Ժողովրդագրական համաղետը, տիրող համակարգը եւ Հայաստանի լինելության խնդիրը – 2

Ալեք Ենիգոմշյան

2. Միտումներ սփյուռքում

45527Ընդունված է ասել, որ աշխարհում այսօր ապրում են մոտ 10 մլն հայեր, որոնց 30-35 տոկոսը` հայրենիքում (ՀՀ, Արցախ եւ Ջավախք), իսկ մնացյալ մոտ 70 տոկոսը (բաղկացած հետեղեռնյան, խորհրդային եւ հետանկախական սփյուռքներից)` իր էթնիկական տարածքից դուրս:

Իրականում, հայերի թվի 10 միլիոնով գնահատումը լավագույն պարագայում ինքնախաբեություն է: Այնպես ինչպես հայրենիքում ապրողների 3,5 միլիոնով գնահատումը ճիշտ չէ, նույնպես եւ իրենց հայենիքից դուրս` աշխարհով մեկ սփռված հայերի թվի գնահատումը 7 միլիոնով ինքնախաբեություն է, որովհետեւ նրանց մի զգալի հատվածին պետք է համարել ոչ թե հայեր, այլ լավագույն պարագայում ծագումով հայեր:

Նրանց ինքնագիտակցության մեջ իրենց էթնիկապես հայ լինելու իրողությունը կարեւոր հատկանիշ չի հանդիսանում, եւ հետին պլաններում է գտնվում: ԱՄՆ հայերի թիվը, օրինակ, հաճախ գնահատվում է 1,5 մլն-ով երբեմն նույնիսկ ավելի: Այս թիվն, ինչ խոսք, խիստ չափազանցված է: Այդ երկրի նախաեղեռնյան եւ հետեղեռնյան (մինչեւ 1970-ականներ) գաղթի ալիքներից առաջացած հայ համայնքը շատ մեծ չափերով հեռացել է իր հայկական ինքնությունից եւ ամբողջապես «ամերիկանացել»:

400-450 հազար գնահատվող գգրանսիայի հայկական համայնքի ջախջախիչ մեծամասնությունը լավագույն պարագայում հիշում է իր, ավելի ճիշտ` իր ծնողների հայկական ծագման մասին-ոչ ավելին: Նույնը կարելի է ասել խորհրդային տարիներին միութենական հանրապետություներում (հատկապես սլավոնական) կայք հաստատած հայերի մասին:

Օրինակները կարելի է շարունակել: Հակառակ այն իրողության, որ հայերի ընդհանուր թվի 10 մլն-ով գնահատումը չափազանցություն է, այնուամենայնիվ, ճիշտ է այն փաստը, որ արտերկրի հայերը անհամեմատ ավելի մեծ թիվ են կազմում, քան հայրենաբնակները:

Որքան էլ այս իրողությունը մեծ չափերով պայմանավորված լինի Ցեղասպանությամբ եւ դրա հետեւանքներով, այն արտառոց երեւույթ է որեւէ ժողովրդի, առավել եւս պետականություն ունեցող ազգի համար: Էթնիկական ինքնության պահպանման առումով, հայրենաբնակների համեմատ արտերկրում մեր հայրենակիցների ավելի մեծ թիվը, ինչ խոսք, չափազանց վտանգավոր իրողություն է:

Բոլորի համար պարզ եւ ապացույցի կարիք չունեցող փաստ է այն, որ իրենց ազգ-պետության սահմաններից եւ էթնոմշակութային համաշրջանից (արեալից) դուրս ապրող մարդկանց համար ուծացումն անխուսափելի ճակատագիր է: Ասվածի մեզ հետաքրքրող լավագույն օրինակը սփյուռքյան վերոնշյալ հին համայնքների ուծացման փաստն է: Սփյուռքահայերի իսկական թիվը մշտապես նվազելու է (այն կարող է ժամանակավորապես աճել միայն ի հաշիվ հայրենաբնակների արտահոսքի):

