Նախախորհրդարանի ծրագրային առաջարկների չընդունմամբ պայքարը հանգեց ապրիլի 9-ի տրամաբանական վախճանին. Ժ. Սեֆիլյան

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա քաղաքական թիմը, ընթացքում որոշակի հույսեր ներշնչող տատանումներով հանդերձ, ի վերջո չընդունեցին Նախախորհրդարանի հորդորներն ու ծրագրային առաջարկությունները: Նրանք իրենց նախորդների նման ուժերը կենտրոնացրեցին համակարգի ներսում պայքարը ծավալելու ուղղությամբ, ինչն էլ հանգեցրեց ապրիլի 9-ի տրամաբանական վախճանին:
Սա այն պարագայում, երբ փետրվարի 18-ի ժողովրդական ընդվզումն իրական հնարավորություն ստեղծեց դրա ալիքը իմաստավորված ժողովրդական շարժման վերածելու և գործընթացը շատ ավելի արդյունավետ կերպով ու սեղմ ժամկետներում ավարտին հասցնելու համար»:
Tert.am-ի հետ զրույցում նման գնահատական տվեց Նախախորհրդարանի քարտուղարության անդամ և «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը՝ ի պատասխան հարցերի, թե մայիսի 9-ին Գյումրիում և մայիսի 17-ն Երևանում հանրահավաքներ անցնկացնելու մասին հայտարարած Նախախորհրդարանն արդյոք պայքարի ղեկն այսուհետ իր ձե՞ռքն է վերցնում, և արդյոք սա նշանակու՞մ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կապված հույսերն ի դերև ելան, ինչպես նաև՝ շարունակելու՞ են Րաֆֆի Հովհաննիսյանի և թիմի հետ համագործակցել:

Ի լրումն վերոնշյալի՝ Ժիրայր Սեֆիլյանը նաև նշեց, որ արդեն կեսից ընթացքը տեսանելի էր, և կարճ ժամանակ անց արդեն մեծ հույսեր չէին փայփայել առ այն, որ իրենց առաջարկությունները կընդունվեն: Սակայն որոշել են մինչև համակարգի ներսում ընտրական գործընթացի ձևական ավարտի օրը` ապրիլի 9-ը, դեմ չգնալ մեծամասնության տրամադրություններին, քանի որ չէին ուզում մասնակցել ընդվզման էներգիայի փոշիացմանը:

«Հարկավ, սա համաժողովրդական պայքար է և բոլոր ուժերն ու գործիչները, այդ թվում` պարոն Րաֆֆի Հովհաննիսյանը, իրավունք և պարտականություն ունեն միանալու դրան: Համենայն դեպս` Նախախորհրդարանի որդեգրած գաղափարների թեև մասնակի և դեռևս ամբողջությամբ չյուրացված, սակայն որոշ չափով շրջանառումն ու նույնիսկ իրագործելու փորձերը խոսում են այն մասին, որ ապագայում միասնական պայքար ծավալելու հույսը միանգամայն իրական է»,- ասաց նա:

Ըստ Ժիրայր Սեֆիլյանի՝ «ներհամակարգային ընդդիմադիր ուժերի այսպիսի քաղաքական վարքագիծը պայմանավորված է այն հանգամանքով, որ համակարգը ինքնիշխան չէ, պետությունը չի կայացել և այդ պատճառով նրա ներսում գործող ուժերը նույնպես չեն կայացել ու քաղաքական կենսունակություն ձեռք չեն բերել»: Ուստի նրանք ի վիճակի չեն ըմբռնելու Հայաստանի և հայության իրական վիճակն ու պրոբլեմները և համապատասխան հետևություններ անելով` որդեգրելու պայքարի ճիշտ ու արդյունավետ ուղի: Ըստ այդմ՝ պայքարի մեթոդաբանությունը, որպես կանոն, թելադրում են պայքարող սուբյեկտի միջավայրը և կարգավիճակը: Բացառություններ հնարավոր են, սակայն դեռևս ի հայտ չեն եկել»:
«Սարդարապատի» անդամն ասաց, որ նույնիսկ այն ուժերը, որոնց կարծիքով Հայաստանը հետզհետե խորացող համակարգային ճգնաժամի մեջ է գտնվում (ավելին՝ ասաց, որ «շատերը դեռ թմբիրի մեջ են և համարժեք կերպով ի վիճակի չեն անգամ տեսնելու այս պարզ ճշմարտությունը»), որպես այդ ճգնաժամի հիմնական պատճառ մատնացույց են անում ապօրինի վարչախմբին, նրա հանցավոր ու ապաշնորհ վարչարարությունը, իսկ մեր ներքին գործերին օտարների միջամտությունը ընդամենը համարում են վարչախմբի լեգիտիմության բացակայության հետևանք:

Մինչդեռ «Սարդարապատի» գնահատմամբ՝ Հայաստանը նորգաղութային տիրապետության զոհ է և վերը նշված համակարգային ճգնաժամն էլ դրա հետևանքն է, քանի որ իրականում այս հանրապետությունը ձևավորվել է ըստ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների օրակարգի, իսկ նրա պետական կառավարման համակարգն այդ կենտրոնների ռազմավարական շահերն սպասարկող գործիք է:

Արցախյան հակամարտության լուծումը, որպես պետության գլխավոր ռազմավարական հարց, Ժիրայր Սեֆիլյանի կարծիքով, նույնպես ձևակերպվել է այդ օրակարգում, ինչի հետևանքով պետությունն ու ժողովուրդը դարձել են դրա պատանդն ու հաշվետուն: Եվ հետևաբար, վարչախումբն ընդամենը նորգաղութային կառավարման համակարգի վարիչն է:
«Ուստի առանց նորգաղութային տիրապետությունից ազատվելու և համակարգը փոխելու, միայն վարչախմբի փոփոխությամբ հնարավոր չէ դուրս գալ ազգային աղետի այս վիճակից»,-ասում է Ժիրայր Սեֆիլյանը և հավելում, որ նորգաղութային կառավարման համակարգի ներսում որևէ արդյունք չի տա նաև խորհրդարանական մոդելի որդեգրումը, քանի որ համակարգը և այն կառավարող ուժերի ազդեցությունների ձևաչափն ու բնույթը դրանով չի փոխվելու:
Իսկ արմատական փոփոխությունների հնարավոր է հասնել միայն նորգաղութային համակարգից դուրս և այն մերժող ազգային-ազատագրական պայքարի միջոցով:
Քանի որ Նախախորհրդարանի անդամների կարծիքով՝ նորգաղութային վիճակը դասական գաղութային վիճակից տարբերվում է այն հանգամանքով, որ գաղութարարը ներքին կառավարումը (որպես վարչարարություն) իրականացնում է ոչ թե իր ներկայացուցիչների, այլ տեղական դրածոների միջոցով, այսինքն՝ օտարի ուղղակի տիրապետության փոխարեն գործ ունենք օտարի դրածոների կողմից ժողովրդի իշխանության, նրա պետության կառավարման համակարգի յուրացման հետ, ապա այդ պատճառով զինված և/կամ ուղղակի դիմադրության ու անհնազանդության այլ ձևերի փոխարեն հարկավոր է ժողովրդի կաշկանդված ինքնիշխանությունը դրսևորել և նրա իշխանությունը իրականացնել յուրացված համակարգից դուրս` յուրային կառավարման համակարգ ձևավորելու ու գործարկելու միջոցով:

 

«Սարդարապատում» համակարգի ներսում վարչախմբին դիմագրավող ուժերին միայն պայմանականորեն են ընդդիմադիր անվանում, և նրանց հետ միանալ-չմիանալու հարց կարող է առաջանալ միայն այն դեպքում, երբ նրանք դուրս գան համակարգից և լծվեն ազգային-ազատագրական պայքարին:

 

Աղբյուրը՝ tert.am

 

Share Button