Մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման օրը, Գյումրիում նախախորհրդարանը կազմակերպելու է իր առաջին հանրահավաքը` իր քաղաքական գործունեության նոր փուլը սկսելով Գյումրուց: Այսօր այդ մասին հայտարարեց նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը: Սա այն քաղաքն է, որտեղ կեղեքիչ, օկուպացիոն ռեժիմը հայտատարեց, թե ինչքան ուզի, այդքան խփելու է: Սակայն Գյումրին ապացուցեց, որ ժողովրդին նվաստացնելով իրենք ոչ մի տեղ չեն հասնելու:
Նախախորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ հրապարակային հավաքներ են անցկացնելու, քանի որ Հայաստանի վիճակն օրհասական է: Դրանք չեն նմանվելու նախորդ 15-20 տարիների հավաքներին: Նախախորհրդարանի անդամ Եղիա Ներսիսյանը նշեց, որ տարանջատում չպետք է լինի՝ երեւանցի, գյումրեցի, բոլորը պետք է դուրս գան եւ մասնակցեն Հայաստանի ազատագրմանը: Այդ նպատակին հասնելու համար պետք է պայքարել եւ, ըստ Ժ.Սեֆիլյանի, գոյություն ունի պայքարի երկու ձեւ՝ սիստեմի ներսում եւ սիստեմից դուրս:
Նախախորհրդարանի անդամների դիտարկամաբ, ոչ թե հեղափոխություն է պետք անել, այլ ժողովրդին մասնակից դարձնել համակարգային փոփոխություններին: Տ.Խզմալյանը նշեց, որ մեր տները գողեր են մտել, մենք ոչ թե պետք է թողնենք, փախչենք, այլ գողերին վռնդենք տներից:
Նախախորհրդարանը նոր պետություն ստեղծելու նախագիծ է, քանի որ այսօրվա պետությունը կայացած չէ: «Մենք ամբողջությամբ կորցրել ենք մեր ինքնիշխանությունը: Երկիրն օկուպացված է: Բոլորդ հիշում եք փետրվարի 18-ից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի առաջին հանդիպման մասին: Նախագահի մամուլի խոսնակը պարզաբանեց, թե ինչի մասին են խոսել: Տարբերակներից մեկն էլ այն էր, որ Սերժը Րաֆֆուն առաջարկել էր՝ կգնաս օպերայի հրապարակ, 80 տոկոսով հաղթած նախագահ կհռչակվես եւ կսկսես ձեւավորել զուգահեռ իշխանություն: Այդ ժամանակ քեզնով կսկսեն զբաղվել իրավապահ մարմինները: Դա Սերժը պատահական չասաց, քանի որ այս մտքից իրենք սարսափում են: Սա այն ուղին է, որը նրանց պարտության է տանելու եւ կազինոյից դուրս ուղի է»,-պարզաբանեց Ժ.Սեֆիլյանը:
Ապագայում նշմարվելու է նոր իշխանության ձեւավորումը: Ըստ Ժ.Սեֆիլյանի, այն ուղեկցվելու է նոր դատական իշխանության սաղմերի ձեւավորմամբ: Այս հարցում նա արժեվորեց հեղինակությունների դերը: Այնուհետեւ այլընտրանքային ընտրությունների միջոցով ձեւավորվելու է հիմնադիր խորհրդարան: Դրանից հետո գործադիր իշխանություն:
«Լինենք, չլինենք՝ իշխանական բուրգն ինքնափլուզման ընթացքի մեջ է, սակայն նախքան դրա փլուզվելը՝ մենք ինչ-որ բան պետք է ստեղծենք, որ չկործանվենք»:
Տ.Խզմալյանն արժեվորելով մեր երկրի հարստությունն, ասաց, որ Հայաստանում 170 մլրդ դոլարի հանքեր կան, որ հիմա մշակվում են: Դա մեր 100-ամյա բյուջեն կլիներ, որն արտահանման եւ մշակման փուլում է գտնվում: Այս հարստության մեջ ամեն մի քաղաքացի իր բաժինն ունի: Դրա հիման վրա կարելի է այլ ձեւով զարգացնել տնտեսությունը: «Մենք ոչ գրանտ ենք ստանում, ոչ որեւէ կուսակցության անդամ ենք, ոչ էլ խորհրդարանի մանդատ ենք ուզում: Մենք ժողովրդից ենք դուրս եկել»,-պարզաբանեց կինոռեժիսորը:
Տ.Խզմալյաննն անդրադարձավ նաեւ աշխատավորների արհմիության ստեղծման հարցին, «Նաիրիտի» բանվորներին, ովքեր ստրուկից էլ վատ վիճակում են, քանի որ աշխատավարձ չեն ստանում:
Անահիտ Սիմոնյան
Աղբյուրը՝ asparez.am