Հայտնի փաստ է, որ սփյուռքում հայկական ինքնության պահպանումը տասնամյակներ շարունակ շատ ավելի հեշտ է եղել Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրներում, քան Արեւմուտքում: Այս իրողությունը պայմանավորված է եղել մի քանի գործոններով, որոնցից` արեւելյան երկրներում տեղի կրոնական եւ մշակութային ոչ հոգեհարազատ համարվող միջավայրի ու մթնոլորտի ազդեցությունից զերծ մնալու եւ պաշտպանված լինելու ցանկությունը, այդ շրջանների երկրների ինստիտուցիոնալ կառուցվածքի արդյունք` հայ եկեղեցուն պաշտոնապես շնորհված ոչ միայն նեղ իմաստով կրոնական իրավասությունները, նույն երկրներում հայերի հարաբերականորեն համախումբ բնակությունը, արեւելյան որոշ մշակույթների նկատմամբ մեծ թվով հայերի ունեցած գերակայության բարդույթը, իսկ մյուս կողմից` արեւմտյան մշակույթի նկատմամբ որոշակի ստորադասության բարդույթի առկայությունը, «խորթ» կրոնից ու մշակույթից պաշտպանված լինելու անհրաժեշտության զգացումի բացակայությունն Արեւմուտքում եւ այլն:

Մերձավոր եւ Միջին արեւելյան հայկական համայնքներից դեպի Արեւմուտք հոսքը չդադարող երեւույթ է: Երկար ժամանակ դրա պատճառ են հանդիսացել Արեւմուտքում կյանքի ավելի նպաստավոր պայմաններում ապրելու, ինչպես նաեւ «ոչ-հարազատ» միջավայրից հեռանալու ցանկությունները: Սփյուռքահայերի` 1970-ական թթ. սկսված հոսքն Արեւելքից Արեւմուտք, անհամեմատ աճել է` միջպետական, քաղաքացիական պատերազմների, իսլամական արմատականության աճի առաջացրած մտահոգությունների պատճառով:

Հայկական ինքնությունը շատ ավելի մեծ չափերով պահպանած «արեւելյան» սփյուռքահայերի հոսքը դեպի արեւմտյան երկրներ մշտապես հայկական թարմ շունչ է ներարկել այս վերջինների խամրող հայկական համայնքներին: Իրականում, վերջին 30-40 տարիներին արեւմտյան երկրների հայկական համայնքների ակտիվությունը մեծ չափով դրանով է պայմանավորված:

Չլիներ դեպի Արեւմուտք հայերի այդ հոսքը, մենք այդ երեւացող ակտիվության ականատեսը չէինք լինի: Բայց ինչպես այդ երկրներում իրենց նախորդածների պարագայում էր, նույնպես եւ այս համեմատաբար նոր հոսքից սերած երկրորդ, շատ դեպքերում առաջին սերնդի համար ուծացումն անխուսափելի է լինելու: Դա արդեն ամեն օր քիչ ավելի երեւացող իրողություն է: Մերձավոր եւ Միջին Արեւելքի երբեմնի կենսունակ համայնքներն արդեն ապրում են իրենց գոյության վերջին փուլը:

Պատճառը նախորդ տասնամյակներին սկսված` դեպի Արեւմուտք չդադարող արտագաղթն է եւ անցումը քանակական ճգնաժամի շեմից ներքեւ: Իրանի հին եւ երբեմնի աշխույժ համայնքը հոգեվարքի մեջ է: Իրատեսական լավագույն գնահատականներով ներկայումս առավելագույնը 30 հազար հաշվվող համայնքի անդամները արագ տեմպերով շարունակում են գաղթել դեպի Արեւմուտք, հիմնականում ԱՄՆ` օգտվելով հրեական մի կազմակերպության տրամադրած «առատաձեռն» հնարավորություններից: Լիբանանի նմանապես երբեմնի ամենակենսունակ համայնքն արագ տեմպերով հետեւում է նույն ուղղությանը:

