդամ է, իսկ այս երկրում ամենամեծ կլանատերը Սերժ Սարգսյանն է, և նա դեմ է, որ Հայաստանում կլաններ լինեն, քանի որ ուզում է մեկ կլան լինի` իր կլանը: Ժիրայր Սեֆիլյանն էլ կատակով նշեց` «Զորավարին` հայտնի զորավարին պետք է հանձնարարել՝ գլխավոր կլանին վերացնել»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Աղբյուրը՝ aravot.am

 

Share Button