Ժիրայր Սեֆիլյանը`վարչապետի վերանշանակման մասին. «Օկուպացիոն ռեժիմի հերթական վերարտադրումը տեղի է ունենում ամենայն ցինիկությամբ»

Այսօր Aravot.am-ը Գյումրիում մամուլի ասուլիս հրավիրած «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանից հետաքրքրվեց` մի՞թե ռոմանտիկ չի հնչում Րաֆֆի Հովհաննիսյանի` իշխանություններին «ինքնահրաժարման» հասցնելու ծրագիրը , երբ այս պահին հրաժարական ներկայացրած կառավարության յուրաքանչյուր անդամ ձգտում է նորից վերահաստատվել իր հին պաշտոնում:

Հիշեցնենք, որ երեկ «Նոր Հայաստանի» հռչակագիրը ընթերցելիս` Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ իրենց մեկնարկած միասնական գործընթացի սկզբունքները կհանգեցնեն «հանրապետության նախագահությունը բռնի կերպով զավթածների ինքնահրաժարմանը»:

«Բնականաբար ռոմանտիկ է, մենք բազմաթիվ անգամ ասել ենք, որ դիկտատորներին հեռացիր ասելով՝ նրանք չեն հեռանա, նախագահի աթոռը զավթած մարդկանց նույնանման կոչով դիմելով որևէ արդյունքի չես հասնի: Եվ շատ լավ գիտակցում ենք, որ այն մարդը, որը զավթել է աթոռը և ինքն այդ աթոռին չի հայտնվել ընտրությունների միջոցով, բնականաբար ընտրությունների միջոցով չէ, որ պիտի հեռանա: Մենք այս ռեժիմի օրոք ընտրություններին մասնակցելու կամ ընտրությունների վրա հույս դնելու հետ կապված մեր կարծիքը բազմիցս հայտնել ենք` մեր ժողովրդին ու քաղաքական ուժերին հորդորելով, որ անիմաստ է այդ ամբողջին մասնակցելը : Սակայն, դժբախտաբար, այդ ուժերը չեն լսել մեզ, և խնդրեմ` փետրվարի 18-ին հերթական անգամ ապացուցվեց, որ այդ ամբողջը անիմաստ էր: Եվ ապրիլի 9-ին ի՞նչ տեղի ունեցավ՝ տեղի ունեցավ ամենավատը, հերթական անգամ մեր ժողովուրդը պատրաստ էր ապստամբելու և իր էներգիան ուղղորդելու դեպի մի ճիշտ ուղի, որի արդյունքում մենք պատկերացնում էինք ոչ միայն իշխանափոխություն , այլ նաև առաջին հերթին ` համակարգափոխություն:

Ապրիլի 9-ից հետո մեր համար Հայաստանում ստեղծված է մի այլ իրավիճակ, եթե մինչև ապրիլի 9-ը մենք «Նախախորհրդարանի» շրջանակներում մեր ռազմավարական ծրագրի հետ կապված ունեինք որոշ պատկերացում քայլերի հաջորդականության և ինչ-որ ժամանակագրական ընթացքի մեջ, այժմ մենք հասկանում ենք, որ այլևս մեր քայլերը մենք պետք է արագացնենք: Բոլորս տեսնում ենք` Հայաստանն ինչպիսի վիճակի մեջ . հերթական վերարտադրումը օկուպացիոն ռեժիմի, հերթական վերանշանակումը գործող ադմինստրացիայի, այս դեպքում Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, և այդ վերատադրումը տեղի է ունենում ամենայն ցինկությամբ: Այն վարչապետ կոչեցյալը , որի տարիների ընթացքում երևի արտագաղթը մեր երկիրում այդպիսի նախադեպ չի ունեցել, և դժբախտաբար այդ միտումը գնալով խորանում է: Այս բոլորը տեսնելով`մենք այլևս նույն տեմպերով չենք կարող շարունակել, և բնականաբար մենք մեր քայլերը արագացնելու ենք», – ասաց Ժիրայր Սեֆիլյանը` նշելով, որ հենց այդ պատճառով է , որ իրենք մայիս ամսին հանրահավաք են հրավիրելու Օպերայի հրապարակում:

Նրանք նախատեսում են նաև դահլիճային հավաքներ,որոնց նպատակը գլխավորապես միտվելու է ինքնակազմավորմանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Աղբյուրը՝ aravot.am

Share Button