Դեպի Արեւմուտք արտագաղթը, հատկապես երիտասարդության շրջանում, անխափան շարունակվում է: Նախկինում շատ փոքր տոկոս կազմող տեղացի ոչ հայերի հետ ամուսնությունների թիվն աճում է երկրաչափական պրոգրեսիայով եւ տարիներ ի վեր արդեն գերազանցում ներհայկական ամուսնությունների թիվը: Ներկայումս հաճախ կարելի է հանդիպել հայերեն չիմացող ծագումով հայերի, մի բան, որ շատ հազվագյուտ երեւույթ էր նախկինում: Մի սերունդ (երեսուն տարի) հետո միայն հուշեր մնացած կլինեն սփյուռքի այդ նախկին «Փոքր Հայաստանից»: Լիբանանահայ համայնքի խեղճանալով կխեղճանա նաեւ հարեւան սիրիահայ, հիմնականում հալեպահայ համայնքը, որտեղից արտագաղթը նույնպիսի չդադարող երեւույթ է:

Այս երեք համայնքների ուժաթափման եւ իրաքահայ ավելի սակավաթիվ համայնքի հայտնի պատճառներով ավելի արագ մաշումի հետեւանքով, երեք-չորս տասնամյակ անց Մերձավոր եւ Միջին Արեւելքի հայկական երբեմնի աշխույժ համայնքներից մնացած կլինեն միայն ցուցադրական նմուշներ: Այս համայնքների հայությունը ժամանակավորապես կթարմացնի Արեւմուտքի հայ համայնքները, բայց իրենց նախորդածների նման նրանք եւս շատ չանցած կձուլվեն ու կհալվեն ամերիկյան «ձուլող կաթսայի» մեջ: Վերջին երկու տասնամյակներում, առարկայական եւ ենթակայական պատճառների բերումով, ուծացման գործընթացն ավելի արագացել է:

Ժամանակի գործոնը, սփյուռքահայ համայնքների` Արեւելքից Արեւմուտք տեղափոխությունը, մշակութային համահարթեցման համաշխարհային գործընթացների ազդեցությունը եւ այլն, բայց նաեւ սփյուռքում հայկական ինքնության պահպանումն ու դրա համար պայքարի անհրաժեշտությունն իմաստավորող պատճառների ու գործոնների շուրջ ստեղծված անորոշությունն ու շփոթը ուծացման գործընթացների արագացման պատճառներ են:

Չնայած սփյուռքի ուծացումն, ի վերջո, անխուսափելի է, այնուամենայնիվ, կարելի է այդ գործընթացը որոշ չափով երկարացնել, եթե առարկայական գործոններին հաջող կերպով հակադրվեն հայկականությունը պահպանելուն նպաստող ենթակայական ազդու գործոններ: Ինչպես նշվեց, վերջին երկու տասնամյակների ընթացքում ինքնության պահպանման ու պայքարի անհրաժեշտության շուրջ սփյուռքում առաջացել է անորոշություն ու շփոթ: Այս իրողության պատճառները մի քանիսն են: 1985 թ. զինյալ գործողությունների դադարից հետո սփյուռքահայերի պահանջատիրությունը սահմանափակվեց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցով, որն արդեն դարձել է ինքնանպատակ եւ ստացել իներցիոն բնույթ:

Արցախյան շարժումն ու այնուհետեւ ազատամարտը, ԽՍՀՄ փլուզումն ու Հայաստանի անկախացումը սփյուռքահայության ակտիվ ու նվազ ակտիվ շրջանակների մոտ զգալի խանդավառություն ստեղծեցին: Այս վերջինը, սակայն, չդարձավ կամ միգուցե չուզեց վերածվել կազմակերպված եւ հունավորված լուրջ ու գործնական մասնակցության հայրենիքում տեղի ունեցող գործընթացներին: Սրա լավագույն դրսեւորումը սփյուռքահայերի շատ սահմանափակ մասնակցությունն էր Արցախյան ազատամարտին, ինչը նաեւ լակմուսի թղթի դեր կատարեց սփյուռքահայերի հայրենասիրության գործնական աստիճանը չափելու առումով:

Նորանկախ Հայաստանի նոր իշխանությունների` սփյուռքի եւ սփյուռքյան մտածողության նկատմամբ հակադրվողական եւ արհամարհական քաղաքականությունը ոչ միայն չնպաստեց հայրենիք-սփյուռք կամրջի հաստատմանը, այլ խորացրեց գոյություն ունեցող ճեղքվածքը: Սփյուռքյան ավանդական կառույցների ղեկավարությունն ու նրանց ստորադաս դիվանակալները (բյուրոկրատները) տեղական համայնքների կարողականություններն ուղղորդեցին գլխավորապես եւ հիմնականում իրենց դիրքերում սեփական վերարտադրությունը երաշխավորող ամուլ գործունեության ուղղությամբ:

Սփյուռքի իսկական կարողականությունների համեմատ փոքր միջոցներ ներդրվեցին հայրենիքում: Հարաբերականորեն քիչ թվով սփյուռքահայեր, հաճախ առանձին անհատներ կամ փոքր խմբեր, իրենց ազգային հանձնառությունը ներդրեցին Հայաստանում ու Արցախում, հաճախ բարեգործական ծրագրերի սահմաններում, որն ինչքան էլ գովելի, համարյա ոչնչով չնպաստեց երկրում էական ու որակական փոփոխություններ առաջացնելու եւ բարոյական մթնոլորտը բարելավելու առումներով: Ընդհակառակը, նման ծրագրերը հաճախ ակամա նպաստեցին հայրենիքում տիրող վերնախավի դիրքերի ամրապնդմանը: Վերջին հաշվով, սփյուռքահայության համար անցնող քսան տարիների ընթացքում առաջացել է հետեւյալ իրավիճակը:

Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը դարձել է համարյա ինքնանպատակ եւ ստացել իներցիոն բնույթ, ինչը, բացի ոչ ստեղծարար լինելուց, առաջացրել է ոգեւորության որոշակի թուլացում: Մյուս կողմից, Հայաստանի նոր հանրապետություն ու Արցախ երեւույթների առաջացումով ստեղծված նոր իրականությունը թելադրում էր սփյուռքում նախկին պահանջատիրությունից ու նոր իրականությունից բխող մի նոր ամբողջության առաջացում, որտեղ այդ երկուսից յուրաքանչյուրը կունենար իր ինքնուրույնությունը, բայց նաեւ ճշտված կլիներ երկուսի` միմյանց լրացնող հարաբերակցությունը:

Այս նոր հայեցակարգը ստեղծելու ու դրանով շարժվելու անկարողությունը նպաստեցին սփյուռքահայության մոտ նպատակների եւ գործունեության ոլորտների շուրջ նոր անորոշությունների առաջացմանը: Այս ձախողության համար պատասխանատվություն են կրում սփյուռքյան վերնախավը եւ Հայաստանի իշխանությունները: Բացի դրանից, այս վերջինները, փոխանակ միմյանց մոտեցնելու Հայաստանն ու սփյուռքը, իրենց պահվածքով գոյություն ունեցող հայրենիքից վանեցին արտերկրի հայությունը` նման քայլի բոլոր հետեւանքներով հանդերձ:

Այս ամբողջի արդյունքում վերջին քսան տարիների ընթացքում սփյուռքում եւ սփյուռքահայերի (ավելի ճիշտ` իրենց հայկական ինքնության հարցի հանդեպ ոչ անտարբեր սփյուռքահայերի) մոտ հետզհետե ստեղծվեց հոգեբանական-գիտակցական մի վտանգավոր իրավիճակ հայկականությունն ապրելու ու այն իմաստավորելու առումով, շփոթության, անորոշության ու անառողջ ներքին հակասական ապրումների մի ընդհանուր վիճակ: Բացի ինքնըստինքյան բացասական լինելուց, այս իրավիճակը նպաստում է մեծ թվով սփյուռքահայերի մոտ հայությունից հեռանալու գործընթացներին: Ինչպես հայտնի է, «հին» սփյուռքին եկել է ավելանալու «նոր» սփյուռքը:

Վերջին երկու տասնամյակներում 1.5 մլն հայերի արտագաղթը (գումարած Ադրբեջանից եւ Վրաստանից հարյուր հազարավորների գաղթը) հիմնականում դեպի Ռուսաստան, բայց նաեւ դեպի ԱՄՆ, Եվրոպա եւ այլ երկրներ, ստեղծել է այս «նոր սփյուռքը»:

Բոլոր դիտարկումները եւ փաստերը վկայում են, որ սփյուռքյան այս նոր համայնքները, փոքր բացառություններով, համարյա ճիգ չեն թափում իրենց հայկական ինքնությունը պահպանելու: Նրանց մեծամասնությունը ոչ մի ճիգ չի թափում նոր սերնդին նույնիսկ հայոց լեզուն սովորեցնելու: Նրանք առժամաբար պահպանում են կապը Հայաստանի հետ` միջնորդված տեղում մնացած իրենց հարազատներով, բայց վերջինների արտագաղթելով կամ ծնողների մահանալով այդ կապը եւս խզվում է:

Հայկականությունից արագորեն հեռանալու այս երեւույթի պատճառների վերհանումը կարեւոր է, բայց այն ոչինչ չի փոխելու դառն իրականությունից. Հայաստանից արտագաղթողներից գոյացած «նոր» սփյուռքը դատապարտված է արագ ուծացման:

Եզրակացություն

Սփյուռքահայությունը, հին թե նոր, դատապարտված է արագ ուծացման: Չնայած այս գործընթացի անխուսափելիությանը, վերջին տարիներին դրա արագացման համար մասնակիորեն պատասխանատու են նաեւ սփյուռքահայ վերնախավն ու Հայաստանի իշխանությունները:

Սփյուռքահայությունը պետք է կարողանա նոր իմաստ եւ բովանդակություն տալ իր պատմական արդար իրավունքների պայքարին ու միաժամանակ իրեն նույնքան պատասխանատու համարի նաեւ այսօրվա Հայաստանի ներկայի ու ապագայի համար: Դա սփյուռքահայի եւ իրավունքն է, եւ պարտականությունը:

Հայաստանում նկատվող բազում թերությունների կամ հոռի երեւույթների պատճառով, կամ դրանք պատրվակելով հայկական միակ կենդանի հայրենիքից գլուխ թեքելն աններելի վերաբերմունք է: Հայաստանն, իր հերթին, պետք է ընդունի սփյուռքահայությանը որպես այս հայրենիքի ոչ թե խորթ, այլ հավասար զավակ` միաժամանակ հարգելով նրա առանձնահատկություններն ու զգայնությունները: Այս առաջադրանքների իրագործումը շատ կարեւոր է եւ անհրաժեշտ: Բայց երբեք` բավարար:

Ուծացումը, արագ կամ մի փոքր ավելի դանդաղ, սփյուռքի անխուսափելի ճակատագիրն է, իսկ սփյուռքի այդ ճակատագրով ավարտը աննկարագրելի կորուստ կլինի ամբողջ ազգի` թե սփյուռքահայության, թե Հայաստանի համար, առավել եւս, որ հայրենաբնակ հայությունը ժողովրդի փոքրամասնությունն է կազմում: Սփյուքի միակ փրկությունը հայրենադարձությունն է:

Դա նաեւ Հայաստանի փրկությունն է, որովհետեւ ներկայացնում է ժողովրդագրական մահացու համաղետից խուսափելու անհրաժեշտ երեք պայմաններից մեկը, արտագաղթի դադարեցման եւ բնակչության բնական աճի հետ միասին: Արդյո՞ք Հայաստանի եւ հայ ազգի գոյության շարունակականության երաշխիք հանդիսացող սփյուռքահայության հայրենադարձությունը կարող է ներկա պայմաններում իրականություն դառնալ:

Ցավոք, ոչ: Ինչպես անցնող երկու տասնամյակներում չի դարձել, այսօր եւս չի կարող դառնալ եւ չի դառնա այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը նախ հայրենաբնակ հայության, ապա սփյուռքահայության համար դեռեւս այն երկիրը չէ, որտեղ հայ մարդը կկարողանար արժանապատիվ ձեւով բավարարել որպես մարդ եւ որպես հայ իր նյութական եւ հոգեւոր կարիքները:

Այն երկիրը, որի ժողովուրդը տիրող համակարգի ստեղծած անտանելի պայմանների պատճառով դիմել է եւ շարունակում է դիմել արտագաղթի, չի կարող հայրենադարձության երկիր լինել:

Share Button