Ժողովրդագրական համաղետը, տիրող համակարգը եւ Հայաստանի լինելության խնդիրը – 3

Ալեք Ենիգոմշյան

II. Տիրող Համակարգը

45527Հայաստանում եւ սփյուռքում ժողովրդագրական ներկա իրավիճակն ու միտումները չափազանց սեւ եւ հոռետեսության մղող գույներով են ներկայանում: Այս պատկերը շատերի մոտ հուսալքության եւ անկման հոգեվիճակներ կարող է առաջացնել:

Դա թեեւ հասկանալի, բայց մինչեւ վերջ չհիմնավորված հակազդեցություն է: Իրավիճակը երբեք անհուսալի եւ անելանելի չէ: Այն այդպիսին կդառնա միայն այն պարագայում, երբ բոլոր հանձնառու, գիտակից եւ ոչ անտարբեր հայերը, Հայաստանում թե սփյուռքում, չսթափվեն, չզգոնանան ու իրենց բոլոր ուժերը զորաշարժի չենթարկեն առկա միտումների փոփոխության հստակ նպատակով: Իսկ ուժերի լարման ու սպառնացող վտանգների հաջողությամբ չեզոքացման անհրաժեշտ առաջին պայմանը նախ դառն իրականությունը նվազագույն զգացմունքայնությամբ առարկայականորեն գիտակցելն է:

Ներկա փուլում դառն իրականությունը տեսնելուց գիտակցաբար կամ անգիտակցաբար խուսափելը կհանգեցնի այդ չափազանց վտանգավոր միտումների անխափան շարունակմանը: Բացի իրականությունն իմացող, բայց շահադիտական պատճառներով այն չտեսնել ձեւացնող մի փոքրամասնությունից, բոլորի համար պարզ է, որ երկրի ու ժողովրդի դիմագրաված գրեթե բոլոր խնդիրների, ներառյալ ժողովրդագրական շարունակվող մահացու աղետի հիմնական պատճառը երկրում հաստատված համակարգն է` ի դեմս այն ստեղծած եւ շարունակ նրա վերարտադրությունը սնուցող մարդկանց ու նրանց խմբավորումների:

Այս իրողությունը, պարզ լինելով հանդերձ, անհրաժեշտ հիմնավորման կարիք ունի. պետք է փորձել այդ համակարգը ախտորոշել ու վեր հանել դրա բաղադրիչների ներքին փոխկապակցվածությունը: Սա անհրաժեշտ է նաեւ այլընտրանք չունեցող ու անհետաձգելի նոր համակարգի հիմնադրույթների հիմնավորման առումով:

1. Համակարգի էությունը

Հայաստանում տիրող իրավիճակը պարզ է բոլորի համար: Այնուամենայնիվ, կարող են տարբերվել այդ իրավիճակը ծնող համակարգի, վերջինիս էության, գործելաձեւի ու ներքին տրամաբանության ու մեխանիզմների գնահատման, ինչպես նաեւ ընդհանրապես առկա առարկայական իրականության վերլուծության ձեւերը:

Ներկա համակարգի էությունը բաղկացած է երկու բաղադրիչներից: Առաջին բաղադրիչը մի խումբ մարդկանց կողմից երկրում առկա համարյա բոլոր պաշարները (ռեսուրսները) եւ նոր հարստություն ստեղծելու քիչ թե շատ նշանակալից բոլոր միջոցներն իրենց ձեռքերում կենտրոնացնելու, ինչպես նաեւ աշխատավոր դասի մեծամասնության անխնա շահագործման իրողությունն է:

Այս մարդկանց ու նրանց խմբավորումների նպատակն, իհարկե, այլ բան չէ, քան իրենց ընչաքաղցությանը հագուրդ տալն ու նյութական ունեցվածքը անընդհատ բազմացնելու անհագ ցանկությունը: Այս նպատակն իրականացվում է ոչ միայն ի հաշիվ ժողովրդի ջախջախիչ մեծամասնության բարօրության, այլ նաեւ նրա մի զգալի հատվածի նույնիսկ ֆիզիկական տարրական վերարտադրության պայմանների ապահովման, հանգամանքներ, որոնք կործանարար հետեւանքներ են ունենում երկրի համար:

