«Նախախորհրդարանը» այլևս չի կանգնելու այս կամ այն քաղաքական գործչի թիկունքում, ինքն է սկսում հանրահավաքների շարք

download«Նախախորհրդարանը» անցյալ տարվանից նախանշած իր ծրագրերը սկսելու է որքան հնարավոր է արագ և կարճ ժամանակում ի կատար ածել: Այս անգամ «Նախախորհրդարանը» ոչ թե կանգնելու է այս կամ այն քաղաքական ուժի կամ առաջնորդի թիկունքում, այլ ինքն է վերցնում նախաձեռնությունն իր ձեռքը և պատրաստ է համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի ու գործիչների հետ, ովքեր համամիտ են ստեղծել գործող իշխանությանը զուգահեռ նոր իշխանություն: Այս մասին հայտարարեցին «Նախախորհրդարանի» անդամները Գյումրիում արտագնա նիստի ժամանակ լրագրողների հետ հանդիպելիս:

ԳԱԼԱ-ի հարցին` Դուք ինչպե՞ս եք պատկերացնում «Նոր Հայաստանի» ծրագիրը, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց, որ ներկա կառավարման համակարգը` կտրելով իր կապը հասարակության հետ, դատապարտված է քայքայման:

«Նախախորհրդարանի» անդամների պատկերացմամբ՝ հնարավորինս արագ, իշխանությանը զուգահեռ պետք է ստեղծվի նոր իշխանություն, և ժողովուրդը իր գործուն մասնակցությամբ պետք է ստեղծի նոր իշխանական բևեռ, մինչև հինը քանդվի:

«Նախախորհրդարանի» անդամ, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը խոսեց Րաֆֆի Հովհաննիսյանի`իշխանություններին արված ինքնահրաժարման առաջարկից`բնութագրելով այն որպես ռոմանտիկ քայլ:

«Բնականաբար, ռոմանտիկ է, բազմաթիվ անգամ ասել ենք, որ դիկտատորներին հեռացի´ր ասելով, նրանք չեն հեռանա, և նախագահի աթոռը զավթած մարդկանց այս կոչով դիմելով` նման արդյունքի չես հասնի: Շատ լավ գիտակցում ենք, որ մարդը, ով զավթել է աթոռը, ընտրությունների միջոցով չի հասել այդտեղ և այդպես էլ չպետք է հեռանա:

Խնդրեմ, փետրվարի 18-ին հերթական անգամ ապացուցվեց, իսկ ամսի 9-ին տեղի ունեցավ ամենավատը: Հերթական անգամ ժողովուրդը պատրաստ էր ապստամբության և իր էներգիան չկարողացան ուղղորդել ճիշտ ուղիով, որի արդյունքում մենք պատկերացնում ենք առաջին հերթին համակարգի փոփոխություն, և ամսի 9-ից հետո ստեղծված է նոր քաղաքական իրավիճակ: Եթե մինչև ապրիլի 9-ը «Նախախորհրդարանի» շրջանակներում մենք ունեինք որոշակի պատկերացումներ, հիմա հասկանում ենք, որ մեր քայլերը պետք է արագացնենք: Բոլորս տեսնում ենք, որ Հայաստանը ինչ վիճակի մեջ է և մայիսին սկսում ենք հանրահավաք՝ ինչպես Երևանում, այնպես էլ`նաև մարզերում: Նպատակը՝ գլխավորապես տանելու ենք ժողովրդին ինքնակազմակերպման»:

Քրիստինա Մկրտչյան
Աղբյուրը՝ galatv.am

Share Button