Սկսում են ապստամբության կենտրոն Գյումրիից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Նախախորհրդարանի» անդամները այսօր դարձյալ Գյումրիում էին: Նրանք հանդիպեցին գյումրեցի լրագրողների հետ եւ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեցին, որ «Նախախորհրդարանը» անցնում է հրապարակային պայքարի, սկսում է հանրահավաքների միջոցով ժողովրդի կազմակերպումը:

«Նախախորհրդարանի» եւ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ   Տիգրան Խզմալյանը բացատրեց, թե ինչու են որոշել սկսել Գյումրիից:

«Նախախորհրդարանը սկսում է իր քաղաքական գործունեության նոր փուլը, եւ մենք սկսում ենք այն Գյումրիից: Պատճառը պարզ է. Գյումրին համաժողովրդական, համազգային ապստամբության կենտրոնն է, որտեղ  գործող կեղեքիչ, օկուպացիոն ռեժիմի ղեկավարը հայտարարել էր՝ ինչքան կուզենք՝ այնքան կխփենք: Դա ասվել էր հենց այստեղ եւ օրեր անց Գյումրին ապացուցեց, որ արհամարհելով եւ նվաստացնելով ժողովրդին՝ ոչնչի չեն հասնելու: Ինքը ստացավ այդքան, ինչքան ցանկացավ խփել Գյումրին: Մենք հայրաքաղաքից ենք սկսում մեր արշավը: Այս փուլի մեր գլխավոր խնդիրը մեկն է՝ ինքնակազմակերպել ժողովրդին: Մենք զգում ենք, որ ժողովուրդը շատ ավելի առաջ է, քան կուսակցություններն ու քաղաքական խմբերը: Եւ մենք վճռորոշ ենք ի կատար ածել այն քաղաքական գործընթացը, որի արդյունքում մենք ազատագրելու ենք Հայաստանը: Շուշիի ազատագրման օրը` մայիսի 9-ին, մենք Գյումրիում ենք սկսելու աշխատանքի նոր փուլը»:

Շուշիի  առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայի Սեֆիլյանը ասաց, որ «Նախախորհրդարանը» կազմել է իր ծրագիրը` գիտակցելով պահի լրջությունը, այսօր փորձում են որքան հնարավոր է՝ արագ անցնել ծրագրի իրագործմանը:

«Փետրվարի 18-ի ընդվզումը, որը, դժբախտաբար, ապրիլի 9-ին համարժեք չունեցավ, որոշեցինք, որ այլեւս որեւէ ուժին աջակցելը իմաստ չունի, եւ դառը փորձը ցույց տվեց, որ մենք պետք է օր առաջ մեր ծրագրի հետեւից գնանք, ոչ թե այս կամ այն անձի կամ ուժի հետեւից: Արագացնելու գլխավոր պատճառը ժողովրդի գլխավոր պատգամն է, որը մենք ընդունում ենք հրահանգ, որ այլեւս ժամանակ չունենք: Մայիսի 9-ի հավաքը Գյումրու Թատերական հրապարակում է: Մենք կարող ենք անցկացնել նաեւ դահլիճում, բայց դրանով մեր ժողովրդին, ակտիվին ուզում ենք  հասկացնել, որ իրավիճակը օրհասական է, մենք, ըստ էության, հրապարակ դուրս գալով` ահազանգում ենք, որ ժամանակն է ինքնակազմակերպվելու, եւ մեր հավաքները չեն նմանվելու 15-20 տարվա հավաքներին: Մեր ժողովուրդը, ովքեր ներկա են լինելու հավաքներին, ապա հավաքից-հավաք կտեսնեն՝ ամփոփելու ենք արածը եւ ծրագրելու ու լծվելու ենք գործի: Հրավիրում ենք  նոր սկսվելիք պայքարին՝ մայիսի 9-ին, ժամը 15:00-ին` Գյումրու Թատերական հրապարակում»:

Քրիստինա Մկրտչյան

Աղբյուրը՝ galatv.am

Share Button