Համակարգի էության երկրորդ բաղադրիչը առաջինի իրականացումը տեւականորեն երաշխավորելու նպատակով քաղաքական եւ ուժային լծակները նույն խմբի ձեռքերում կենտրոնացնելն է: Ինչպես երեւում է, իրականում այս բաղադրիչն ածանցյալ է առաջինից. եթե չլիներ տնտեսական միջոցների վրա մենաշնորհը պահելու անհրաժեշտությունը, չէր լինի նաեւ ուժային եւ քաղաքական լծակների մենաշնորհի ապահովման անհրաժեշտությունը: Բայց առաջինը չի կարող հարատեւել եւ նույնիսկ գոյություն ունենալ առանց վերջինի:

Հետեւաբար, քաղաքական եւ ուժային մենաշնորհների պահպանումը նույնքան էական է համակարգի համար, որքան տնտեսականը: Համակարգի մնացյալ բաղադրիչները` արտաքին քաղաքական կողմնորոշումներ, կրթական, մշակութային եւ այլ ոլորտներում վարվող քաղաքականություն, նույնիսկ Արցախի ու Թուրքիայի, սփյուռքի հետ հարաբերությունների կողմնորոշումներն ածանցյալ են համակարգի էությունը հանդիսացող բաղադրիչներից:

Այլ երեւույթներ, ինչպես տիրապետող արժեհամակարգը եւ բարոյահոգեբանական տիրող մթնոլորտը, մասամբ միտումնավոր ձեւով են ստեղծված, մասամբ ընդհանուր համակարգի հետեւանքային տրամաբանական արգասիքն են:

2. Համակարգի ծնունդն ու սկիզբը

Արդյո՞ք Հայաստանի ներկա կործանարար համակարգը 1998 կամ 2000 թվականին նոր է միայն կազմավորվել: Արդյո՞ք առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դավանած գաղափարախոսության եւ նախագահական գործնական փորձի վրա հիմնված մի նոր իշխանություն կարող է դարման հանդիսանալ երկրի առջեւ ծառացած խնդիրներին: Այս հարցերի պատասխանի անհրաժեշտությունը միայն մեր նորագույն պատմությունը ճիշտ մեկնաբանելու ու գնահատելու թելադրանքներից չի բխում:

Ներկա համակարգի փոփոխությունը անիմաստ եւ թանկ ժամանակի կորուստ կլինի, եթե նոր համակարգը ձերբազատված չլինի նրա բոլոր ախտերից եւ չհամապատասխանի երկրի ու ժողովրդի առողջ գոյության համար անհրաժեշտ բոլոր պայմաններին:

Վերոնշյալ երկու հարցերի պատասխանն էլ միանշանակ բացասական է: Ներկա համակարգի ոչ միայն հիմքերը, այլ նաեւ հիմնասյուներից մի քանիսը դրվել ու բարձրացվել են 1992-1998 թթ.: Համակարգի էությունը կազմող` երկրի տնտեսական, քաղաքական եւ ուժային լծակների կենտրոնացման ու մենաշնորհացման գործընթացը սկսվել եւ մասամբ ավարտվել է այդ ժամանակաշրջանում:

1990-ականների սկզբներին, մի կողմից` իր ներսում խորացող ճգնաժամից ելք որոնելու, մյուս կողմից` ԽՍՀՄ-ի ընթացքի մեջ գտնվող փլուզման հետեւանքով բացվող նոր շուկաներից օգտվելու նպատակներով, համաշխարհային դրամատիրական համակարգի վերնախավը «կատարելագործեց» ու երկրագնդի մասշտաբով ի գործ դրեց տարիներ առաջ առաջադրված «նոր-ազատականության» տեսությունն ու գաղափարախոսությունը, որին այն ժամանակ տրվեց նաեւ «Վաշինգտոնյան կոնսենսուս» անվանումը:

Այս վերջինը բոլոր երկրներից պահանջում էր արտաքին առեւտրի ազատականացում, ներմուծումների վրա արգելքների վերացում, պետական ձեռնարկությունների սեփականաշնորհում մասնավոր սեկտորին, տնտեսական գործառնությունների եւ ձեռնարկությունների գործունեության կարգավորման կանոնների թեթեւացում կամ վերացում, ֆիսկալ քաղաքականության «կարգապահություն», այնպես, որ բյուջետային ծախսերը չգերազանցեն եկամուտները, հանրային ծախսերի կրճատում եւ դրանց ուղղում սուբսիդիաներից դեպի այլ ծառայություններ, ինչպես` (իբր) նախնական կրթություն եւ նախնական առողջապահություն (իրականում ինչպես պրակտիկան ցույց տվեց, դա պետության սոցիալական պատասխանատվություններից ետ կանգնելու հանձնարարություն էր), հարկային բազայի ընդլայնում եւ այլն:

Հայաստանի նոր իշխանությունները սիրահոժար ընդունեցին այս հանձնարարությունները, որոնք, ինչպես շատերն այն ժամանակ իսկ համոզված էին եւ ընթացքում ապացուցվեց, այլ նպատակ չունեին, քան ի հաշիվ ժողովուրդների մեծամասնության բարօրության` դրամագլխի առջեւ լայնորեն բացել առավելագույն շահույթ ապահովելու հնարավորությունները:

Հայաստանի տնտեսական նոր քաղաքականությունը մշակողներն ու կիրառողները ջերմեռանդ ջատագովներն էին տնտեսական ազատականության, «ազատ շուկայի», պետության դերի չեզոքացման ու «կենսունակ» մասնավոր սեկտորի ու գործարարների խավի առաջացման: Նրանք մի քանի փուլերով մասնավորեցրին հանրային-պետական ունեցվածքի մեծագույն մասը:

Վերջին` «վաուչերային» սեփականաշնորհման փուլը «ամենակատարյալն» էր, երբ հատկապես խորհրդային, բայց նաեւ հետանկախության առաջին երկու-երեք տարիներին անազնիվ միջոցներով փող կուտակած մարդիկ փոքր գումարներով յուրացրին ազգային տնտեսության միջոցների մեծագույն մասը: Նոր իշխանությունների որոշ ներկայացուցիչների եւ հին վարչակարգի «հաջողակ» ու ճարպիկ տնօրենների ու «ցեխավիկների» խավի միջեւ, փաստորեն, կնքվել էր անգիր դաշինք, որի արդյունքում եւ առաջացան մենաշնորհի ձգտող եւ այդ ժամանակվա պայմաններում այդ ձգտումը առավելագույնս իրականացրած փոքրաթիվ խմբերը:

Իրականում, Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանում տիրող պայմանները, որքան էլ որ դժվարին լինեին, հնարավորություն տալիս էին օգտագործել առկա պաշարները, ստեղծել նորերը եւ այդ ամենը ծառայեցնել բովանդակ ժողովրդի կարիքներին` ստեղծելով ցանկալի եւ գրավիչ երկիր ունենալու նախադրյալներ: Բայց նման հանգուցալուծումը բացառում էր առանձնաշնորհյալ խավի առաջացումը: Առկա պաշարներն ու հնարավորություններն անմիջապես յուրացվեցին մի խումբ մարդկանց կողմից:

Այս իրողությունը ժողովրդի մի շատ մեծ հատվածի զրկեց իր երկրում թեկուզ եւ համեստ պայմաններում ապրելու իրավունքից ու հնարավորությունից, ինչն այլ կերպ չէր կարող դրսեւորվել, քան մեծ թվով քաղաքացիների արտագաղթով: Երեւի թե ոչ ոք վարվող տնտեսական քաղաքականության միտումներն ու նպատակներն այնքան ճշգրիտ չի վերլուծել եւ սպասվող հետեւանքները կանխատեսել, որքան Միքայել Քոթանյանը (որը դառնալու էր 1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչության զոհերից մեկը):

