Եղիա Ներսեսյան. «Երբ գա կրիտիկական պահը, ոստիկաններն ու զինվորականներն են ասելու`Սերժիկնե՛ր, Պողոսնե՛ր, Պետրոսնե՛ր, հեռացե՛ք մեր երկրից»

Այս մասին այսօր Գյումրիում իր համոզմունքը հայտնեց բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանը, որին ապրիլի 9-ին` 18 այլ ակտիվիստների հետ, բռնի ուժով բերման էին ենթարկել ոստիկանություն: «2 ժամ մնացինք սկզբում, վերջին 1 ժամում գրավոր էինք գրում: Անկեղծ եմ ասում նույնիսկ հեղափոխվել էր քննչական բաժնի պետը, ինձ ասեց` Եղիա՛, քեզ ինչո՞ւ են բերել էստեղ, դու պետք է ժողովրդի հետ մնաս, որ մենք հասկանանք` Հայաստանը դեպի անդունդ է գնում, և մենք ազգային զարթոնք պետք է ապրենք: Դա կվկայի այն փաստը, որ թվացյալ այն համակարգը, որի դեմ ժողովուրդի չի կարող պայքարի, այդ համակարգը այնքան էլ իրենցը չէ:

Ես վստահ եմ, որ և՛ ոստիկանական համակարգում և՛ բանակում 80 տոկոսը ժողովրդի կողքին է, և երբ գա կրիտիկական պահը, առանց մի կաթիլ արյուն թափելու հեշտ է լինելու հեղափոխությունը: Նրանք բոլորը կանգնելու են արդար, ճիշտ ճանապարհին և իրենք են ասելու ` Սերժիկնե՛ր, Պողոսնե՛ր, Պետրոսնե՛ր, հեռացե՛ք մեր երկրից: Եվ դա իրականություն է:

Այսօր իրականությունից խոսելիս` հերիք է մատնացույց անես այն փաստը, թե Հայաստանը ինչ ուղի է գնում, բոլորը համոզվում են: Դու շատ մեծ փաստերի կարիք չունես, պետք չունես փնովելու ոչ մեկին: Դու մենակ բնապահպանական իրականությունը այսօր Հայաստանի եթե մատնացույց տաս փաստերով, բոլոր այն մարդիկ, ովքեր ապրում են Հայաստանում` անկախ իրենց զբաղեցրած պաշտոնից, կհասկանան, որ իրենք են ապրելու այստեղ ու այլևս չեն կարող ապրել, դրա համար հեղափոխությունը ժողովրդինն է լինելու»,- ասաց Եղիա Ներսիսյանը: Ըստ բանախոսի, ով սիրում է Հայաստանը, նա պայքարելու է , իսկ Հայաստանում մնացել է հենց այդ խավը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Աղբյուրը՝ aravot.am

Share Button