Դեռ 1993-ի սկզբներին, երբ վարվող քաղաքականությունն իր սկզբնական փուլում էր, եւ միայն փոքրաթիվ օբյեեկտներ էին մասնավորեցվել, իսկ հիմնականը դեռ առջեւում էր, տաղանդավոր տնտեսագետը մատնանշումներ ու կանխատեսումներ էր կատարում, որոնք նախապես ներկայացնում էին եւ 90-ականների, եւ թե անցնող տասնամյակի իրական պատկերը:

Նշելով, որ ըստ տնտեսական ոլորտի ղեկավարների` անխուսափելի զոհաբերություններ են պետք «երանելի շուկայական տնտեսության» հասնելու համար, նա շարունակում է. «…այդ զոհաբերության կրողները տրամաբանորեն կլինեն արդեն ունեզրկված հասարակության լայն զանգվածները, իսկ ապապետականացման եւ սեփականաշնորհման միջոցով պետական ողջ ունեցվածքը (…)[տնտեսական քաղաքականության ղեկավարների] մշակած տեսությամբ եւ մեխանիզմով, գերակշռող մասով կդառնա հասարակության այն խավի սեփականությունը, որն այսօր դարձել է դրամատիրական կապիտալի տեր` խտրականություն չդնելով այն վաստակելու ձեւերի միջեւ: (…)

Ձեռնարկված պետական միջոցները այդ սպեկուլյատիվ կապիտալի անսահմանափակ տնօրինությունն են հաստատում: (…) Այսօր, երբ մեր անկախ հանրապետության տնտեսությունը շեշտակի անկում է ապրում, բանկային կապիտալը արդյունաբերության ինվեստիցիաների ֆունկցիա, ըստ էության, չի իրականացնում:

Զրկված սեփական վարկային ռեսուրսներից` այն հիմնականում զբաղված է վաշխառուական, բարձր տոկոսներով, սպեկուլյատիվ բնույթի առեւտրային գործարքներ վարկավորելով: Այդ մեծ տոկոսների փոխհատուցումը, վերջին հաշվով, ապահովվում է բնակչությանը վաճառվող ապրանքների գները մեխանիկորեն բարձրացնելով: Մեզանում, փաստորեն, փոխատվական կապիտալը, ի հաշիվ վարկային սպեկուլյատիվ տոկոսների, դառնում է դրամական կապիտալի մեծ գումարի սեփականատեր, իսկ դրանց տերերը, ըստ իրենց կապիտալի չափի, սեփականաշնորհման օրենքով կդառնան երկրի ունեցվածքի սեփականատերերը: (…) [այս] ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի կունենա այնքան սեփականություն, ինչքան հասցրել է փող կուտակել:

Իսկ փող կուտակողները ոչ թե երկար ու ձիգ տարիներ անբասիր աշխատող քաղաքացիներն են, այլ մեր օրերի մաֆիոզ խմբերը, մեծ մասշտաբի առեւտրական սպեկուլյատիվ գործարք կատարողները, ժամանակակից «բանկիրները», ինչպես նաեւ սրանց տարբեր խմբավորումները, որոնք սերտաճել են պետական ապարատի, պառլամենտական տարբեր խմբերի, իրավապահպան, շրջանային եւ քաղաքային տարբեր մարմինների հետ: (…)

Դեֆիցիտային տնտեսության մեջ սեփականաշնորհումը ոչ թե շուկայական տնտեսություն է ձեւավորելու, այլ մոնոպոլիաներ ու մաֆիոզ խմբեր, որոնց նպատակը մեր երկրի, մեր տնտեսության զարգացումն ու մրցակցային պայքարը չէ ամենեւին, այլ արհեստականորեն դեֆիցիտը մեծացնելն ու գները բարձրացնելը»: («Մեր երկրից չսկսվող ճանապարհը մեզ ոչ մի տեղ չի տանի», Միքայել Քոթանյան, «Դրօշակ», 7 ապրիլի, 1993): Ասված է ամեն ինչ: Նախկին վարչապետ եւ ներկայիս իշխանություների արդարացիորեն սուր քննադատ Հրանտ Բագրատյանը սիրում է ասել, որ օլիգարխիան այս իշխանությունների օրոք առաջացած երեւույթ է, թե ներկայումս քառասուն ընտանիքներ վերահսկում են երկրի ՀՆԱ-ի 52 տոկոսը, թե իրենց իշխանության օրոք եղել է ընդամենը մեկ օլիգարխ, որն էլ վերահսկել է տնտեսության ընդամենը 0,6 տոկոսը:

Նախ պետք է ասել, որ այդ 0,6 տոկոսը եւս մեկ ընտանիքի համար մեծ թիվ է ներկայացնում: Բայց ավելի կարեւորն այն է, որ քառասուն ընտանիք այն ժամանակ չէին էլ կարող տնտեսության ավելի քան 50 տոկոսին տեր դառնալ: Տնտեսության կենտրոնացումն ու մենաշնորհացումը զարգացող գործընթացներ են եւ մի օրից մյուսը իրենց ավարտին չեն հասնում:

Այստեղ կարեւորն այն է, որ այդ գործընթացների հիմքերը դրվեցին 90-ականների իշխանության օրոք: Վերջին հաշվով, սամվելալեքսանյանները, գագիկծառուկյաններն ու ներկայի շատ ուրիշ օլիգարխներ 1998 կամ 2000 թվականին ինքնաբերաբար, դատարկությունից չեն առաջացել: Հ. Բագրատյանը ներկա իշխանություններին նաեւ խստորեն քննադատում է գյուղատնտեսության խղճալի վիճակի առնչությհամբ: Այո. ներկա իշխանությունների հանցավոր քաղաքականության պատճառով գյուղատնտեսությունն ու գյուղացիությունը գտնվում են աղետալի վիճակում, որը երկրի համար տարբեր առումներով ամենավտանգավոր հետեւանքներով է հղի:

Բայց ո՞վ չի իմանում, որ գյուղացիության ներկա իրավիճակի արմատները եւս պետք է փնտրել բագրատյանական տարիներին: Ո՞վ չի հիշում գյուղացիության մեջ մեծ տարածում գտած «Ոչ թե հողը հանձնեցին գյուղացուն, այլ գյուղացուն հանձնեցին հողին» ասույթը: Հողի չմտածված սեփականաշնորհումը չուշացավ իր բացասական արդյունքներով:

1986-ի համեմատ 1997-ին գյուղատնտեսական արտադրության ընդհանուր ծավալները եւ մեկ հեկտարից ստացված բերքը մեծ չափերով նվազել էին: Ստվերային տնտեսությունը, որը մեծ մասամբ երկրի խոշոր դրամագլխի «ձեռքի գործն է», շատ բարձր տոկոս է ներկայացնում այսօր, ինչպիսին ներկայացրել է նախորդ իշխանությունների օրոք: Վերջապես, հիշյալ համակարգի հաստատման փաստով պետք է բացատրել այդ իշխանությունների արցախյան քաղաքականությունը:

Հետզհետե ավելի կենտրոնացվող եւ մենաշնորհացվող տնտեսությունն անձեռնմխելի դարձնելու համար նույն տարիներին մենաշնորհվեցին նաեւ քաղաքական եւ ուժային ոլորտները: Դա իրագործվեց 1995 թ. պատգամավորական եւ 1996 թ. նախագահական ընտրությունների ժամանակ: Համակարգը, թեկուզ նորաթուխ վիճակում, արդեն կազմավորվել էր: Այն, ինչ կատարվեց 1998-ին եւ 2000-ին, կազմավորված համակարգի «վերնա-վերնախավի» փոփոխություն էր:

Share Button